Մատչելիության հղումներ

Աշնանային զորակոչը` նախարարի հսկողության ներքո


Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հետեւողական է զորակոչի անցկացման աշխատանքներում, ապահովվել է զորակոչի անցկացման թափանցիկությունը` նոր ազդակ հաղորդելով զորակոչին ներգրավված կառույցների աշխատանքներին, բարձրացվել է մարզային բժշկական հանձնաժողովների աշխատանքի մակարդակը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով երեկ ներկա էր Սարդարապատի հուշահամալիրի տարածքում տեղի ունեցած` 2012 թվականի աշնանային զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող առաջին նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը:

«Շատ լուրջ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են իրականացվում պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կողմից, փորձում են բացահայտել առկա անարդարությունները», - ասել է Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ զորակոչի անցկացումը գտնվում է գերատեսչության ղեկավարության եւ անձամբ նախարարի հսկողության ներքո:

Խոսելով զորակոչիկների եւ ժամկետային զինծառայողի պատրաստության մասին` նախարարը նշել է, որ ե՛ւ նորակոչիկները, ե՛ւ անձնակազմը, մասնավորապես` ժամկետային զինծառայողները, պատրաստ են հայրենիքը պաշտպանելուն։

«Մենք ոչ մի մտավախություն չունենք` ե՛ւ մարտական ոգով, ե՛ւ ստորաբաժանումներում տիրող բարոյահոգեբանական մակարդակով նոր սերունդը ոչնչով չի զիջելու մեր սերնդակիցներին, եթե հարկ լինի, ապա ավելի լավ, ավելի խիզախ են պաշտպանելու հայրենիքը, իհարկե, մեր անցած փորձի հիման վրա եւ անմիջական աջակցությամբ», - պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ընդգծել է Սեյրան Օհանյանը եւ հավելել, որ հատկապես ժամկետային զինծառայողների փոխհարաբերություններում պետք է հանդուրժողականության մթնոլորտ տիրի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG