Մատչելիության հղումներ

Թուրքիայում շարունակվում են քրդերի բողոքի ակցիաները


Թաքսիմ հրապարակը Ստամբուլում:

Թաքսիմ հրապարակը Ստամբուլում:

Առաջիկա շաբաթ օրն անցկացվելիք բողոքի ակցիան կլինի 400-րդը, որ կազմակերպում են Թուրքիայի քրդերը Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակին հարող ճեմափողոցում:

Քրդերն ասում են, որ 19 տարի շարունակ իրենք նույն նպատակով հավաքվում են այստեղ` Թուրքիայի կառավարությունից պահանջելով հստակ ու սպառիչ պատասխան տալ 1990-2000 թվականներին անհետ կորած իրենց հարազատների վերաբերյալ:

Շուրջ մեկ ժամ գետնին նստած` կորած հարազատների նկարներով, կարմիր մեխակները ձեռքներին, նրանք կոչերով ու բողոքի ելույթներով դիմում են կառավարությանը:

Բողոքի ակցիային մասնակցող Հասան Կարակոչը հայաստանցի լրագրողներին պատմում է, որ այստեղ հավաքվելու են այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունը իրենց վերադարձնի իրենց հարազատների ոսկորներն ու պատժի անցած տարիների դեպքերի պատասխանատուներին:

«Քուրդ տղամարդն ասում է, որ իր 34-ամյա եղբայրն այլախոհ էր, նրա տեսակետները տարբերվում էին թուրքական կառավարության տեսակետից, նա պայքարում էր քրդերի հավասար իրավունքների համար: Այդ պատճառով էլ, ինչպես նշում է բողոքի ակցիային մասնակցող քուրդը, 19 տարի առաջ թուրքարական անվտանգության ուժերը աչքի տակ առան եղբորը, տարան, տանջանքների ենթարկեցին ու սպանեցին: Դիակը գցեցին Դեդելարի շրջանում ճանապարհի կողքի անտառում», - պատմում է Հասանը:

Նա նշում է, որ այդ տարիներին հազարավոր երիտասարդ քրդերի են սպանել` որին ճամփեզրին, որին անտառներում, որին դիտահորերում եւ այլուր: Շատերը նույնիսկ գերեզման չունեն, ու նրանց ընտանիքները մի ծաղիկ դնելու հնարավորություն էլ չունեն:

«Բողոքող քուրդ մայրերը մի երազանք ունեն` որ թուրքական կառավարությունն օգնի գոնե գտնելու իրենց որդիների դիակները: Մեզ այսպիսի ցավի դատապարտեցին», - ասում է Հասանը` շարունակելով. - «Քուրդ ժողովուրդին ճնշում են, արյունը խմում են, տարբեր տեսակի ճնշումների գերի են դարձրել, մինչդեռ քրդերը ուրիշների պես ապրելու համար են պայքարում»:

Բողոքի ակցիային մասնակցող քուրդ Հալիմա Էրդողանը ամուսնու` Նիհանի մասին արդեն տասնինը տարի է լուր չունի: Նա մեզ պատմեց, որ իր ամուսնուն քուրդ զինվորները տնից տարել են 1994 թվականի նոյեմբերի 21-ին: Կինը հիշում է, որ ամուսնուն Մարդին քաղաքի Միդիաթ շրջանի զինվորական ոստիկանություն են տարել, ինչից հետո հարազատները որեւէ լուր չեն ստացել:

«Ամուսնուս ոսկորներին էլ եմ համաձայն, ծաղիկներ դնելու անգամ գերեզման չկա: Ես պետությունից նրա ոսկորներն եմ պահանջում», - ասում է Հալիման:

Քրդերը պնդում են, որ շարունակելու են բողոքի ակցիաները մինչեւ արդարություն հաստատվի:
XS
SM
MD
LG