Մատչելիության հղումներ

logo-print

«Ֆրանսիայում հանրային կարծիքը դեմ է Ցեղասպանության օրինագծին»


Ֆրանսիա - Հայերը հանրահավաք են անցկացնում Ֆրանսիայի սենատի առջեւ՝ իրենց աջակցությունը հայտնելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, 23-ը հունվարի, 2012թ․

Ֆրանսիա - Հայերը հանրահավաք են անցկացնում Ֆրանսիայի սենատի առջեւ՝ իրենց աջակցությունը հայտնելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, 23-ը հունվարի, 2012թ․

Եվրոպայի Հայ դատի նախկին ատենապետ, ֆրանսահայ համայնքի ակտիվիստներից Հիլդա Չոբոյանը մտահոգված է․ Ֆրանսիայում հանրային կարծիքը դեմ է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանելուն։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տիկին Չոբոյանն ասաց՝ նման օրենք ընդունելու համար միայն Ֆրանսիայի նախագահի կարծիքը բավարար չէ․ հանրային կարծիքն է պետք փոխել, եւ այս հարցում հայ համայնքը հսկայական աշխատանք պետք է կատարի։

«Երբ այդ օրինագիծը օրակարգ բերվեց, մենք մեծ խնդիր ունեցանք հանրային կարծիքի հետ։ Մտավորականներ, մամուլ․․․ բոլորը հայ համայնքի դեմ լարվեցին։ Ամբողջ մի շարժում գոյություն ունի Ֆրանսիայի մեջ, ըստ որի պատմական իրողությունները պատմաբանների խնդիրն է եւ պատմական իրողությունների վրա օրենք պետք չէ ընդունել», - մանրամասնեց Հիլդա Չոբոյանը, - «Այդ աշխատանքը շատ կարեւոր աշխատանք է։ Այդ աշխատանքը շատ դանդաղած է այսօր։ Պետք է այդ աշխատանքը արագացնել, խորացնել, ընդլայնել։ Պատմաբանների մոտ եւ ֆրանսիական մամուլի մոտ հսկայական գործ կա տանելիք։ Պետք չէ սպասել, որ նախագահը այո, կամ ոչ անի, որովհետեւ նախագահը ինքն էլ ենթակա է հանրային կարծիքի։ Եթե նախագահը հարմար առիթ տեսնի եւ ընդունի այդ օրենքը սեղանի վրա բերել, պետք է հանրային կարծիքը պատրաստ լինի»։

Մեր հարցին՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կկատարի՞ նման օրինագիծ ընդունելու վերաբերյալ իր նախընտրական խոստումը, տիկին Չոբոյանը արձագանքեց․ - «Հավանական է, որ կկատարի, բայց ի՞նչ ձեւով, ի՞նչ բովանդակությամբ՝ հարցականի տակ է»։

Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատներում էլ, բայց Սահմանադրական խորհուրդ այն հակասահմանադրական ճանաչեց եւ օրինագիծն այդպես էլ օրենքի ուժ չստացավ։ Հակասահմանադրական ճանաչված այդ օրինագիծը հեղինակել էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի «Ժողովրդական շարժման միություն» կուսակցությունը, սակայն գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես օրինագծին կողմ էր եւ նորի նախաձեռնումը իր նախընտրական թեզերից էր դարձրել, բայց արդեն կես տարի է՝ նա ձեռնպահ է մնում իր նախընտրական խոստումը կատարել։

Նշենք, որ Հայաստանի նախագահի նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ո՛չ Օլանդը, ո՛չ Սարգսյանը չխոսեցին Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող նոր օրինագծի ճակատագրից։
XS
SM
MD
LG