Մատչելիության հղումներ

Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրեց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը: Վերջինս հավելեց, որ գեներալ-լեյտենանտ Փայտյանը հարցաքննվել է որպես վկա եւ հարցաքննությունն էլ տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ:

Մերի Սարգսյանը շարունակեց, թե գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանից բացի հարցաքննվել են նաեւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Սարգսյանը, սակայն, հրաժարվեց անուններ նշել: Մեր զրուցակիցը նաեւ դժվարացավ ասել, թե քրեական գործի շրջանակներում որեւէ այլ բարձրաստիճան զինվորական առաջիկայում հարցաքննվելու՞ է, թե՞ ոչ:

Հիշեցնենք՝ բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու կապակացությամբ դեռ այս տարվա հունիսին էր քրեական գործ հարուցվել։ Սակայն գրեթե հինգ ամիս շարունակվող նախաքննության արդյունքում Զինված ուժերի բարձրաստիճան որեւէ ներկայացուցչի առ այսօր մեղադրանք ներկայացված չէ, եւ մոտ 2.5 ամիս կալանավորված է միակ մեղադրյալը` Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը:

Այս ընթացքում` սեպտեմբերի 6-ին, Հանրապետության նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, ով համակարգում էր Զինված ուժերում գնումների եւ մատակարարումների ոլորտը: Ըստ մամուլի հրապարակումների, նա տեւական ժամանակ հեռացել էր Հայաստանից:

Այսօր էլ Արշալույս Փայտյանի հետ կապվել չհաջողվեց:

Ի դեպ, մոտ մեկ շաբաթ առաջ պատասխանելով «Հրապարակ» պարբերականի հարցերին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե գեներալ-լեյտենանտ Փայտյանը «արդեն պատժվել է ադմինիստրատիվ առումով՝ աշխատանքից ազատվել է»:

«Իրականում այն խաբելու փաստը, որը տեղի է ունեցել, այդ մարդիկ իրենց պատիժները ստացել են»,- ասել էր Օհանյանը` խորհուրդ տալով հարուցված քրեական գործի առնչությամբ հարցերն ուղղել համապատասխան մարմին:
XS
SM
MD
LG