Մատչելիության հղումներ

Սիրիահայերը աշխատանք են փնտրում


Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը փաստում է, որ եթե Սիրիայից եկած հայերը մի քանի ամիս առաջ նախընտրում էին միայն իրենց մասնագիտությամբ եւ բարձր վարձատրությամբ աշխատել, ապա այսօր պատկերը փոխվել է:

«Հիմա իրենք են առաջարկում, որ պարտադիր չէ, որ լինի իրենց մասնագիտությամբ եւ բարձր աշխատավարձով: Սիրիահայերը պատրաստ են ցանկացած աշխատանք կատարելու, որովհետեւ այս պահին ունեն ընտանիք պահելու, բնակարանի վարձ տալու խնդիր», - ասում է Զաքարյանը:

Սփյուռքի նախարարության պաշտոնյան ասում է՝ աշխատանք գտնելու հարցով նախարարություն է դիմել մոտ 600 մարդ, որոնցից 100-ին է հաջողվել օգնել: Նախարարությունը աշխատանքային տոնավաճառ է կազմակերպել, որը տեղի կունենա նոյեմբերի 21-ին: Զաքարյանն ասում է, թե հույս ունեն, որ այդ օրը նախնական հաշվարկներով եւս 100 մարդ կկարողանա աշխատանք գտնել:

«Մենք նաեւ գործատուների հետ ենք ձեռք բերել պայմանավորվածություն, որ իրենք այնպիսի աշխատանք առաջարկեն, որ մասնագիտական բարձր հմտություններ չպահանջեն, եւ գտել ենք այդպիսի գործատուների: Շինարարներ, խոհարարներ, դերձակներ… այդ ոլորտներում բավականաչափ աշխատատեղեր կան», - ասաց պաշտոնյան:

Ծովինար Վարդանյանը, ով Սիրիայից Հայաստան է եկել մոտ մեկ ամիս առաջ, եւս աշխատանք է փնտում: Վարդանյանը եկել էր օգնություն ստանալու «Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնությունից, որն արդեն երկու շաբաթ է, ինչ սնունդ է տրամադրում Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանիքներին:

«Սիրիայում անգլերենի դասատու եմ աշխատել եւ այստեղ մի քանի տեղեր դիմել եմ, պատասխանի եմ սպասում», - ասաց Վարդանյանը:

Հնդկաձավար, բրինձ, յուղ, ձեթ, շաքարավազ եւ այլ սննդամթերք պարունակող մոտ 12 կիլոգրամ կշռող պարենային արկղ ստալու էր եկել նաեւ 44-ամյա Սվետա Դավթյանը: Նա ասում էր, որ օգնություն ստանալով զգում են, որ անտեսված չեն, սակայն միեւնույն ժամանակ նշում էր, որ առանց աշխատանքի դժվար է լիարժեք ապրել:

«Սիրիացիներին, կարելի է ասել, չեն անտեսում, բայց եթե աշխատանք չունես եւ վարձով ես ապրում ու ունես երկու անչափահաս երեխա, շատ դժվար է: Ամուսինս արհեստավոր է, դիմել ենք, բայց գործ չկա, հայաստանցիների համար էլ չկա, բայց սփոփում ենք մենք մեզ՝ հուսալով, որ լավ կլինի», - ասում է Դավթյանը:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Հայ օգնության միության հետ միասին կշարունակի սնունդ ու տաք հագուստ տրամադրել Հայաստանում գտնվող սիրիահայերին: Նախաձեռնության անդամ Սիլվա Յուզբաշյանն ասում է, որ մինչ օրս 225 արկղ օգնություն են բաժանել նույնքան սիրիահայ ընտանիքների, եւ ծրագիրը դեռ շարունակվելու է:

Բեկի Բաբօղլյանն էլ հավելում է, որ սիրիայերի մեծ մասը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ստիպված է օգնություն ընդունել: Բավականին բարեկեցիկ ապրող համայնքը այսօր ծանր վիճակում է հայտնվել, ասում է նա:

«Արդեն բաժանել ենք 400 ձմեռային ծածկոցներ, որովհետեւ արդեն ցուրտ է, եւ կարիքը ունեն: Բաժանել ենք նաեւ մոտավորապես 250 ձմեռային կոշիկներ: Սիրիահայությունը չի ուզում, որ գա օժանդակություն ստանա, շատ մեծ հուզումով են վերցնում օժանդակությունները, ուզում են աշխատել: Հալեպը հատկապես շատ հյուրասեր գաղութ է եղել», - ասում է Բաբօղլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG