Մատչելիության հղումներ

Պաշտոնական Անկարան անցած շաբաթ նախազգուշացրել է, որ հուժկու հակահարված կտա այն դեպքում, եթե Սիրիայի օդանավերը խախտեն Թուրքիայի օդային տարածքը։

«Դաշինքի համար Թուրքիայի խնդրանքը արտակարգ հարց է»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ասել է, որ իր երկիրը «ակտիվ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հակաօդային պաշտպանության Patriot տեսակի երկինք-երկիր հրթիռներ ձեռք բերելու հարցի շուրջ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը երեկ ասել է, որ դաշինքի համար Թուրքիայի խնդրանքը կհամարվի արտակարգ կարեւորության հարց, որն արագ կլուծվի։

Դավութօղլուն այսօր ասել է, որ բանակցություններն ավարտական փուլում են. - «Մոտ ապագայում կներկայացվի պաշտոնական դիմում եւ գործընթացը կավարտվի»։

ՆԱՏՕ-ի անդամներից այս տիպի հրթիռներ ունեն ԱՄՆ-ը, Գերմանիան, Հոլանդիան, Հունաստանը եւ Իսպանիան։ Բացի այդ, ամերիկացիները Patriot համակարգեր վաճառել են Թայվանին, Եգիպտոսին, Իսրայելին, Ճապոնիային, Քուվեյթին, Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Հորդանանին եւ Հարավային Կորեային։


Patriot-ը ե'ւ հրթիռներ, ե'ւ օդանավեր է ոչնչացնում

Համակարգը 1969 թվականին ստեղծել է Ռեդսթոուն ամերիկյան գործարանի ինժեներական խումբը, 1976 թվականից այն արտադրում է «Ռեյթեոն» ամերիկյան ընկերությունը։ 1981 թվականից այն տրվել է ԱՄՆ-ի զինված ուժերին։ Մեկ համակարգի գինը 2-3 միլիոն դոլար է։

Սարքի անվանումն է MIM-104 Patriot, աշխարհում հայտնի է պարզապես իբրեւ Patriot, ինչը համակարգի ռադարային հանգույցի հապավումն է`Phased Array Tracking Radar to Intercept on Target (PATRIOT)։

Patriot-ի հիմնական թիրախը հրթիռներն են, սակայն այդ համակարգը կարող է նաեւ օդանավեր ոչնչացնել։ Համակարգի արդյունավետությունը հաստատվել է 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմի օրերին, երբ դրա միջոցով հաջողությամբ ոչնչացրել են Սադամ Հուսեյնի բանակի կողմից Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված «Սկադ» տեսակի հրթիռների մեծ մասը։


Բան կի-մունը մտահոգված է

ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերը Թուրքիայում տեղակայված են եղել 1991 եւ 2003 թվականների իրաքյան երկու պատերազմների ժամանակ։

«ՆԱՏՕ-ում Patriot ունեցող երկրները հայտնի են, մենք համաձայնության ենք հասել այդ երկրների հետ», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Մինչդեռ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ասել է, թե հակամարտության հետագա ռազմականացման արդյունքում Սիրիան կարող է վերածվել տարածաշրջանային ռազմադաշտի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG