Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանը թիվ 1 ընտրատարածքում սատարում է ՀՀԿ-ի թեկնածուին


Ավան համայնքի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյան, արխիվ
Ավան համայնքի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյան, արխիվ
Թիվ 1 ընտրատարածքում կայանալիք պատգամավորի լրացուցիչ ընտրություններում հանրապետական Ռոբերտ Սարգսյանի առաջադրումը պետք չէ պայմանավորել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործոնով, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց Ավան վարչական շրջանի ղեկավար, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տարածքային կառույցը գլխավորող Մանվել Ջավադյանը:

Ռոբերտ Սարգսյանը Ավանի նախկին թաղապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում բարձր պաշտոն է զբաղեցնում, Երեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալն է: Թիվ մեկ ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք պատգամավորի լրացուցիչ ընտրություններում նրա թեկնածությունն առաջադրել է իշխող ՀՀԿ-ն:

«Տարոն Մարգարյանն, իհարկե, ունի մեծ հեղինակություն եւ կշիռ, բայց պետք չէ թերագնահատել նաեւ Ռոբերտ Սարգսյանի անձն ու գործունեությունը», - ասաց Մանվել Ջավադյանը` ընդգծելով, որ 40-ամյա Սարգսյանը նոր չի փորձում մտնել քաղաքականություն, նա ԱԺ-ի վերջին ընտրություններին էլ է մասնակցել. - «Սարգսյանը եղել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Ռոբերտ Սարգսյանը Ավանի տարածքային կազմակերպության հիմնադիր անդամներից է եւ բնակչության մեջ մեծ հարգանք է վայելում»:

Ավան համայնքն ու Նոր Նորքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի տեղը թափուր մնաց «Հարսնաքար»-ի ողբերգական միջադեպից հետո ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պատճառով: Ավանի գործող թաղապետը տեղեկացրեց, որ Ռուբեն Հայրապետյանն այժմ սատարում է Ռոբերտ Սարգսյանին:

«Ռուբեն Հայրապետյանն էլ մեր կուսակցական ընկերն է, մեր ընկերն է, Ավանի առաջին թաղապետն է եղել, շատ մեծ ներդրում ունի Ավանի զարգացման գործում, եւ ես կարծում եմ, որ ոչ միայն Ավանի, այլ հանրապետության հասարակական, քաղաքական կյանքում. լինելով նաեւ կուսակցության խորհրդի անդամ, իհարկե, սատարում է: Եվ ոչ միայն Հայրապետյանը, այլ, կարծում եմ, ողջ գործադիր խորհուրդը եւ ՀՀԿ-ի բոլոր անդամները»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ռոբերտ Սարգսյանի` պատգամավոր ընտրվելու հնարավորությունները, եւ արդյոք վերջինս առանց խախտումների ու կեղծիքների կարո՞ղ է ընտրվել, Ջավադյանը պատասխանեց. - «Վերջին տասը տարվա ընթացքում Ավանի ընտրություններում որեւէ խախտում չի գրանցվել: Եվ ընդդիմադիր կուսակցությունները, եւ մյուս թեկնածուները իրենց շնորհակալություն են հայտնել հանձնաժողովների անդամներին, մեկը մյուսի շտաբերին, եւ ես կարծում եմ, որ այս ընտրություններից հետո էլ բոլոր չորս թեկնածուները շնորհավորելու են միմյանց` լավ, արդար ընտրությունների կապակցությամբ, եւ մնացած երեքն էլ կշնորհավորեն Ռոբերտ Սարգսյանին»:

Մինչդեռ Ռոբերտ Սարգսյանի մրցակիցներից «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը արդեն ահազանգում է անհավասար մրցակցության, ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին:

«Չափազանց լուրջ խախտումներ արդեն իսկ արձանագրվել են: Երեւան քաղաքի բոլոր թաղապետարաններին հանձնարարված է, որ նրանք էլ հանձնարարեն իրենց բոլոր աշխատակիցներին ապահովել առնվազն 10-12 ձայն, տարածքի բոլոր գազի գրասենյակներին, բոլոր համատիրություններին, այդ թվում` ոչ միայն տարածքում գտնվող, այլ նաեւ Նոր Նորքի 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածներում գտնվող համատիրություններին ասում են` մարդ գտեք, որ 1-ին, 2-րդ զանգվածներում կամ Ավանում քվեարկեն այդ թեկնածուի օգտին», - ասաց Սաֆարյանը:

Սաֆարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթվանից պետք է սկսեն ընտրացուցակների մաքրման աշխատանքները, որպեսզի հստակեցվեն հանրապետությունից բացակայողների եւ այլոց բնակարանների վրա գրանցվածների տվյալները: Թեկնածուն համոզված է, որ ընտրացուցակները մայիսի 6-ի ընտրություններում առնվազն 7- 8 հազարով ուռճացված են եղել, ինչի հաշվին է ապահովվել Ռուբեն Հայրապետյանի հաղթանակը: Նա, ի դեպ, այսօր բանավեճի հրավիրեց իր հանրապետական մրցակցին:

«Ես հրավիրում եմ Ռոբերտ Սարգսյանին հեռուստաբանավեճի եւ ակնկալում են, որ որեւէ հեռուստաընկերություն հանդես կգա նախաձեռնողի եւ այս կոչին արձագանքողի դերում», - ասաց Սաֆարյանը:

Հանրապետական կուսակցության տարածքային կառույցը գլխավորող Մանվել Ջավադյանը դժվարացավ կանխատեսել, թե Ռոբերտ Սարգսյանը կհամաձայնի բանավեճի առաջարկին, թե` ոչ: Անդրադառնալով վարչական ռեսուրսի համատարած չարաշահման մասին Ստյոպա Սաֆարյանի փաստարկներին` Ջավադյանն ասաց. - «Ավանի մասով կարող եմ ասել, որ նման բան չկա: Հայաստանում ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն, եւ անկախ տարբեր ազդեցություններից` մարդիկ ընտրատեղամասում կատարում են իրենց ընտրությունը»:

Հավելենք, որ այս ընտրատարածքում բացի վերոնշյալ երկու թեկնածուներից, պայքարում են նաեւ Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանն ու Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ, ինքնաառաջադրված Էդվարդ Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG