Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքական ուժերը շարունակում են բանակցությունները


ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի անդամները բողոքի ցույց են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ: 28-ը փետրվարի, 2012թ.

ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի անդամները բողոքի ցույց են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ: 28-ը փետրվարի, 2012թ.

Այսօր առանձին հանդիպումներ են ունեցել Հայ ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ը:

Հանդիպումներն անցնում են դռնփակ: Շուրջ երկու ժամ տեւած ՀԱԿ-ՀՅԴ հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովում: Կոնգրեսը ներկայացնում էին Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը, Դաշնակցությունը` Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը:

Հանդիպման ավարտին Լեւոն Զուրաբյանը լրագրողներին փոխանցեց, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն ընդհանրական մոտեցումներ ունեն երկրում ստեղծված իրավիճակի շուրջ:

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ընտրակեղծիքի այն հրեշավոր մեքենան, որ ստեղծվել է, ժողովրդի կամքի աղավաղման այդ մեքենան կարողանանք ջարդել: Կոնգրեսը հենց դրա շուրջ է բանակցում քաղաքական ուժերի հետ, հենց դրա մեջ է տեսնում խնդիրները նախագահական ընտրությունների կոնտեքստում», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Նրա փոխանցմամբ` ՀԱԿ-ի համար գլխավորն այն է, որ նախագահական ընտրություններն օգտագործվեն Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրությունը բացառելու համար, եւ հավելեց. - «Բնականաբար, բազմաթիվ ապօրինություններ գործած ռեժիմի պարագլխին մենք երբեք չենք սատարի»:

Դաշնակցության համար սկզբունքային է մոտ 10 օր առաջ հրապարակած օրակարգը, որին միանալու շուրջ էր նրանք բանակցում են: Իր փաթեթում ՀՅԴ-ն առաջարկում է նաեւ փոխել երկրի կառավարման համակարգը` անցնելով խորհրդարանական կառավարման:

Արմեն Ռուստամյանը հանդիպումից հետո լրագրողներին ասաց, թե կան հարցեր, որոնք դեռ «քննարկելի եւ վիճարկելի են մնում»` հրաժարվելով մասնավորեցնել. - «Պայմանավորվել ենք դա չասել, որպեսզի չվնասենք հետագա համաձայնության ձեռք բերումը»:

Լեւոն Զուրաբյանը կառավարման համակարգի հարցի կապակցությամբ ասաց. - «Մեր կարծիքով, երկրի այս քաղաքական եւ տնտեսական համակարգի աղճատման պատճառներն այնքան էլ կապված չեն կառավարման տեսակի հետ: Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ եթե նման մոտեցումներ կան, այդ մոտեցումները պետք է քննարկել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր է, որ այդ հարցը տարաձայնության պատճառ դառնա ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի բանակցություններում, Զուրաբյանն արձագանքեց. - «Ես հիմա չեմ ցանկանում կենտրոնանալ տարաձայնությունների վրա: Կարծում եմ, որ ընդհանրությունները շատ ավելի շատ են, քան տարաձայնությունները: Յոթ կետ իրենք են առաջարկել, իրենք էլ պիտի սահմանեն զիջումների չափը»:

Նա չբացառեց, որ ՀԱԿ – ԲՀԿ – ՀՅԴ բանակցությունների արդյունքում որոշում կայացվի նախագահական ընտրություններում հանդես գալ միասնական թեկնածուով. - «Ընդհանրությունները մեծ են: Իսկ ամենամեծն այն է, որ բոլոր ուժերն էլ հասկանում են, որ ինչ-որ բան պետք է արմատապես փոխել երկրում: Ուրեմն չի կարելի բացառել, որ մեր համագործակցությունն իսկապես վերաճի այն աստիճանի, որ հնարավոր դառնան համաձայնեցված գործողությունները նախագահական ընտրությունների ժամանակ»:

Այս կապակցության Ռուստամյանն ասաց. - «Եթե մենք չհամաձայնեցնենք մեզ համար սկզբունքային հանդիսացող այդ կետերը, մենք ուղղակի իմաստ չենք տեսնում խոսել ընդհանրապես միասնական թեկնածուի մասին»:

Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական մյուս ուժերի հետ խորհրդակցություններ է սկսել կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականին անցնելու եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ հաստատելու շուրջ:

Այսօր «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս պահին տարբեր կուսակցությունների հետ միասնական օրակարգ ձեւավորելու հնարավորություն տեսնում են:

«Լուրջ ընդհանրություններ կան տարբեր հարցերի շուրջ: Տարբեր քաղաքական ուժերի [հետ] հանդիպումների արդյունքում եմ արդեն սա ասում: Կա իրապես լավատեսություն եւ լուրջ հնարավորություն ընտրություններին ընդառաջ ձեւավորել լրջագույն քաղաքական օրակարգ», - ասաց նա` հավելելով, թե այս փուլում անձերի խնդիր չեն քննարկում. - «Երբ քաղաքական օրակարգը ձեւավորվի, այսինքն` պլատֆորմը, թե ինչպես են տեսնում այս քաղաքական ուժերը համակարգային փոփոխությունների գնալու ճանապարհը, ճանապարհային քարտեզը, դրանից հետո հնարավոր կլինի անդրադառնալ նաեւ անձերի խնդիրների»:
XS
SM
MD
LG