Մատչելիության հղումներ

Առաջիկայում կորոշվի, թե ով կներկայացնի ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, արխիվ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, արխիվ

«Կուսակցության մարզային այցերը ամփոփելուց հետո խնդիրը տեղափոխվել է քաղաքական խորհուրդ, եւ քաղաքական խորհրդում գնում են քննարկումներ», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, - «Կուսակցության մարզային այցերից, Երեւանի տարածքային կառույցներում այցերից հետո գերակշռող տեսակետը, եւ անգամ պահանջը այն է, որ նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցի սեփական թեկնածուով եւ այդ թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը։ Բայց կուսակցությունը նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ դեռեւս որոշում չունի»։

«Մենք պիտի հասկանանք նաեւ, որ այստեղ կարեւոր է Գագիկ Ծառուկյանի անհատական որոշումը եւ անհատական պատասխանատվության խնդիրը», - նաեւ ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հրաժարվելով մեկնաբանել, թե Գագիկ Ծառուկյանը արդեն որոշում կայացրե՞լ է, թե ոչ։

Անդրադառնալով հայաստանյան այլ քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաներին եւ առաջիկա ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորության մասին հարցին, Զոհրաբյանը նշեց, որ իրենք անձերի խնդիր չեն քննարկում, բայց նախագահական ընտրությունների վերաբերյալ սկզբունքների խնդիր՝ «իհարկե քննարկվում է»։

Սպասվում է, որ նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան գալիք տարվա փետրվարին: Մինչ այս պահը հայտնի է միայն գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման մասին:

Առաջիկա նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասնակցությանն է անդրադարձել նաեւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Facebook-ի իր էջում Օսկանյանը գրել է, որ նախորդ երկու շաբաթներին կուսակցության տարածքային կառույցներում տեղի ունեցած քննարկումների ընթացքում թեեւ Ծառուկյանի առաջարկով որպես առաջնային տարբերակ քննարկվել է իր՝ Օսկանյանի թեկնածությունը, սակայն կուսակցության անդամները արտահայտվել են հօգուտ Ծառուկյանի առաջադրման։

Նշելով, որ ինքը եւս համաձայն է Ծառուկյանի առաջադրմանը՝ նախկին արտգործնախարարը հավելել է․ - «Ժողովրդի եւ քաղաքական ուժերի մոտ պահանջ կա նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով երկիրը դուրս բերել ծանր վիճակից»:

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, արձագանքելով առաջիկա նախագահական ընտրություններին ԲՀԿ կողմից սեփական թեկնածուի առաջադրման հնարավորությանը, ասաց. - «Թե ինչ քաղաքական հետեւանքներ են ուզում ստեղծել, կամ աժիոտաժ մտցնել՝ դա նույնպես քաղաքական տվյալ թիմի մարտավարությունն է։ Իրենք իրենց պատկերացմամբ գնում են նախագահական ընտրությունների։ Մենք մեր պատկերացումները, մեր ծրագրերն ունենք, հստակեցրել ենք»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ընդդիմադիր քաղաքական ուժերին կհաջողվի համախմբվել գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Սահակյանը կասկած հայտնեց․ - «Րաֆֆի Հովհաննիսյանը այլեւս հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Մենք տեսնում ենք, որ ՀԱԿ-ում եւ Դաշնակցությունում դեռեւս թեկնածուների պակաս չկա եւ չեն կողմնորոշվել, թե ով է։ Առավել եւս, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որպես, այսպես ասած, կենտրոնում, կամ կիսաընդդիմադիր քաղաքական ուժ, նույնպես հայտարարել է իր թեկնածուին։ Այսինքն, եթե այդ դաշտը նայում ենք համախմբվելու առումով, տեսնում ենք, որ համախմբվելու որեւէ հնարավորություն չկա»։
XS
SM
MD
LG