Մատչելիության հղումներ

logo-print

ՆԳՆ ձերբակալված աշխատակիցները ապօրինի գաղտնալսումներ են կատարել


Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին ասուլիսի ժամանակ, արխիվ

Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին ասուլիսի ժամանակ, արխիվ

Վրաստանի գլխավոր դատախազը մանրամասներ է հայտնել ՆԳՆ նախկին եւ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների գործի մասին։

Գաղտնալսող «վիրուսներ»

Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին այսօր Թբիլիսիում ասել է, թե ներքին գործերի նախարարության սահմանադրական անվտանգության վարչության ղեկավարների հանձնարարությամբ ստեղծվել է համակարգչային վիրուսային ծրագիր, որն ընձեռել է օգտատերի համակարգիչ ներթափանցելու եւ դրանում պահվող տեղեկությունները հայթայթելու հնարավորություն։

«Այդ ծրագրի միջոցով նաեւ տեսաձայնային դիտարկում են կատարել այն սենյակում, որտեղ գտնվում է համակարգիչը», - ասել է գլխավոր դատախազը։

Կբիլաշվիլիի փոխանցմամբ` սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցները վիրուսային ծրագրի միջոցով ներթափանցել են քաղաքական կուսակցությունների եւ կրոնական կազմակերպությունների օգտատերերի համակարգիչներ։

Թիրախը` անվանի գործիչներ

Այդպիսի ապօրինի ներխուժումների են ենթարկվել, մասնավորապես, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի, ինչպես նաեւ «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի համակարգիչները։

Չեն բացառվում նոր ձերբակալություններ

«Այսօր գլխավոր դատախազությունը պաշտոնական մեղադրանք է ներկայացնելու եւ Թբիլիսիի քաղաքային դատարանին կխնդրի խափանման համապատասխան միջոց ընտրել», - ասել է Արչիլ Կբիլաշվիլին։

Նա չի բացառել, որ այս գործում ի հայտ կգան նոր ամբաստանյալներ։

12 ձերբակալվածների թվում են ներքին գործերի նախկին փոխնախարար, Թբիլիսիի նախկին փոխքաղաքապետ Շոթա Խիզանիշվիլին եւ ներքին գործերի նախարարության սահմանադրական անվտանգության վարչության նախկին պետ Լեւան Կարդավան։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG