Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի ՆԳ, ԿԳ նախարարներին


Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը երկուշաբթի օրը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Իրակլի Գարիբաշվիլիի հետ:

Դեսպանը, շնորհավորելով զրուցակցին կառավարության ձեւավորման եւ ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան է փոխանցել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Հայաստան այցելելու հրավերը, որը ընդունվել է վրաց նախարարի կողմից:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Իրակլի Գարիբաշվիլին, բարձր գնահատելով հայ - վրացական երկկողմ հարաբերությունների մակարդակը, նշել է, որ Վրաստանի նորընտիր վարչապետի եւ կառավարության վարած քաղաքականությունն ուղղված է հայ - վրացական հարաբերությունների եւ միջպետական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

Նախարարը դեսպանին է ներկայացրել իր ղեկավարած կառույցում սպասվող բովանդակային եւ կառուցվածքային փոփոխությունները:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ պայմանավորվածություններ ձեռք բերել արագ արձագանքում պահանջող հարցերի շուրջ համագործակցության եղանակների եւ ձեւերի մասին:

Երեկ դեսպան Մանուկյանը հանդիպել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Հանդիպման նպատակը ծանոթությունն էր Վրաստանի կրթական քաղաքականությանը, մասնավորապես` երկլեզու դպրոցների նկատմամբ որդեգրվելիք մոտեցումներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ համագործակցության եւ երկկողմ հարաբերություններում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:

Քննարկվել են Վրաստանի տարածքում գտնվող հայկական դպրոցների ուսուցչական կազմին եւ աշակերտությանը հուզող, մասնավորապես` հայոց լեզվի եւ գրականության դասագրքերի, հայերենի դասավանդման ժամերի քանակի, ինչպես նաեւ երկլեզու ուսուցման հիմնախնդիրների հետ կապված բազմաբնույթ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG