Մատչելիության հղումներ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքի Եվրոպա միավորումը», «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների», «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպությունները եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում են ընտրակաշառք ստանալուց հետո երեք օրվա ընթացքում հաղորդում ներկայացողին ազատել քրեական պատասխանատվությունից:

Հիշեցնենք` խորհրդարանի մայիսյան ընտրություններից օրեր առաջ Հայաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտարարել էր, թե երաշխավորում է, որ ընտրակաշառքի բացահայտման նպատակով իրավապահներին կամովին ներկայացած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից: Բայց հասարակական կազմակերոպւթյուններն անհրաժեշտ են համարում այս երաշխիքն ամրագրել օրենքով:

Ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի եւ բարեգործության սահմանների վերաբերյալ վեճերը բացառելու նպատակով հասարակական կազմակերպությունները հանդես են գալիս առաջարկով:

«Նախընտրական քարոզչության ժամանակ եւ նախընտրական քարոզչության մեկնարկից 3 ամիս առաջ արգելվելու են այսպես կոչված՝ տարբեր բարեգործական բազմաբնույթ ակցիաները», - ասում է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։

Գործող օրենսգրքով նախընտրական հիմնադրամից նախատեսվող ծախսերի համար սահմանված ցանկը, ըստ հասարակական կազմակերպությունների, շրջանցում է քարոզարշավի ժամանակ առավել հաճախ տեղի ունեցող նախընտրական միջոցառումները՝ տարբեր տեսակի համերգները եւ այլն։ Առաջարկ կա, որ բոլոր, այդ թվում` համերգների ծախսերը պետք է կատարվեն նախընտրական հիմնադրամից:

Գործող Ընտրական օրենսգրքով, նախընտրական քարոզարշավի ժամանակ քարոզչության սահմանված կարգի խախտումը վերացնելու համար մրցակից թեկնածուի դիմումից հետո ընտրական հանձնաժողովը դիմում է խախտում կատարողին` խախտումը 3-օրյա ժամկետում վերացնելու համար: Հակառակ դեպքում թեկնածություն գրանցող հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, դաշինքի կամ կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու նպատակով: Իսկ եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չդիմի դատարան, այդ դեպքի վերաբերյալ թեկնածուն կարող է դիմել Վարչական դատարան եւ դնել ԿԸՀ-ի անդամի լիազորությունների դադարեցման հարցը։ Գործող օրենսգրքի 43-րդ հոդվածով` ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարեցնելու նպատակով վարչական դատարան դիմելու լիազորությունը վերապահված է բացառապես Հանրապետության նախագահին:

Առաջարկ կա նաեւ ընտրական գրավի չափը կրկնակի նվազեցնել, կրկնակի նվազեցնել նաեւ նախընտրական հիմնադրամներ մուծումներ կատարելու թույլատրելի չափերը, բացի այդ` կիսով չափ կրճատել նախընտրական հիմնադրամի առավելագույն չափը։

«Ելնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական առանձնահատկությունից, ուղղակի անթույլատրելի է ունենալ 100 միլիոն դրամի հասնող նախընտրական հիմնադրամ։ Դա մրցակցային պայքարից դուրս է մղում ֆինանսապես ոչ կարող քաղաքական ուժերին», - մեկնաբանում է Տիգրան Եգորյանը։

Հասարակական կազմակերպությունների մեկ այլ առաջարկի համաձայն էլ, որպես թեկնածու գրանցվելու կամ քարոզչություն իրականացնելու պարագայում պաշտոնատար անձինք պետք է վայր դնեն լիազորությունները:

Օրենսդրական առաջարկներ ներկայացնող հասարակական կազմակերպությունների համոզմամբ, վարչական ռեսուրսների օգտագործումն արգելելու համար անհրաժեշտ է օրենքով արգելել, մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին հանդես գալ որպես վստահված անձ:

«Ընտրատեղամասերում քվեարկության օրը գյուղապետերը, նրանց ենթակաները հանդես են գալիս որպես հանձնաժողովների անդամներ, վստահված անձինք։ Այդպիսով նրանք կարողանում են վերահսկողություն իրականացնել», - հիմնավորումը ներկայացրեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը։

Հասարակական կազմակերպություններն առաջարակում են նախատեսել վարչական տույժ` տուգանք, որեւէ քաղաքական ուժի աջակցող դիտորդների նկատմամբ, միեւնույն ժամանակ ընդլայնելով դիտորդների իրավունքները, որպեսզի դիտորդը, վստահված անձի հետ մեկտեղ, կարողանա իր գնահատականը արձանագրել ընտրատեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում։

Ընտրությունները դիտարկող հասարակական կազմակերպություններն անհրաժեշտ են համարում մեկ օրվա փոխարեն սահմանել երկօրյա ժամկետ ընտրախախտումների բողոքարկման համար։ Առաջարկներից մեկն էլ վերաբերում է քվեարկության օրը եւ դրան նախորդող 4 օրերին լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու արգելքին: Հիմնավորումն այն է, որ այդպիսով հնարավոր կլինի ավելի արդյունավետ դարձնել ընտրացուցակների վերահսկումը: Ի դեպ, հասարակական կազմակերպությունները եւս, ինչպես ավելի վաղ` խորհրդարանական երեք ուժեր, նախընտրում են քվեարկության օրը ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ, հրապարակել ընտրացուցակները: Այս առաջարկները հասարակական կազմակերպություններն ուղարկել են խորհրդարանական ուժերին:
XS
SM
MD
LG