Մատչելիության հղումներ

Սիրիայի պատերազմից Հայաստան փախած սիրիահայերը հայրենիքում մի շարք խնդիրներ ունեն, որոնցից ամենակարեւորը աշխատանք գտնելն է:

Սփուռքի նախարարության նախաձեռնությամբ այսօր հանդիպեցին աշխատանքի կարիք ունեցող սիրիահայերն ու հայաստանյան գործատուները: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկա գործարարներին հորդորեց, որ հանուն հայրենասիրության աշխատանքի ընդունեն գոնե մեկ սիրիահայի. - «Անպայման մեր հայրենակիցներին օգնեք, որ նրանք աշխատանք ունենան»:

Հաաստանում այժմ բնակվում է շուրջ 6 հազար սիրիահայ: Աշխատանքի համար մինչեւ հիմա Սփյուռքի նախարարություն է դիմել 600 սիրիահայ: Սփյուռքի նախարարության աջակցությամբ աշխատանքի է ընդունվել շուրջ 200 սիրիահայ, իսկ Հայաստանի զբաղվածության պետական ծառայության գործակալության աջակցությամբ` 30 սիրիահայ:

Հանդիպմանը մասնակցող մի քանի գործարարներ նշեցին, որ թափուր աշխատատեղեր ունեն եւ պատրաստ են աշխատանքի ընդունել սիրիահայերին:

Աբովյանում գործող «Պոլիսեր» ընկերության տնօրեն Յուրի Սահակյանը, օրինակ, հայտարարեց, որ 11 թափուր աշխատատեղ ունի:

Նա նաեւ մեկ ընտանիքի կացարանով ապահովելու առաջարկ արեց. - «Ինձ համար եմ պատրաստել: Ես պատրաստ եմ այդ տրամադրել»:

«Մեդիա գրուպ» գովազդային գործակալության տնօրեն Կարեն Համբարձումյանն էլ նշեց, որ թեեւ հիմա իրենք հայաստանցիների համար աշխատատեղ չունեն, բայց սիրիայերին պատրաստ են աշխատանքի ընդունել. - «Ովքեր ունեն մասնագիտական փորձ գովազդի ոլորտում, համեցեք»:

Գործատուների առաջարկած աշխատատեղերի ոլորտները տարբեր են` ծառայությունների մատուցում, արտադրություն, շինարարություն եւ այլն:

Զբաղվածության պետական գործակալության տնօրեն Սոնա Հարությունյանը նշեց, որ այն գործատուները, ովքեր աշխատանքի կընդունեն անմրցունակ մարդկանց` այս դեպքում սիրիահայերին, մասնակի փոխհատուցում կստանան:

«Մենք ունենք աշխատավարձի փոխհատուցում գործատուին, եթե նա աշխատաշուկայում անմրցունակ խմբի է ընդունում աշխատանքի: Այս դեպքում այս խումբը համարվում է անմրցունակ խումբ` որոշակի առումով, եւ պետական ծրագրերի շրջանակներում փոխհատուցվում է գործատուի կողմից նշանակված աշխատավարձի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձը», - պարզաբանեց նա:

Գործակալության տնօրենի ներկայացմամբ, սիրիահայերին ներառել են իրենց բոլոր ծրագրերում` բացառությամբ գործազրկության նպաստների հատկացման ծրագրի: «Բայց առաջիկայում այս ծրագիրը եւս հասանելի կլինեն նրանց», - նշեց Հարությունյանը:

Հանդիպմանը մասնակից սիրիահայերն ասում են, որ իրենց համար ամենակարեւորը աշխատանքի հարցն է:

Լիանա Քեշիշյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց Հալեպում մարզիչ է աշխատել. - «Աշխատանք, աշխատանք եւ աշխատանք` ապրելու համար: Ուսանող աղջիկ ունենք, դպրոցական երեխա»:

Իսկ Թորոս Թորոսյանը բողոքում էր, թե գործատուները հիմնականում երիտասարդ մասնագետների են ընդունում, ինչի պատճառով շատ որակյալ մասնագետներ անգործ են մնացել: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ի պատասխան առաջարկեց գործատուներից մեկին Թորոսին աշխատանքի ընդունել: Վաղը Թորոսը կայցելի առաջարկվող ընկերություն:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով նշեց, որ Հայաստանի տնտեսությունը հիմա դինամիկ զարգացում ունի, ու իրենք կուզեն, որ սիրիահայերը եւս մասնակցեն այս գործընթացին: Նա նշեց, որ իրենք հնարավոր ռեսուրսները կտրամադրեն սիրիայերին, որպեսզի նրանք կարողանան հաստատվել Հայաստանում:

«Ամենակարեւորը, որ մենք հույս ունենք, որ ձեր գործողությունները ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ կլինեն: Դուք ոչ թե պետք է լուծեք երկու ամսվա խնդիր` կեցության կամ ինչ-որ մի խնդիր, այլ դուք պետք է երկար պլանավորեք ձեր տնտեսական գործունեությունը Հայաստանում», - դիմելով սիրիահայերին` ասաց նախարարը:

Սփյուռքի նախարարությունն առաջիկայում պլանավորում է կազմակերպել սիրիահայերի եւ առանձին ոլորտների գործատուների հանդիպումներ:
XS
SM
MD
LG