Մատչելիության հղումներ

«Համաս»-ը մտադիր չէ դադարեցնել կրակը


Եգիպտոս - «Համաս»-ի առաջնորդ Խալեդ Մեշալը ասուլիս է տալիս Կահիրեում, 19-ը նոյեմբերի, 2012թ.
Եգիպտոս - «Համաս»-ի առաջնորդ Խալեդ Մեշալը ասուլիս է տալիս Կահիրեում, 19-ը նոյեմբերի, 2012թ.

Խաղաղարար նախաձեռնությամբ հանդես եկող Եգիպտոսի վարչապետը, այդուհանդերձ, լավատեսորեն է տրամադրված։

Չնայած ժամ առ ժամ աճող զոհերի թվին՝ «Համաս» ռազմական խմբավորումը մտադիր չէ դադարեցնել կրակը Իսրայելի ուղղությամբ։

Եգիպտոսի իշխանությունների հետ բանակցություններից հետո խմբավորման առաջնորդ Խալեդ Մեշալը Կահիրեում հայտարարել է, թե «Համաս»-ը չի կատարելու Իսրայելի որեւէ պահանջ:

«Նրանք հարձակում գործեցին Գազայի ուղղությամբ, կրակը չի դադարի, մինչեւ մեր պահանջները չկատարվեն։ Եթե հաշտություն են ցանկանում, ուրեմն պետք է դադարեցնեն ագրեսիվ գործողությունները։ Պնդում ենք՝ մեր պահանջները պետք է ի կատար ածվեն», - ասել է նա։

Եգիպտոսի վարչապետը, սակայն, լավատեսորեն է տրամադրված։ Բանակցությունների ավարտին Հիշամ Քանդիլը հույս է հայտնել, որ խաղաղություն հաստատելու ջանքերը արդյունք կտան, եւ շուտով բռնությանը վերջ կտրվի։

«Կարծում եմ՝ մոտ ենք դրան, բայց բանակցությունների բնույթն այնպիսին է, որ շատ դժվար է կանխատեսումներ անել։ Բոլորն են շահագրգռված, որ այս ամենն ավարտվի», - հայտարարել է Քանդիլը։

Կահիրեում է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, նա ողջունել է Եգիպտոսի նախագահի խաղաղարար նախաձեռնությունը՝ խոստանալով առաջիկա օրերին անձամբ այցելել Իսրայել։

Ի պատասխան Գազայի հատվածից հնչող կրակահերթերին, իսրայելական օդուժը նախօրեին 80-ից ավելի հարված է հասցրել՝ միայն մեկ օրում սպանելով շուրջ երկու տասնյակ պաղեստինցիների, հակամարտության սրման մեկ շաբաթվա ընթացքում զոհերի թիվը անցել է հարյուրից։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն» ու մտահոգություն է հայտնել, որ զոհված պաղեստինցիների, այդ թվում նաեւ` երեխաների, թիվն աճում է։

Ստամբուլում ելույթ ունենալով Եվրոպայի իսլամական խորհրդի նիստում` Էրդողանը ասել է, թե նրանք, ովքեր իսլամն ասոցացնում են ահաբեկչության հետ, այսօր աչք են փակել մահմեդականների զանգվածային սպանությունների վրա։

«Կարո՞ղ ենք ասել, որ նրանք, ովքեր երեխա են սպանում, տեղ ունեն այս աշխարհում, կարո՞ղ ենք ասել, որ նրանք հարգում են մարդկությանը։ Ահա թե ինչու եմ պնդում, որ Իսրայելն ահաբեկչական պետություն է», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը։

Մինչդեռ ՆԱՏՕ-ն, որին անդամակցում է Թուրքիան, փոխադարձ զսպվածության կոչ է անում։ Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, թե Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG