Մատչելիության հղումներ

Ալասանիան կժամանի Աֆղանստան


Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հինգշաբթի օրը կժամանի Աֆղանստան:

Սա Ալասանիայի առաջին այցն է Աֆղանստան` հոկտեմբերի 25-ին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո:

Ինչպես տեղեկացնում է երկրի ռազմական գերատեսչությունը, Իրակլի Ալասանիայի այցի գլխավոր նպատակը հանդիպումն է Աֆղանստանում տեղակայված վրացական զորախմբի զինծառայողների հետ:

Այս պահին վրացական ստորաբաժանումը Աֆղանստանում տեղակայված` ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների զորախմբերից ամենամեծաթիվն է: Աֆղանստանում ծառայում է 1570 վրաց զինվորական, որոնց զգալի մասը տեղակայված է երկրի ամենավտանգավոր հատվածներից մեկում` մասամբ «Թալիբան»-ի հսկողության տակ գտնվող հարավային Հելմենդ գավառում. այստեղ են տեղակայված վրացական միանգամից երկու հետեւակային գումարտակներ:

Ալասանիայի այցի շեմին հայտնի դարձավ, որ հենց Հելմենդում լուրջ բախումներ են տեղի ունեցել վրացի զինվորականների եւ թալիբների միջեւ:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «9-րդ ալիք» հեռուստաընկերության տեղեկություններով` Հելմենդում տեղակայված վրացական զորախումբը այս շաբաթասկզբին հարձակման է ենթարկվել թալիբների կողմից, սակայն կարողացել է հետ մղել այն` ոչնչացնելով թալիբներ մի միասին, հարձակվողներից մի քանիսին էլ գերի վերցնելով: Հեռուստաընկերության տեղեկություններով` վրացական կողմը մի քանի ժամ տեւած մարտի արդյունքում կորուստներ չի կրել:

Ընդհանուր առմամբ, սակայն, 2009 թվականից ի վեր Աֆղանստանում տեղակայված վրացական զորախմբի 18 զինծառայողներ են զոհվել, որոնցից 7-ը` միայն այս տարի:

Չնայած այս իրավիճակին` Վրաստանի նոր իշխանությունները դեռ չեն մտածում Աֆղանստանում իրականացվող առաքելությանը վերջ տալու եւ զորքերը դուրս բերելու մասին: Դա պարզ դարձավ նախօրեին` Բրյուսելում կայացած ՆԱՏՕ - Վրաստան խորհրդի հերթական նիստի ընթացքում: Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն Բրյուսելում հայտարարեց, թե իր երկիրը պատրաստ է Աֆղանստանում ընթացող գործողություններին մասնակցել անգամ 2014 թվականից հետո, երբ այստեղ տեղակայված բոլոր ուժերի հրամանատարությունը կանցնի պաշտոնական Քաբուլին:

«Վրաստանը պատրաստ է մանակցել Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությանը նաեւ 2014 թվականից հետո`ցանկացած ձեւաչափով, որի շուրջ համաձայնության կգան Հյուսիսատլանտյան դաշինքը եւ նրա դաշնակիցները», - ասաց Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG