Մատչելիության հղումներ

Շարմազանովը հակադարձում է Չիչեքին


«Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես անհեթեթ հայտարարությունների մրցույթ են սկսել», - երեկ ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ հանդիպմանը Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի արած հայտարարությանը, թե Հայաստանը «օկուպանտ» երկիր է, որը խնդիրներ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

«Թուրքիայի խորհրդարանի խոսնակի այս հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ այդ պետության կողմից ստի եւ կեղծիքի քաղաքականությունը շարունակվում է», - ընդգծել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը. - «Թարմացնելով թուրք պաշտոնյայի հիշողությունը՝ նշեմ, որ Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ: Թուրքիան է օկուպացրել Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասը, որտեղ եւ զինվորական վերապատրաստում է անցել ոճրագործ Սաֆարովը: Թուրքիան է զրոյացրել հարաբերությունների կարգավորումը հարեւան երկրների հետ: Պաշտոնական Անկարայի ռազմական եւ ֆինանսական օժանդակությամբ է Ադրբեջանն օկուպացրել ԼՂՀ մի շարք տարածքներ»:

Հետեւությունը, ըստ Շարմազանովի, մեկն է` «ծիծաղաշարժ դրության մեջ չընկնելու համար երբեմն ավելի շահեկան է լռել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG