Մատչելիության հղումներ

Նոր պատերազմական գործողություններ՝ Իսրայելի ու «Համասի» միջեւ


Պաղեստին -- Գազայի հատվածը Իսրայելի հրթիռակոծությունից հետո, 15-ը նոյեմբերի, 2012
Պաղեստին -- Գազայի հատվածը Իսրայելի հրթիռակոծությունից հետո, 15-ը նոյեմբերի, 2012
Իսրայելի եւ «Համաս» ռազմական խմբավորման միջեւ բախումների արդյունքում առնվազն 16 մարդ է զոհվել: Պաղեստինյան Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից առնվազն 13 մարդ է զոհվել՝ այդ թվում երկու երեխա, իսկ «Համասի» հրթիռակոծության արդյունքում Իսրայելում 3 մարդ է սպանվել:

Իսրայելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արտյոմ Չերնամորյանը այսօր հեռախոսով փոխանցեց, որ հայերի շրջանում տուժածներ չկան: Երկրի հարավային շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, Գազայի հատվածից հրթիռներ են արձակվում, տագնապի ազդանշաններով խաղաղ բնակիչները թաքնվում են ռմբապաստարաններում, նկուղներում:

«Համասի» հրթիռակոծությունը շատ ավելի ինտենսիվ դարձավ այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը Իսրայելի զինված ուժերի գործողության արդյունքում սպանվեց «Համասի» ռազմական թեւի ղեկավար Ահմեդ Ջաբարին: «Համասի» զինյալները տասնյակ հրթիռներով ռմբահարեցին Իսրայելի հարավային շրջանների բնակավայրերը, որի արդյունքում այսօր երեք իսրայելցի է զոհվել:

Ոստիկանության խոսնակ Միք Ռոզենֆելեդը այս միջադեպի մասին ասաց, որ հրթիռը հարվածել է բնակելի տան վերեւի հարկին: Նա նշել է, որ երեկվանից մինչեւ հիմա Իսրայելի վրա 130 հրթիռ է արձակվել:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ասել է, որ Իսրայելի բանակը պատրաստ է ընդլայնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Իսկ պաշտպանության նախարարության խոսնակ Ավիտալ Լիբովիչը այսօր «Ռոյթերզին» ասել է, թե «բոլոր տարբերակները սեղանի վրա են, ներառյալ ցամաքային գործողության հնարավորությունը»:

Ռամալայում Պաղեստինի ինքնավարության հետաքննությունների ծառայության ղեկավար Թավիք Թիրավին էլ «Ռոյթերզին» ասել է՝ այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, «հանցագործություն է պաղեստինյան ժողովրդի դեմ»:

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը ընդհատում է եվրոպական այցելությունը, շտապ Պաղեստին վերադառնալու համար: Աբասը թեեւ 2007 թվականից կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածի վրա, այնուհանդերձ, նա համարվում է պաղեստինյան տարածքների ղեկավարը:

Եգիպտոսի իսլամիստ նախագահ Մուհամադ Մուրսին այսօր ասել է, թե Իսրայելի ագրեսիան անընդունելի է: Եգիպտոսը Իսրայելից ետ է կանչում իր դեսպանին:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը այսօր զսպվածության կոչ է արել՝ նշելով, որ պատասխանատվությունը հիմնականում ընկնում է «Համասի» վրա: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիսուը եւս զսպվածության կոչ է արել՝ նշելով, որ առանց այդ էլ շատ անհանգիստ տարածաշրջանում նոր լարվածությունը աղետալի կլինի: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը խստորեն դատապարտել է Իսրայելին եւ քննադատել Վաշինգտոնին՝ Իսրայելին պաշտպանելու համար:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի վարչապետի եւ Եգիպտոսի նախագահի հետ: Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոներն ասել է, թե ԱՄՆ-ը պաշտպանում է Իսրայելի «ինքնապաշտպանվելու իրավունքը եւ կշարունակի աջակցել Իսրայելին»:

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով գտնվում էր Սաուդյան Արաբիայում, ասել է. - «Այն, ինչ այսօր կատարվում է տարածաշրջանում, պաղեստինյան տարածքներում, մեզ խորապես մտահոգում է: Մենք գտնում ենք, որ պետք է անհապաղ դադարեցվեն հրաձգությունենրը, հարվածները եւ բոլոր բռնությունները»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել երկու կողմերին՝ հորդորելով հարգել միջազգային հումանիտար օրենքերը: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր արտակարգ նիստ կգումարի այս հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG