Մատչելիության հղումներ

«Պուտինը ստել է Մերկելի ներկայությամբ»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսը, Սանկտ Պետերբուրգ, 16-ը նոյեմբերի, 2012թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսը, Սանկտ Պետերբուրգ, 16-ը նոյեմբերի, 2012թ.

Պուտինը ստել է Գերմանիայի կանցլերի ներկայությամբ, սա դիվանագիտական սկանդալ է. այսպես է արձագանքել գերմանական եւ ռուսական մամուլը Ռուսաստանի նախագահի հայտարարությանը, թե Pussy Riot փանք ռոք խմբի մասնակիցները հակասեմիտներ են։

Ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում կայացել էր «Պետերբուրգյան երկխոսություն» ռուս - գերմանական գագաթնաժողովը, որի ժամանակ Անգելա Մերկելը ասել էր, որ Գերմանիայում մտահոգված են Pussy Riot-ի գործով, եւ որ իր հայրենիքում աղջիկները երկու տարվա ազատազրկման հաստատ չէին դատապարտվի։

Ի պատասխան` Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե խոսքը հակասեմիտների մասին է, եւ որ մոտ մեկ տարի առաջ Pussy Riot-ի մասնակիցները, «համենայն դեպս, նրանցից մեկը, Մոսկվայի սուպերմարկետներից մեկում կախել էին երեք խրտվիլակ` հրեա, ներգաղթյալ եւ էլի ինչ-որ մի կատեգորիա»։

Իրականում խոսքը մի ակցիայի մասին է, որ իրականացրել է «Վոյնա» փանք խումբը 2008 թվականին մոսկովյան սուպերմարկետներից մեկում։ Իսկապես, Pussy Riot խմբի անդամներից երկուսը մասնակցել էին այս ակցիային, սակայն այն բոլորովին հակառակ բնույթի էր. նախ, կախել էին հինգ խրտվիլակ` երեքը` աշխատանքային միգրանտների, երկուսը` միասեռականների, որոնցից մեկը ենթադրաբար հրեա էր, եւ, բացի այդ, ակցիայի մասնակիցները Մոսկվայի իշխանություններին կոչ էին արել հարգել նաեւ այդ մարդկանց իրավունքները։ Այդ ակցիան ուղղված էր Մոսկվայի իշխանությունների եւ այն ժամանակվա քաղաքապետ Յուրի Լուժկովի դեմ, որը արգելում էր միասեռականներին ցույցեր անցկացնել Ռուսաստանի մայրաքաղաքում։

Գերմանական մամուլը այս օրերին մեջբերում է Բունդեսթագի պատգամավորների մեկնաբանությունները այն մասին, որ Պուտինը ստել է Գերմանիայի կանցլերի ներկայությամբ, որ սա, ըստ էության, դիվանագիտական սկանդալ է։

Պուտինի այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել Մոսկվայում։ Ընդդիմադիր Քսենյա Սոբչակը, օրինակ, գրել է, որ, հավանաբար, Ռուսաստանի նախագահին սխալ տեղեկություն են տվել ակցիայի մասին, եւ Պուտինն էլ այդ տեղեկությունը ներկայացրել է Մերկելին։

Pussy Riot-ի դատապարտված մասնակից Նադեժդա Տոլոկոննիկովայի ամուսին եւ խմբի պրոդյուսեր Պյոտր Վերզիլովը ասում է, որ Պուտինի հիշատակած ակցիան իրականում 2008 թվականի սեպտեմբերի 7-ին էր անցել եւ ամբողջովին հակառակ բնույթի էր։ Նա նաեւ հավելում է, որ այս պատմության մեջ իրեն ամենից շատ հետաքրքրում է, թե ինչու են Կրեմլի աշխատակիցները սուտ տեղեկություն տվել Պուտինին` հատո՞ւկ են դա արել, թե՞ պարզապես փնթի են կատարել իրենց պարտականությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG