Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 16-ի մամուլ


«Հայոց աշխարհն» արձագանքում է խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությանը. - «Քաղաքական առումով ի՞նչ հեռանկար ունի այս նախաձեռնությունը: Նախ, արտահերթ նիստի նախաձեռնողները հազիվ թե պատրանք ունենան, որ ներկայացված փոփոխությունները կարող են ընդունվել։ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը միասին խորհրդարանում ունեն հստակ մեծամասնություն, եւ եթե իշխող երկու ուժերը դեմ արտահայտվեն ներկայացված փաթեթին, ապա այն չի ընդունվի, ինչը կանխատեսվող ամենահավանական տարբերակն է։ Սա, իհարկե, հոյակապ հասկանում են ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ նախաձեռնությանը միացած մյուս ուժերը, ինչ խոսք, նաեւ Լեւոն Զուրաբյանը։ Հարց է ծագում, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի նման նախաձեռնությամբ հանդես գալ՝ վստահ լինելով, որ այն կմերժվի։ Ողջ հարցը հենց այն է, որ նախաձեռնությամբ հիմնական նպատակներից մեկը այդ կանխատեսելի մերժմանը հասնելն է, հրապարակային դաշտում այն ամրագրելը։ Կարելի է ասել, որ դա այս նախաձեռնության առանցքային շեշտադրումն է»։

«Ժամանակ» օրաթերթը գրում է. - « Նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը վարեց այնպիսի տնտեսական քաղաքականություն, որ երկրում տեղի ունեցավ առանց այդ էլ բարձր սոցիալական բեւեռացվածության կտրուկ աճ: Այսինքն՝ մի շերտը էլ ավելի հարստացավ` պահպանելով իր մոնոպոլ ու օլիգոպոլ դիրքերը եւ նույնիսկ ավելացնելով դրանք, իսկ բնակչությունը էլ ավելի աղքատացավ: Պատճառաբանությունները, որ բերվում են միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի տեսքով, արդեն ոչ մեկին չեն հետաքրքրում: Կառավարությունները հենց նրա համար են, որ չեզոքացնեն ճգնաժամերի հետեւանքները, եւ եթե չեն կարողանում, ապա պետք է հեռանան: Սերժ Սարգսյանի իշխանությունը չի հեռանում, բայց փոխարենը լավ նախադրյալներ է ստեղծում հեռացած Ռոբերտ Քոչարյանի ռեաբիլիտացիայի համար»:

«Առավոտ»-ին տված հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասում է, թե չի հիշում որեւէ դեպք, երբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ լիներ մեծամասնական ընտրակարգին. - «Եթե խոսվում է ԲՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆեոդալների մասին, ուրեմն թող իրենց աչքի գերա՛նը տեսնեն: Ա’յ, երբ որ Գյումրիում հայտարարվում է, որ մարդիկ 100 դոլար չունենալով՝ մտան քաղաքականության մեջ, իմ աչքի առաջ միանգամից գալիս է Ռոբերտ Քոչարյանը: Ու եթե Գագիկ Ծառուկյանը նրան նկատի ուներ, տեսնելուց ասելու եմ՝ թխի թող գա, որովհետեւ այդ մարդը 2003-ի նախագահական ընտրություններում իր հայտարարագրմամբ ամենաաղքատ նախագահի թեկնածուն էր, այսօր Հայաստանի ամենահարուստ մարդն է՝ բոլոր տեղեկատվական ոլորտի, հանքարդյունաբերության եւ այլնի սեփականատերն է, ինչը այս երկրում զարգանալու հնարավորություն կամ նյութական արժեքներ բերելու հնարավորություն ունի: Ու այս մարդիկ դեռ իրենց իրավունք են վերապահում խորհուրդներ տան: Ընդհանրապես այն կուսակցությունները, ովքեր փողով քվե են գնել, ովքեր հայ մարդու ընտրելու իրավունքը փողով են գնահատել՝ թքել են էդ մարդու հոգու, խղճի վրա: Այդ մարդիկ ժողովրդի անունից խոսելու, ժողովրդի առաջ ելույթ ունենալու ու մեծ-մեծ խոսելու իրավունք չունեն»:

«Հայկական ժամանակ»-ն անդրադառնում է «Հայկական պանիր» ծրագրին եւ հեգնում. - «2009 թվականին մեկնարկած «Հայկական պանիր» ծրագիրը շռնադալից կերպով տապալված այն նախագծերից է, որոնց պակաս` հատկապես վերջին տարիներին չի զգացվել: Դե, հիշում եք, «Հայկական աշխարհը», Ջերմուկը, Գյումրին, Դիլիջանը… Ի տարբերություն տապալված մյուս ծրագրերի, այս մեկն ունի տապալումն արձանագրող հստակ տվյալներ: Կառավարությունը եւ պանրագործներն այս ծրագրի մեջ ներդրեցին 3-ական միլիոն դրամ, մի լավ աղմուկ բարձրացրին, հայտարարեցին, որ կառավարությունը կհատկացնի եւս 200 միլիոն դրամ… եւ արտահանեցին 25 տոննա պանիր: Դրանով նախագիծը սպառվեց: Որպեսզի պատկերավոր լինի, թե որքան է 25 տոննա պանիրը, նշենք, որ Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 17 հազար տոննա: Այսինքն, այդքան աղմուկից հետո արտահանվել է ընդամենը երկու բեռնատար պանիր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG