Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ադրբեջանում իշխանափոխությո՞ւն է ծրագրում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնոջ եւ դստեր հետ, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնոջ եւ դստեր հետ, արխիվ

Ռուսաստանաբնակ ադրբեջանցի մեծահարուստները միավորվել են եւ կազմակերպություն ստեղծել։

Արդեն շուրջ երկու ամիս է՝ Բաքվում չեն դադարում քննարկումները Ադրբեջանում օլիգարխների օգնությամբ հեղաշրջում կազմակերպելու՝ Կրեմլի ծրագրերի շուրջ։

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանում ապրող մի խումբ ադրբեջանցի միլիարդատերեր միավորվեցին եւ ստեղծեցին Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միություն, որը ղեկավարում է Ադրբեջանի նախկին առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովը։ Ընդ որում, ադրբեջանցի միլիարդատերերի միավորումը համընկավ Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին, որտեղ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հաղթեց գործող նախագահին, որոշ փորձագետների համոզմամբ` եթե ոչ Ռուսաստանի աջակցությամբ, ապա գոնե` լուռ համաձայնությամբ։

Պաշտոնական Բաքուն պատահական չհամարեց այս զուգադիպությունը, սփյուռքի հարցերով զբաղվող պետական կոմիտեն անգամ հրապարակավ հայտարարեց, թե նոր միավորումն անիմաստ է եւ աննպատակահարմար, քանի որ Ռուսաստանում տասը տարի է՝ արդեն կա Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես, որը ստեղծվել է Հեյդար Ալիեւի իշխանավարման օրոք եւ նրա անմիջական մասնակցությամբ։

Ավելին, Իլհամ Ալիեւը Մոսկվա գործուղեց իր աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով զբաղվող վարչության պետ Ալի Հասանովին, ով, սակայն, հայրենիք վերադարձավ բավական մռայլ հայտարարություններով։ «Յուրաքանչյուր ադրբեջանցի, ով կապված է այս պետության հետ, պետք է աշխատի բարելավել հարաբերությունները Բաքվի եւ այն երկրի միջեւ, որտեղ ինքը ապրում է, եւ ոչ թե դառնա գործիք այլոց ձեռքում՝ Ադրբեջանի անկախ քաղաքականության վրա ազդելու համար», - հայտարարեց Հասանովը՝ առանց կոնկրետ անուններ հրապարակելու։

Մինչդեռ իրենք՝ միավորման հետեւում կանգնած օլիգարխները, հերքում են Կրեմլի ձեռքում գործիք դառնալու մասին պնդումները, սակայն չեն էլ թաքցնում, որ վիրավորված են Ադրբեջանի ներկայիս իշխանություններից։

«Ռուսաստանում նախկինում կար Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես, սակայն երկու տարի առաջ Բաքվից սկսեցին միջամտել այդ կառույցի աշխատանքներին, անգամ՝ փոխեցին կառուցվածքն ու վերացրեցին փոխնախագահների ինստիտուտը, ինչի արդյունքում, գործարարները վիրավորվեցին, քանի որ նրանց փաստացի քշեցին։ Նրանք էլ ասացին՝ եթե մեզ չեն հարգում, մենք այլեւս գումար չենք տա», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում պատմել է նոր կազմակերպության հիմնադիրներից մեկը՝ գրող, դրամատուրգ, ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը։ «Ահա, մենք էլ հավաքվեցինք եւ ստեղծեցինք նոր կազմակերպություն՝ Ռուսաստանում ապրող միլիոնավոր ադրբեջանցիների շահերը պաշտպանելու համար։ Չեմ հասկանում, թե ինչու է այս հարցն այդքան մտահոգել իշխանություններին», - ասել է դրամատուրգը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու նոր կազմակերպության հիմնադրումը չի համաձայնեցվել Ալիեւի վարչակազմի հետ, դրամատուրգը փաստել է՝ կառույցը հիմնել են Ռուսաստանի քաղաքացիները, որոնք ամենեւին պարտավոր չեն իրենց քայլերը համաձայնեցնել Ադրբեջանի ղեկավարության հետ։ «Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների նախագահը Պուտինն է, եւ նրանց հնարավոր չէ կարգադրություններ անել Բաքվից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռուսաստանում ստեղծված նոր կազմակերպության համահիմնադիր Ռասիմ Իբրահիմբեկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG