Մատչելիության հղումներ

Նախաձեռնությունը, ըստ Ազգային ժողովի փոխնախագահի, «քաղաքական հնարք է»։

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` ընդդիմության եւ այլընտրանքի նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստին քվորում չի լինի։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախօրեին հայտարարեց, որ հաջողվել է հավաքել արտահերթ նիստի գումարման համար պահանջվող 44-ից ավելի պատգամավորների ստորագրություններ։

ՀԱԿ-ը մշակել է Ընտրական օրենսգրքում, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» եւ Քրեական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների փաթեթ, որի քննարկման համար էլ ցանկանում է արտահերթ նիստ հրավիրել: Այդ փոփոխությունները, ըստ ընդդիմադիր խմբակցության, հնարավորություն կտան կանխել իշխանությունների կողմից նախագահական ընտրությունների ժամանակ կատարվելիք ընտրակեղծիքները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ զարգացումներ է ակնկալում արտահերթ նիստի հետ կապված, Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. - «Ակնկալում եմ` որեւէ զարգացում չի լինի, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը եւ կոալիցիոն ուժերը օրակարգում այդ հարցի ընդգրկմանը դեմ են քվեարկել լիագումար նիստի ժամանակ, կարծում եմ, նույնը կլինի նաեւ արտահերթ նիստին։ Այսինքն` 44 ստորագրություն է անհրաժեշտ, բայց որպեսզի քվորում լինի, անհրաժեշտ է 66։ Ես խիստ կասկածում եմ եւ հավանական չեմ համարում, որ 66 հոգի ներկա կլինի եւ կգրանցվի եւ քվորում կապահովվի, որպեսզի քննարկեն ընդդիմության եւ այլընտրանքի առաջարկած օրակարգը»։

«Եթե մենք կողմ լինեինք այդ օրակարգին, ապա մենք ինքներս դեմ չէինք քվեարկի լիագումար նիստի օրակարգում ներառելու համար», - ընդգծեց իշխող կուսակցության խոսնակը` շարունակելով. - «Ուստի դրանց ընդամենը մի ճակատագիր է սպասում, որ այդ քննարկումները չեն լինի, ընդամենը մենք այդ ժամերի ընթացքում խորհրդարանի միջանցքներում կամ մամուլի ակումբներում ականատես կլինենք քաղաքական շոուի դրսեւորումների տարբեր գործիչների կողմից»։

Իսկ հարցին, թե, հետեւաբար, ո՞րն է նախաձեռնության նպատակը, Շարմազանովը պատասխանեց. - «Նպատակը մեկն է` քաղաքական հնարքները, քաղաքական շահարկումները, իրենց կարծիքը եւս մեկ անգամ բարձրաձայնելը, ընտրությունների նախաշեմին կարծիք արտահայտելը` ես չեմ ուզում ոչ կոռեկտ արտահայտություններ անել»։

«Դա քաղաքական հնարք է, որ ամբողջ աշխարհում էլ այդպես է` մարդիկ հնարավորություն ունեն 44 ձայն հավաքել, 44 ստորագրություն հավաքել, բայց 66 չունեն` մեծամասնություն։ Բնականաբար, կարող է ոչ միայն այս հարցով` ապագայում իրենք հաճախակի 44-ը հավաքեն, սակայն որպեսզի լինի նիստ արտահերթ, անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական մեծամասնությունը միանա այդ նախաձեռնությանը։ Իսկ եթե քաղաքական մեծամասնությունը գտնի, որ նման նախաձեռնություն անհրաժեշտ է, ինքը դեմ չէր քվեարկի լիագումար նիստի օրակարգ ներառելու համար», - ամփոփեց Ազգային ժողովի փոխնախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG