Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն «անիմաստության դաշտից հեռու է մնալու»


Իշխող ՀՀԿ-ի պատգամավորները Ազգային ժողովում, արխիվ

Իշխող ՀՀԿ-ի պատգամավորները Ազգային ժողովում, արխիվ

Հանրապետական կուսակցությունը «անիմաստության դաշտից հեռու է մնալու»: Այս մասին ուրբաթ օրը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք նոյեմբերի 21-ին ՀՀԿ-ն կմասնակցի՞ Ազգային ժողովի արտահերթ նիստին:

Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը» եւ «Բարգավաճ Հայաստանը» նոյեմբերի 21-ին նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ` հավաքելով անհրաժեշտ 44 ստորագրությունները: Ընդդիմությունը ցանկանում է այդ նիստում քննարկել մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն նվազեցնել նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրակեղծիքները:

Սակայն բոլորի համար էլ պարզ է, որ քվորում չի ապահովվի եւ այդ նիստը տեղի չի ունենա, եթե ՀՀԿ-ականները չմասնակցեն դրան: ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» միասին ունեն 53 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 ձայն: Այն, որ ՀՀԿ-ականները հակված չեն մասնակցել այդ նիստին, իշխող ուժի պատգամավորները չեն էլ թաքցնում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ընդդիմության նախաձեռնությունը համարելով «անիմաստություն», ասում է, որ այդկերպ նրանք պարզապես փորձում են նախագահական ընտրություններից առաջ ակտիվանալ, մինչդեռ ՀՀԿ-ն ակտիվանալու խնդիր չունի:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հինգշաբթի օրը հայտարարել, էր, որ եթե ՀՀԿ-ականները փորձեն տապալել նոյեմբերի 21-ի արտահերթ նիստը, ապա դրանով «ցույց կտան իրենց դեմքը»:

Այսօր Գալուստ Սահակյանը այսպես հակադարձեց Զուրաբյանին. - «Անտառում ընդհանրապես ամենապարծենկոտ կենդանին ո՞րն է»:

Մինչդեռ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ եթե իշխող ՀՀԿ-ն չգա հաջորդ չորեքշաբթի նախատեսված նիստին, ապա խայտառակ կլինի:

«Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է Հանրապետական կուսակցության համար, չի սազում: Եթե Հանրապետականը նոյեմբերի 21-ին չգա, ինձ թվում է` իրեն խայտառակ կանի», - ասաց նա:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց. - «Եթե գտնում են, որ այդքան սարսափելի է անգամ նախագիծը քննարկելը, ապա ես այստեղ մեկնաբանելու որեւէ բան չունեմ»:

Գալուստ Սահակյանն էլ, հակադարձելով ԲՀԿ-ին, հեգնեց. - «Ընդհանրապես ամեն ինչից սարսափած ենք եւ սարսափներով էլ առաջ կգնանք»:

Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են

Մյուս շաբաթ նախատեսված արտահերթ նիստից բացի խորհրդարանականները անդրադարձան նաեւ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին եւ ԲՀԿ-ի նախաձեռնած խորհրդակցություններին: Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե այդ քննարկումները կուսակցությունների հետ դեռ շարունակվում են, եւ միայն գործընթացը ավարտելուց հետո կարելի է խոսել, թե արդյոք հնարավոր եղավ ձեւավորվել միասնական օրակարգ: Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր դեպքում ԲՀԿ-ն կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանին, Զոհրաբյանը հիշեցրեց իրենց վերջին մարզային հանդիպումները, որոնց ժամանակ ԲՀԿ-ը ակտիվի շրջանում գերակշռող կարծիքն այն է եղել, որ կուսակցությունը պետք է ընտրություններին մասնակցի սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն պետք է Գագիկ Ծառուկյանը լինի:

«Քննարկումները շարունակվում են քաղաքական խորհրդում, եւ շատ ժամանակ չմնաց սպասելու: Առաջիկայում մենք կունենանք որոշումը, որը, վստահ եղեք, ձեզանից գաղտնի չենք պահի», - ասաց Զոհրաբյանը:

Այս շաբաթ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ վարչապետը Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով 2011-ին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ստորագրված հուշագրին, որով ԲՀԿ-ն պարտավորվել էր սատարել Սերժ Սարգսյանին, ասել էր, թե ԲՀԿ-ն պաշտոնապես չի հայտարարել, որ այդ հուշագիրը այլեւս չի գործում: Արձագանքելով վարչապետի այդ պնդմանը` Նաիրա Զոհրաբյանն այսօր Տիգրան Սարգսյանին հետեւյալ առաջարկն արեց. - «Եթե վարչապետը կարող է վստահաբար պնդել, որ ԲՀԿ-ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիա գոյություն ունի, եթե ինքը դա կարողանա ապացուցել, ապա մենք կքննարկենք նրա առաջադրած հաջորդ հարցը»:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ, պատասխանելով հարցին, թե ե՞րբ վերջապես պարզ կլինի` ո՞ւմ է առաջադրելու ՀԱԿ-ը առաջիկա նախագահական ընտրություններում, կես կատակ ասաց, թե ամեն ինչ պարզ կլինի 2 շաբաթ, 4 ժամ, 15 րոպե հետո: Լրագրողները հարցրեցին, թե ո՞ր դեպքում ՀԱԿ-ը կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Հրանտ Բագրատյանն ասաց, թե երբ տեսնի, որ Սերժ Սարգսյանը լավ նախագահ է, ապա, իհարկե, կպաշտպանի նրան եւ դեռ մի բան էլ ավելին:

«Ոչ միայն կպաշտպանեմ, կեթամ, չեմ հեռանա իրենից, կասեմ` ի՞նչ անեմ, պահակ ընդունեք, օգնեմ Ձեզ: Ինչո՞ւ չէ… եթե տեսնեմ, որ արտագաղթը կանգնում է, եթե տեսնեմ, որ մի հատ նախագահ ունենք, որ օհ-հո-հո… իհարկե, հո՞ ինքնանպատակ չէ այս ամեն ինչը», - ասաց Բագրատյանը:
XS
SM
MD
LG