Մատչելիության հղումներ

Կառավարությունը նախաձեռնում է հարկային փոփոխություններ


Կառավարությունը հարկային վարչարարության թեթեւացում է նախաձեռնել փոքր ու միջին բիզնեսի համար:

Այսօր գործադիրի նիստում Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց հարկային փոփոխությունների մի ամբողջ փաթեթ, որից վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկապես առաձնացրեց փոքր ու միջին բիզնեսին վերաբերող մասը: Ըստ այդ փոփոխության, տարվա ընթացքում հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների քանակը կրճատվելու է չորս անգամ:

Մինչեւ 58 միլիոն 350 հազար դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի ներկայացուցիչները այսուհետ կարող են հարկվել ըստ ունեցած շրջանառության եւ ոչ թե ըստ շահութահարկի, ինչից հետեւում է, որ եթե այժմ փոքր ու միջին ձեռնարկությունները տարեկան հարկային մարմիններ են ներկայացնում 16 հաշվետվություն, ապա փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո կներկայացնեն ընդամենը 4-ը:

Փոփոխությունների ուժի մեջ մտնելոց հետո փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները կունենան ընտրության հնարավարություն: Այսինքն, հին տարբերակը պահպանվելու է, եւ ձեռնարկություններն են որոշելու` հարկվել ըստ շահութահարկի՞, թե՞ նոր տարբերակով` ըստ ունեցած շրջանառության:

Նշենք նաեւ, որ այս փոփոխություններն իրենց հետ հարկային բեռի թեթեւացում չեն բերում: Թեեւ հարկային տոկոսադրույքները նվազում են, սակայն քանի որ հարկվելու է ոչ թե շահությը, այլ ողջ շրջանառությունը, իրականում ձեռնարկությունները կշարունակեն վճարել նույն չափի հարկ:

Սպասվում է, որ կառավարությունը այս փոփոխությունները Ազգային ժողով կներկայացնի դեկտեմբերի սկզբին կայանալիք քառօրյային, եւ խորհրդարանի կողմից հաստատվելուց եւ նախագահի կողմից փաստաթղթերը ստորագրվելուց հետո, դրանք կմտնեն ուժի մեջ:

«Այս փաթեթում կան բազմաթիվ դրույթներ, որոնց բիզնեսը սպասում է: Իսկ որոշ դրույթների բավական երկար էր սպասում բիզնեսը: Ընդհանուր առմամբ բիզնես միջավայրի բարելավման մասին է խոսքը: Շեշտադրումը կատարվում է` փոքր եւ միջին բիզնեսի համար ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ», - նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողներին փոխանցեց Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, իրենց հաշվարկով, առաջարկվող փոփոխություններից կարող են օգտվել փոքր ու միջին բիզնեսի շուրջ 30 հազար ներկայացուցիչներ, եւ կառավարության համար կարեւոր է, որ ձեռարկությունները հնարավորինս շատ ժամանակ խնայեն պետական մարմինների հետ շփման ընթացքում:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ողջունում է փոքր ու միջին բիզնեսի հոգսը թեթեւացնելուն ուղղված ցանկացած նախաձեռնություն, հավելեց, սակայն, թե «իրականացվող բարեփոխումները պետք է հասնեն արմատներին»:

«Փոքր բիզնեսը եւ հատկապես միկրոբիզնեսը շարունակում են բավականին տանջվել, չարչարվել եւ հաճախ գտնվել ֆորսմաժորային վիճակներում` չնայած այս ռեֆորմներին, այն առումով, որ կոռուպցիան, ստվերայնությունը եւ հատկապես անհավասար մրցակցությունը անընդհատ դրանց կոտորում են», - նշեց նա:

Մակարյանը բերեց հետեւյալ հիմնավորումը. 2008-ին Հայաստանում գրանցված շուրջ 124 հազար ձեռնարկությունների մոտ կեսը չէին գործում, ընդ որում գրանցված, բայց չգործխող ձեռնարկությունների մեծ մասը հենց փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկություններն էին:

«Հիմա 2012 թվականն է, անցել է 5 տարի, եւ գրանցված ձեռնարկությունների թիվը հասել է մոտ 172 հազարի, բայց իրականում գործում են շուրջ 70 հազարը, ինչը, ի դեպ, չեն թաքցնում նաեւ հարկային մարմինները: Եվ այդ չգործողների մեջ դարձյալ մեծ մասը կազմում են փոքր ու միջին ձեռնարկությունները: Ուստի, տարիներն անցնում են, սակայն գրանցվող ու չգործող ընկերությունների տոկոսը չի նվազում», - ասաց Մակարյանը` շարունակելով. - «Դա նշանակում է, որ փոքր բիզնեսը, չնայած բոլոր ռեֆորմներին, այնուամենայնիվ, այնքան արյուն չի ստանում, որ գոյատեւի: Ինքը շարունակում է ծնվել ու շուտ մեռնել, չի կարողանում երկար ապրել: Եվ եթե այդ մեռնողների մեծ մասը միկրոն ու փոքրն են, նշանակում է, որ մեր մեխանիզմներն այնքան պետք է լավանան, արյան սնուցող այդ ցանցը այնքան պետք է այդ մազանոթների ձեւով ուժեղացվի, որ հասնի դրանց: Ռեֆորմների միջոցով հաշվետվողականությունը, իհարկե, հեշտացվում է, պարզեցվում է: Դա նրանց որոշակի հնարավորություն է տալիս մնալու: Բայց [պետք է թեթեւացվի] հարկային բեռը` մեկ, վարկային մեխանիզմները` երկու, լիզինգավորման մեխանիզմները` երեք: Հավասար մրցակցությունը շատ կարեւոր է: Երբ այս փոքր բիզնեսները դաշտից դուրս են մղվում, սրանց տեղը գրավում են միջինն ու խոշորը, կապիտալը տեղափոխվում է փոքրի ձեռքից դեպի միջինի ու խոշորի կողմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG