Մատչելիության հղումներ

logo-print

Բյուջեի քննարկումներն անցան «մասնագիտական բարձր մակարդակով»


Ազգակին ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ազգակին ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Ազգային ժողովում երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումներն անցան մասնագիտական բավականին բարձր մակարդակով», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)` ակնկալելով, որ հետաքրքրիր կլինի նաեւ բյուջեի քննարկման ամփոփումը, որը տեղի կունենա հաջորդ քառօրյայում:

«Կարծում եմ, որ մեր եկող տարվա բյուջեն բավականին հավասարակշռված է, պատասխանում է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են երկրի առջեւ, հաշվի է առնում միջազգային ոչ բարենպաստ տնտեսական զարգացման հեռանկարները եւ, միաժամանակ, ապահովում է դինամիկ զարգացում մեր արդյունաբերության եւ գյուղատնտեսության համար: Իսկ միայն տնտեսության զարգացումն է, որ թույլ է տալու լուծել բոլոր խնդիրները»:

Դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմությունը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, ինչպես նաեւ իրեն այլընտրանք համարող «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին, Մինասյանն արձագանքեց. - «Ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր մոտեցումները: Ես կարող եմ ասել, որ այն փաստաթուղթը, որ ներկայացված է, համապատասխանում է մեր իրողություններին, պատասխանում է այն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են եւ ստեղծում է չափազանց լավ նախապայմաններ, որոնք իսկապես տարբերվում են շատ երկրների նախապայմաններից, բոլոր առկա խնդիրների լուծման համար»:

Պատասխանելով հարցին, թե ինչպես կանդրադառնա ակնկալվող 6.2 տոկոս տնտեսական աճը շարքային քաղաքացու կենսամակարդակի վրա, պատգամավորն անդրադարձավ կառավարության սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերին. - «Եթե մարդը գտնվում է կարիքի մեջ, ապա երկու ճանապարհ կա նրա խնդիրները լուծելու. կամ դուք նրան պարբերաբար ձուկ եք տալիս, կամ նրան կարթ եք տալիս եւ սովորեցնում եք ձուկ բռնել: Երկրորդ ճանապարհը հեշտ չէ, բայց միակ արդյունավետն է, որովհետեւ ապահովում է արժանապատիվ կյանք եւ ապահովում է մարդու ինքնավստահ կեցվածքը: Նա այլեւս կախված չի լինելու կառավարության որոշումներից եւ ինքն է հոգալու իր խնդիրների լուծումը: Յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա հնարավորություն ինքնուրույն լուծելու իր սոցիալական խնդիրները: Իսկ պետությունը իր վրա պատասխանատվություն է վերցնում դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար»:

Մամուլի մեկ այլ ակումբում կազմակերպված ասուլիսում 2013 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ բոլորովին այլ կարծիք հնչեցրեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Հարությունյան

ՀԱԿ-ի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Հարությունյան

«Այս բյուջեն ոչինչ չասող բյուջե է, այս բյուջեն ոչ մի հեռանկար չի խոստանում Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացու` այդ թվում նաեւ պետական ծառայության մեջ գտնվողներին: Այս բյուջեն ոչինչ չի խոստանում բիզնեսին, որովհետեւ, երբ խորանում ես, թե ընդհանրապես ինչպիսի ծրագրեր պետք է իրականացվեն, որպեսզի արդյունքում ձեւավորվի այս բյուջեն, այդպիսի ծրագրեր չկան: Ես տեսնում եմ, որ կառավարությունը չի մտահոգվում մեզնով, կառավարությունը մեզ հերթական անգամ մեսիջ է ուղարկում, թե ինքներդ յոլա գնացեք, ոնց ուզում եք ձեր խնդիրները լուծեք, մենք ձեր խնդիրի լուծման մեջ մասնակցություն չունենք կամ, եթե կա, այդ մասնակցությունը շատ չնչին է», - հայտարարեց Խաչատրյանը:

Գագիկ Մինասյանը, մինչդեռ, հարցին, թե իր կարծիքով ինչու են խորհրդարանական վեց ուժերից չորսը դեմ ներկայացված նախագծին, պատասխանեց. - «Ցանկացած ընդդիմության սուրբ պարտականությունն է քննադատել իշխանություններին: Եթե ընդդիմությունը այդ խնդիրը չի իրականացնում, ապա, ըստ էության, հասարակությունը դատապարտված է դոփել տեղում: Որովհետեւ ցանկացած ծրագրի իրականացման մեջ առկա են թերություններ, բազում թերություններ, եւ այդ թերությունների վերհանումը եւ ցուցադրումը ե'ւ հասարակությանը, ե'ւ իշխանություններին ընդդիմության սուրբ պարտականությունն է: Միայն ընդդիմության եւ իշխանության` իրենց դերակատարումներին համարժեք քայլերն են, որ ապահովում են հասարակության դինամիկ զարգացումը»:

Չնայած ընդդիմախոսների քննադատությանը` Մինասյանը հավանական չի համարում, որ բյուջեի նախագիծը չընդունի:
XS
SM
MD
LG