Մատչելիության հղումներ

Ստամբուլում հայկական նոր դպրոց է կառուցվելու


Թուրքիայի հայ համայնքը ստացել է իշխանությունների թույլտվությունը նոր դպրոց կառուցելու համար:

Պատմական Դադյան դպրոցի նոր մասնաշենքը կառուցվելու է Ստամբուլի Բաքիրքյոյ թաղամասում հայ համայնքի եւ տեղական իշխանությունների միջոցներով: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում, իսկ ծախսը կազմում է 4,5 միլիարդ թուրքական լիրա:

Բաքիրքյոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսութ Օզեդմիրը Hurriyet Daily News թերթի հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուին ասել է, թե շատ ուրախ են, որ 10 տարվա փորձերից հետո ստացան դպրոց կառուցելու թույլտվությունը:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարման ընթացքում մեզ աջակցող շատ քայլեր են արվել: Հիմա մենք կարող ենք դպրոց կառուցել», - ասել է նա:

Պաշտոնական տվյալներով Ստամբուլի հայ համայնքը 50 հազար է, կան հայկական 12 դպրոցներ: Պատմական Դադյան դպրոցը կառուցել է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում՝ սուլթան Սելիմ 3-ի թույլտվությամբ:

Օզդեմիրն ասել է, որ նոր դպրոցի կարիք կար, չնայած այդ կապակցությամբ որոշ քննադատություններ են հնչել։

«Ներկայիս դպրոցի շենքը 166 տարի առաջ է կառուցվել ու շատ փոքր է: Մենք 400 աշակերտ ունենք եւ ցանկանում ենք ժամանակակից կրթություն ապահովել այսօրվա չափանիշներին համապատասխանող դպրոցական շենքում: Հին շենքը պատմական հուշարձան է համարվում, ուստի խստորեն արգելվում է վերանորոգման աշխատանքներ կատարել, մենք չենք կարող հին շենքում նոր դասասենյակներ կառուցել՝ հետեւաբար մեզ նոր շենք է անհրաժեշտ», - ասել է Օզդեմիրը:

Տարածքը, որի վրա կառուցվելու է դպրոցը, պատկանում է հայ համայնքին, բայց տարիներ շարունակ օգտագործվել է տեղական իշխանությունների կողմից: Նոր դպրոցի շենքի պլանավորող Նուբար Մանավյանն ասել է, որ ժամանակակից դպրոցը կառուցվելու է 1750 քառակուսի մետրի վրա, ունենալու է 16 դասասենյակ, մանկապարտեզ, մարզական սրահ, գրադարան, նիստերի դահլիճ: Նուբար Մանավյանն ասել է, որ նոր դպրոցը ամբողջովին համապատասխանելու է կրթական նոր համակարգի չափանիշներին:

Դպրոցական նոր շենքի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին, Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի օրհնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG