Մատչելիության հղումներ

logo-print

Նոյեմբերի 21-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Թե ինչու է ՀՀԿ-ն դեմ, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացվեն, հասկանալի է: Այդ փոփոխությունները կտրուկ կնվազեցնեն ընտրակեղծիքների հնարավորությունները, իսկ ՀՀԿ-ին դա ձեռնտու չէ, որովհետեւ այսօր ՀՀԿ-ն մեծամասնություն է հենց այդ ընտրակեղծիքների շնորհիվ: Բայց հարց է ծագում` ի՞նչն է խանգարում, որ հանրապետականները մասնակցեն նիստին, ելույթներ ունենան, ներկայացնեն իրենց փաստարկները, վերջում էլ դեմ քվեարկեն, ու հարցը փակվի-գնա: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե նիստը կայանա, ընդդիմությունը կետ առ կետ կհիմնավորի, թե օրենքի որ կետի փոփոխությամբ ինչ ընտրակեղծիքներ են կանխվելու, իսկ հանրապետականները ոչ մի հոդաբաշխ փաստարկ չեն կարողանա ներկայացնել: Շատ-շատ` պիտի կմկման, թե ընտրողների մատների թանաքոտումը դեմ է մեր ազգային մենթալիտետին, ցուցակների հրապարակումը հակահիգիենիկ է եւ այլն: Դրա համար էլ ընտրել են ամենահեշտ ճանապարհը` չեն թողնում հարցը քննարկել, եւ վերջ»:

«Չեք կարծո՞ւմ, որ ԱԺ արտահերթ նիստին Հանրապետականի չմասնակցելը նոր շահարկումների առիթ կդառնա». «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատասխանում է. - «Քաղաքական ընդդիմությունը շահարկումների համար միշտ էլ պատրվակներ կգտնի, իսկ լուրջ, ծանրակշիռ, հիմնավորված քննադատելու պատճառների ու փաստարկների պակասը տեսանելի է: Ընդդիմությունը շահարկումներ կանի, իսկ մեր ժողովուրդը ուշադրությամբ կհետեւի նրանց ելույթներին եւ իր հետեւությունները կկատարի: Եթե ընդդիմադիրների այս դրսեւորումները նախընտրական տրամադրություններով չեն պայմանավորված, ուրեմն նրանք պետք է ընդունեին մեր առաջարկը եւ համաձայնեին, որ բոլոր առաջացած խնդիրները հանգամանալիորեն, առանց շտապելու քննարկենք նախագահական ընտրություններից հետո»:

«ժամանակ» օրաթերթը գրում է. - «Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն իրենց կեցվածքով գրեթե կաթվածահար են արել Հայաստանի քաղաքական դաշտը: Առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածուի շուրջ այս երկու կուսակցությունների ղեկավարներ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի` արդեն ամիսներ տեւող անդրկուլիսյան քննարկումների արդյունքներով էլ պայմանավորված կլինի, թե մյուս քաղաքական ուժերն ինչ մասնակցություն են ունենալու այդ ընտրություններին: Սակայն դատելով այս երկու քաղաքական ուժերի, ավելի շուտ ԲՀԿ-ի դանդաղկոտությունից` կարելի է ենթադրել, որ այդ կուսակցությունը նախագահական ընտրություններին իր մասնակցության կամ այլ թեկնածուի սատարելու մասին կհայտնի վերջին պահին` դեկտեմբերի կեսերին, երբ արդեն հայտարարված կլինեն առաջադրման ժամկետները»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Եթե շատ կարճ ձեւակերպենք այսօր հայ հասարակության առաջ ծառացած հարցը, ապա, կարծում եմ, այն կհնչի այսպես. ո՞ւմ է ձայն տալու Սերժ Սարգսյանին դեմ զանգվածը: Այն բողոքական մասսան, ընդդիմության էլեկտորատը, որը երբեք եւ ոչ մի գնով իշխանության ներկայացուցչին կողմ չի քվեարկի: Ակնհայտ է, որ այդ զանգվածն այսօր շփոթության մեջ է` ոչ մի կերպ չի հստակվում այդ դաշտը, չի հայտնվում այն թեկնածուն, ով իր կողմ կգրավի կյանքից, երկրի վիճակից, իշխանություններից ու Սերժ Սարգսյանից դժգոհ մարդկանց: Իսկ այդ զանգվածը մեզանում քիչ չէ: Որոշակի աշխատանք տանելու դեպքում այն անգամ կարող է հասնել իշխանափոխության: Բայց քանի որ մեր ընդդիմությունն ապաշնորհ է եւ աշխատելու հետ էլ առանձնապես սեր չունի, ուստի իշխանությունը միշտ շահած է դուրս գալիս»:

«Հայկական ժամանակ»-ի կանխատեսմամբ` դեկտեմբերին Աշգաբադում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում կայանալու է նաեւ Պուտին - Սարգսյան հանդիպում, որի ժամանակ Պուտինը պահանջելու է Սերժ Սարգսյանից հստակ դիրքորոշում հայտնել` Հայաստանը ընդգրկվո՞ւմ է ԵվրԱզէս-ում, թե առաջվա նման մնում է դրա դիտորդ անդամ: «Խնդիրն այն է, որ ԵվրԱզէս-ին անդամակցության հարցը դարձել է այն «չափանիշը», որով որոշվելու է` Հայաստանը, պատկերավոր ասած, գնում է դեպի Արեւմո՞ւտք, թե դեպի Ռուսաստան: Սերժ Սարգսյանը, ի տարբերություն, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանի, որը առիթը բաց չի թողնում իր բացասական վերաբերմունքն արտահայտելու համար, երբեք որեւէ դիրքորոշում չի հայտնել ԵվրԱզէս-ին անդամակցելու վերաբերյալ: Պետք է նկատել, որ Հայաստանի անդամակցության հարցը որոշակի պարբերականությամբ սրվում է», - հավելում է «Հայկական ժամանակ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG