Մատչելիության հղումներ

2009, 2010 եւ 2011 թվականներին ՀՀ 18 նախարարությունների, Ազգային ժողովի, Երեւանի քաղաքապետարանի եւ կառավարության համար 108 կայքեր են ստեղծվել, վերամշակվել եւ սպասարկվել` մոտ 101 մլն դրամ եւ 10.300 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

«Ստացվում է, որ ամեն տարի որոշ կառույցներ նորանոր կայքեր են ստեղծել, որոնց համար գումարներ են դուրս գրվել նաեւ պետբյուջեից: Ինչո՞ւ, հնարավո՞ր չէ ստեղծել այնպիսի կայք, որը ժամանակի փորձությանը կդիմանա կամ անհրաժեշտ կլինի պարզապես թարմացնել այն, ոչ թե նոր կայք ստեղծել, քանի որ թարմացնելու համար լրիվ այլ գումարներ են պահանջվում, կայք ստեղծելու համար՝ այլ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը:

Կայքերի կատարելագործման եւ սպասարկման համար ամենաշատ գումարը ծախսել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որի տարբեր կառույցների համար երեք տարվա ընթացքում ստեղծվել եւ կատարելագործվել է 7 կայք՝ ընդհանուր 18 մլն 214 հազար դրամ եւ 10.300 ԱՄՆ դոլար արժողությամբ:

Փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ ուսումնասիրեցինք ամենաթանկն արժեցած կայքերը: Հարցին, թե արդյոք նպատակահարմար է կայքի կատարելագործման համար տարեկան միջինը մոտ 6 մլն դրամ ծախսել, փորձագետը պատասխանեց. - «Այո, եթե դրանք կապված են էլեկտրոնային կառավարման հետ, քանի որ այնտեղ պետք է անվտանգություն ապահովվի, եթե վճարման համակարգ, ինտերակտիվ բյուջեն է տեղադրված, բայց եթե ստատիկ կայք է, որտեղ զուտ տեղեկատվություն է տեղադրվում, շատ դժվարությամբ եմ պատկերացնում՝ ինչպես կարող է այն 18 մլն դրամ արժենալ»:

Համեմատելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2010 եւ 2012 թվականի կայքերը, հասկանալի դարձավ, որ արտաքին տեսքով եւ բովանդակությամբ դրանք քիչ են տարբերվում իրարից:

«Պարզապես երեք էջ են ավելացրել, դրանցից մեկում ինչ-որ տեսանյութեր են տեղադրել, որոնք դիտելու համար դրանք ներբեռնել է պետք: 2012 թվականին, ինձ թվում է, բավականին տարօրինակ է տեսնել կայք, որտեղից պետք է տեսանյութը ներբեռնել դիտելու համար: Մնացածը՝ մրցույթներ, հայտարարություններ, ընդհանրապես դատարկ բաժիններ են», - ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Բնապահպանության նախարարության կայքի վրա ծախսվել է մոտ 19 մլն դրամ:
«Ստատիկ կայք է, որը, իմ կարծիքով, կարող է արժենալ մոտ 1.5-2 մլն դրամ», - նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ այն ձեւակերպումները, որոնցով պատասխանել են նախարարությունները, շատ ընդհանրական են, քանի որ «վերամշակում», «կատարելագործում», «ստեղծում» բառերի տակ տարբեր գործընթացներ կարելի է հասկանալ:

Կայքերի վրա ծախսված գումարի առյուծի բաժինը պետական բյուջեից է՝ 53.681.800 դրամ:
Ինչ վերաբերում է ինֆորմացիան տրամադրելու գործընթացին` Շուշան Դոյդոյանն այն ընդհանուր առմամբ դրական գնահատեց: Նրա խոսքով, քանի որ հարցն այդքան էլ զգայուն չէր, 20 հարցումից 19-ին պատասխան տրվել է, անպատասխան մնացել է միայն մեկը՝ Պաշտպանության նախարարություն ուղարկված հարցումը, որին կրկնակի հարցումից հետո պատասխան է տրվել:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG