Մատչելիության հղումներ

logo-print

Իվանիշվիլին չի ցանկանում ձերբակալել Սաակաշվիլիին


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ, 22-ը նոյեմբերի, 2012թ.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ, 22-ը նոյեմբերի, 2012թ.

Բայց եթե իրավապահները գործ բացեն, Վրաստանի վարչապետը չի միջամտի, որ այն փակվի։

«Վրաստանի նոր կառավարությունը կատարել է իր գլխավոր խոստումը՝ երկրում օրենքի գերակայության հաստատումը», - հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին ասուլիսում, որ կայացել է հինգշաբթի օրը Թբիլիսիում։

«Անձամբ ես չեմ ցանկանում Սաակաշվիլիի ձերբակալությունը եւ կարծում եմ` հանրությունը նույնպես նման ցանկություն չունի, բայց եթե դատախազությունը կոնկրետ գործեր ներկայացնի երկրի բարձրագույն ղեկավարների դեմ, ես չեմ միջամտի ու այդպիսի գործերը չեմ փակի: Նման դեպքում ինձ համար ավելի հեշտ կլինի հրաժարական տալ, քան դատախազությունից պահանջել հրաժարվել նման գործերից: Ես այդ հարցերին չեմ միջամտում», - հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Արտաքին քաղաքականության ուղղությամբ նա ասել է, թե Ռուսաստանի հետ առեւտրային համագործակցությունը վերականգնելու դրական նշաններ կան: Գործընթացը տեղից շարժվում է, եւ շուտով ռուսական շուկայում վրացական ապրանքներ կհայտնվեն, ինչը կխթանի Վրաստանի գյուղատնտեսության զարգացումը:

Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, Աբխազիան եւ Հարավային Օսիան պետք է Վրաստանի մաս կազմեն: Այնուհանդերձ, նա նշել է, որ այս փուլում այդ հարցերը չեն քննարկվում:

«Մենք պետք է կարգավորենք հարաբերությունները Սուխումիի ու Ցխինվալիի հետ` ցույց տալով, որ Վրաստանում իշխանության են եկել նոր մարդիկ, որոնք շահագրգռված են լավ հարաբերությունների հաստատմամբ: Խոսքն առայժմ միայն հարաբերությունները կարգավորելու մասին է», - ասել է նա:

Իվանիշվիլին հայտնել է, որ ԱՄՆ նախատեսված իր այցելությունը հետաձգվել է եւ կկայանա եկող տարի, իսկ նոյեմբերի վերջին Միացյալ Նահանգներ կմեկնի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, ով հանդիպելու է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Վրաստանի ներքին խնդիրների՝ նախկին պաշտոնյաների ձերբակալությունների, քրեական գործեր հարուցելու կապակցությամբ Իվանիշվիլին նշել է, որ ամբողջ թափով ընթանում է իրավապահ մարմիների ու ներքին գործերի նախարարության մաքրումը նախկինում օրենքի խախտումներ թույլ տված մարդկանցից: «Այս գործընթացը շարունակվում է, եւ ժամանակին դուք կտեսնեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», - ասել է նա լրագրողներին:

Մամուլի մասին Վրաստանի վարչապետը ուրախություն է հայտնել, որ մի շարք լրատվամիջոցների, հեռուստաընկերությունների իրական սեփականատերերը պայքար են սկսել, հայցեր են ներկայացրել իրենց լրատվամիջոցները վերադարձնելու համար: Այս գործընթացը Իվանիշվիլին համարել է «մամուլի դաշտի մաքրում»:

Միաժամանակ, նա դժգոհություն է հայտնել հանրային հեռարձակումից, ասելով, որ այն դեռ հանրության խոսափողը չէ եւ առաջիկայում պետք է փոխվի: Հանրային հեռարձակող ընկերությունը պետք է ծառայի ժողովրդին, այլ ոչ նախկին կամ գործող կառավարությանը, այն պետք է արտահայտի ամբողջ հանրության շահերը, հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Տնտեսության բնագավառի մասին նա ասել է, որ մտադիր է երկու հիմնադրամ ստեղծել՝ ներդրումային եւ գյուղատնտեսության զարգացման:

Ներդրումային հիմնադրամում ընդգրկվելու են Վրաստանի մեծահարուստները` ըստ ցանկության: Հիմնադրամը ծառայելու է երկրի զարգացմանը:

Իսկ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը ունենալու է մեկ միլիարդ լարի կապիտալ: Իվանիշվիլին խոստացել է այս հիմնադրամի օգնությամբ երկրի յուրաքանչյուր շրջանում նոր ձեռնարկություն բացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG