Մատչելիության հղումներ

Սաֆարյանը ստուգելու է ընտրացուցակների կասկածելի հասցեները


Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության ընդդիմադիր թեկնածու Ստյոպա Սաֆարյան

Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության ընդդիմադիր թեկնածու Ստյոպա Սաֆարյան

Ոստիկանությունը թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության ընդդիմադիր թեկնածու Ստյոպա Սաֆարյանին չի տրամադրում ողջ հանրապետության ընտրողների ցուցակները։

Ցուցակները ստանալու դիմումին ի պատասխան Սաֆարյանին հնարավորություն է ընձեռվել վերցնել միայն թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակը, իսկ հանրապետության բոլոր ընտրողների ցուցակները չեն տրամադրվել այն հիմնավորմամբ, որ Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով այդ ռեգիստրը տրամադրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար»: Որոնման այդ հնարավորությամբ էլ հնարավոր է ստուգել միայն կոնկրետ անձի տվյալները, այլ ոչ թե ունենալ ընտրողների ընդհանուր պատկերը: Ստյոպա Սաֆարյանը հանրապետության բոլոր ընտրողների ցուցակը պահանջել էր ստուգելու համար, թե քանի մարդ է այլ համայնքներից կեղծիքներով, ապօրինի գրանցված թիվ 1 ընտրատարածքի բնակարանների հասցեների վրա, քանի որ մայիսի 6 ի ընտրություններում իր շտաբն այստեղ արձանագրել էր նման աղաղակող փաստեր:

«Հեռուն չգնամ։ Իմ նախընտրական շտաբի երկու անդամների բնակարանների վրա մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ գրանցված են եղել անծանոթ մարդիկ։ Մեկի բնակարանի վրա գրանցված է եղել 6 մարդ, մյուսի բնակարանի վրա՝ 4 մարդ։ Այդ մարդիկ եկել եւ քվեարկել էին համապատասխան ընտրատարածքում», - ասում է Սաֆարյանը, - «Ես Ոստիկանությանը գրել էի, որ ցուցակները պահանջելու իմ նպատակը այն է, որ ես ուզում եմ պարզել, թե ինչքանով են կրկնություններ հանդիպում ամբողջ հանրապետության ընտրացուցակների եւ թիվ 1 ընտրատարածքի ընտրացուցակների միջեւ»։

Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց թեկնածուն, մինչ Ոստիկանությունից պատասխան ստանալը իր շտաբի հետ համագործակցող ծրագրավորողները համակարգչային հատուկ ծրագրի օգնությամբ ուսումնասիրել են թիվ 1 ընտրատարածքի ցուցակները մայիսի 6-ի դրությամբ եւ պարզել, որ ընտրատարածքի հասցեներից առնվազն 4 հազար 675-ում ընտրողների թիվն անցել է 5-ից եւ հասել 24-ի: 20 եւ ավելի ընտրողների անուններ են հանդիպել 44 հասցեներում: 1 հասցեում էլ գրանցված են եղել 40 ընտրողների անուններ:

«Գոյություն ունեն հասցեներ, որոնցում գրանցված է 40 մարդ։ Հիմնական աղաղակող ցուցանիշները մենք տեսնում ենք 1/ 1 ընտրատեղամասում, 1/06, 1/034, 1/035: Սրանք հասցեներ են, որոնք ընդգրկում են նաեւ սեփական տներ, այդ թվում Բագրեւանդի փողոցի վրա, որտեղ չափազանց ճոխ առանձնատներ են, եւ ես կասկածում եմ, որ դրանք առանձնատուն լինելուց զատ հանրակացարաններ են», - նշեց Սաֆարյանը։

Նա մեզ տեղեկացրեց, որ ստացել է ընտրատարածքի ընտրողների նոր տվյալները եւս: Դրանք մանրամասն ուսումնասիրելու են, մեկ առ մեկ այցելելու են կասկածելի հասցեներ: Այս պահի դրությամբ թեկնածուի համար հստակ է, որ մայիսի 6-ին հաջորդած 6 ամիսների ընթացքում թիվ 1 ընտրատարածքում ընտրողների թիվը մոտ հազարով ավելացել է ` 63 հազար 814-ից հասնելով 64 հազար 727-ի: Ընդհանուր առմամբ, ըստ Սաֆարյանի, տարածքի ցուցակները ուռճացված են 7-8 հազարով․ - «Եթե հանրապետության բնակչությունը պակասում է, կամ առնվազն չի փոփոխվում, չի կարող ընտրողների թիվն ավելանալ: Բայց պարադոքսը նրանում է, որ թիվ 1 ընտրատարածքում 2007 թվականի ընտրությունների համեմատությամբ ընտրողների թիվն ավելացել է մինչեւ 8 հազարով: Սա անպատկերացնելի ցուցանիշ է, եւ ինքնին ցույց է տալիս, թե իշխող կուսակցությունը կամ նրա թեկնածուն ինչ ռեսուրս կարող են ունենալ. կարող են ոչինչ չանել, ոչ մի քարոզարշավ չանել, ոչ մի բուկլետ չբաժանել, ոչ մի մարդու չհանդիպել եւ իմանալ, որ մի քանի հազար ձայն առնվազն կա»:

Սաֆարյանը նաեւ տեղեկացրեց, որ այս ընտրատարածքում հանրապետական մրցակից Ռոբերտ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու դիմում է ներկայացնելու ընտրատարածքային եի Կենտրոնական ընտրական հանձնաժողովներին, համոզմունք հայտնելով, որ մրցակցի նախընտրական շտաբների թիվը մի քանի անգամ գերազանցում է 35-ը, ինչը օրենքի կոպիտ խախտում է։ Բացի այդ, որոշ դեպքերում այդ ենթաշտաբները տեղակայված են ընտրատեղամասային հանձնաժողովների շենքերում, ինչը եւս օրենքն արգելում է: Սաֆարյանի շտաբը լուսանկարում է դրանք՝ համապատասխան փաստեր ներկայացնելու համար:

Հանրապետական թեկնածու Ռոբերտ Սարգսյանն ու իր շտաբը հերքում են այդ հայտարարությունները՝ դա որակելով Ստյոպա Սաֆարյանի «մտավարժանքները»։

«Նման բան չկա, անհիմն մեղադրանքներ են. կա 35 շտաբ, մնացածը գրասենյակներ են: Դրանք ենթաշտաբ չեն, դրանք մեր կուսակցության գրասենյակներն են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ռոբերտ Սարգսյանը:

ՀՀԿ-ական թեկնածուի եւ նրա քարոզարշավի վերաբերյալ տեղեկություններ գրեթե չկան, նա աչքի չի ընկնում լրատվամիջոցների հետ շփումներով, թե ինչու՝ Սարգսյանն այսպես մեկնաբանեց. - «Ես նախընտրում եմ աշխատել, քան խոսել: Թաքնված չեմ, ինչի՞ց պետք է թաքնված լինեմ, ի՞նչ եմ արել, որ թաքնված լինեմ։ Շուրջ հինգ հազար հոգու հետ արդեն եմ հանդիպել. Խոսելու ժամանակը գերադասում եմ ծախսել հանդիպումներում»:

Ինչ վերաբերում է ցուցակներին, իշխող կուսակցության թեկնածուի թիմը չի կիսում ընդդիմադիր մրցակցի մտահոգությունները։

«Ընտրացուցակների հետ կապված կեղծիքների, խախտումների մասին Սաֆարյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Մենք նման տեղեկությունների չենք տիրապետում, եւ դա մեզ ընդհանրապես չի մտահոգում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ռոբերտ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Գագիկ Մելիքյանը:

Ռոբերտ Սարգսյանից եւ Ստյոպա Սաֆարյանից բացի թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առաջադրվել էին եւս երկու թեկնածուներ` ընդդիմադիր ՀԱԿ-ին մաս կազմող Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանն ու Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ, ինքնաառաջադրված Էդվարդ Պետրոսյանը: Արմենակ Դովլաթյանը քիչ առաջ ինքնաբացարկ է հայտնել:
XS
SM
MD
LG