Մատչելիության հղումներ

logo-print

Տուժողը պնդում է, որ «Հարսնաքար»-ում ծեծողները եղել են 20 հոգի


«Հարսնաքար» ռեստորանային համալիր

«Հարսնաքար» ռեստորանային համալիր

«Հարսնաքար»-ի գործով տուժող Գարիկ Սողոմոնյանն այսօր Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանին տված ցուցմունքում նշեց, որ հունիսի 17-ին «Հարսնաքար»-ում իրեն եւ իր չորս ընկերներին ծեծողները եղել են ավելի քան քսան հոգի։

Հիշեցնենք՝ այս գործով առաջինը ցուցմունք տված տուժող Արտակ Բայադյանը եւս դատարանին հայտնել էր, որ ծեծողները եղել են առնվազն տասնհինգ-քսան հոգի, մինչդեռ այս քրեական գործով ամբաստանյալի աթոռին են վեցը:

Այս գործի նախաքննության ավարտից հետո անդադար հնչում է հարցը, թե ինչու նախաքննական մարմինը չի պարզել կոնկրետ ամբաստանյալի կոնկրետ արարքը:

Գարիկ Սողոմոնյանն իր ցուցմունքում մի քանի անգամ նշեց, որ իրեն եւ մյուս չորս ընկերներին, իր բառերով, խառը խփում էին շուրջ 20 հոգով: Ամբաստանյալների պաշտպանները հարցնում էին, թե եթե տուժողը չի տեսել ամբաստանյալներից որ մեկը տուժողին քանի անգամ եւ որ մասին է հարվածել, ինչպե՞ս են պնդում, որ այդ վեցը եղել են հարվածողների խմբի մեջ:
Գարիկ Սողոմոնյանը պարզաբանեց, որ տեսել է ամբաստանյալներին հարվածողների մեջ, պարզապես չի տեսել, թե որ մեկը ում եւ որտեղին է հարվածել:

Գարիկ Սողոմոնյանն իր ցուցմունքում եւս նկարագրեց մի անձի, որն այս գործով ներգրավված չէ։ Նմանատիպ նկարագրություն իր ցուցմունքում ներառել էր նաեւ Արտակ Բայադյանը:

Ի դեպ, Սողոմոնյանը, պատասխանելով հարցերին, դատարանին հայտնեց, որ եթե տեսնի այս գործով չներգրավված, ավտոկայանատեղիում հարվածներ հասցրածներին, հնարավոր է՝ ճանաչի:

Գարիկ Սողոմոնյանի հարցաքննությունը կշարունակվի նոյեմբերի 20-ին։
XS
SM
MD
LG