Մատչելիության հղումներ

logo-print

Անվտանգության երաշխիքներ` Վրաստանում ադրբեջանական բիզնեսին


SOCAR ընկերության բենզալցակայան Վրաստանում

SOCAR ընկերության բենզալցակայան Վրաստանում

Վերջին մեկ ամսում Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարը երկու անգամ այցելել է Թբիլիսի` հանդիպելով Վրաստանի նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Այս մասին ադրբեջանական ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը հայտարարեց երեքշաբթի օրը Միլի մեջլիսի լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ` նաեւ որոշ մանրամասներ հաղորդելով Իվանիվշիլիի հետ բանակցությունների մասին:

«Վարչապետ Իվանիշվիլին երկու հանդիպումների ընթացքում էլ համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի եւ Վրաստանի տնտեսական կապերը շարունակելու են զարգանալ», - հայտարարեց ադրբեջանցի պաշտոնյան `բառացի մեջբերելով Իվանիշվիլիի խոսքերը, թե «վրացական կառավարությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ընկալում է որպես Վրաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր»:

Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ Իվանիշվիլիի եւ Աբդուլաեւի հանդիպումների ընթացքում պաշտոնական Բաքուն կարողացել է հասնել իր առջեւ դրված գլխավոր նպատակին` Վրաստանի նոր իշխանությունները անվտանգության հստակ երաշխիքներ են տվել երկրում գործող ադրբեջանական բիզնեսին:

«Մենք շարունակելու ենք զարգացնել բիզնեսը Վրաստանի տարածքում», - դիմելով պատգամավորներին` հայտարարեց Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարը:

Հարկ է նշել, որ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո ադրբեջանական այս ընկերության դիրքերը Վրաստանում զգալիորեն ամրապնդվեցին: Այսօր Ադրբեջանի պետական նավթային ընկերության` Վրաստանում գրանցված դուստր ձեռնարկությունը` SOCAR Energy Georgia-ն երկրի խոշորագույն հարկատուներից է. 2009 թվականին, օրինակ, ընկերությունը հարկերի տեսքով վրացական բյուջե է փոխանցել շուրջ 160 միլիոն, 2010-ին` շուրջ 100 միլիոն դոլար: Ադրբեջանական ընկերության` Վրաստանում իրականացված ուղղակի ներդումների ընդհանուր ծավալը կազմել է 400 միլիոն դոլար: Վրաստանի տարածքում գործող SOCAR-ի բենզալցակայանների թիվը երկու տարում կրկնապատկվեց `անցնելով 100-ը: Այս պահին ընկերությունը վերահսկում է Վրաստանի բենզինի շուկայի 72 եւ դիզելային վառելիքի շուկայի 61 տոկոսը, ինչպես նաեւ Վրաստանի գազաբաշխիչ ցանցերի մեծ մասը:

Նոյեմբերի սկզբին Ադրբեջանի նավթային ընկերությունը ամբողջությամբ գնեց ռուսական ИТЕРА-Грузия ընկերության բաժնետոմսերը` դառնալով Վրաստանի բնակիչներին գազ մատակարարող խոշորագույն ընկերությունը:

Այսպիսով, SOCAR-ը գազ է մատակարարում Վրաստանի ողջ տարածքով մեկ` բացառությամբ Թբիլիսիի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ընկերությունը պատրաստվում էր մասնակցել նաեւ Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի վրացական հատվածի սեփականաշնորհման մրցույթին: Հետագայում, սակայն, Վրաստանում ծավալված ներքաղաքական զարգացումների ֆոնին այս հարցը մղվեց հետին պլան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG