Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն հանցակազմ չի գտել ոստիկանների գործողություններում


Հայաստան -- Իր բնակարանում սպանված 44-ամյա ուսուցչուհի Լուսինե Ղազարյանի լուսանկարը, Երեւան, արխիվ
Հայաստան -- Իր բնակարանում սպանված 44-ամյա ուսուցչուհի Լուսինե Ղազարյանի լուսանկարը, Երեւան, արխիվ
Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմ չի գտել Կոմիտաս 30 հասցեում ուսուցչուհի Լուսինե Ղազարյանի դաժան սպանության գիշերը ահազանգին մի քանի ժամ ուշացումով արձագանքած ոստիկանների գործողություններում: Ըստ պաշտոնական տեղեկատվության, ՀՔԾ-ն կարճել է պաշտոնեական անփութություն դրսեւորելու հատկանիշներով քննվող քրեական գործի վարույթը` ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահների օգնականների եւ օպերատիվ խմբի ոստիկանների գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ոստիկանների աշխատանքում հայտնաբերվել են միայն տարբեր թերացումներ եւ բացթողումներ, ինչը վերացնելու համար ՀՔԾ-ն դիմել է ոստիկանություն, միջնորդելով քննարկել ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարած ոստիկաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Ի դեպ՝ դաժան սպանությունը կատարողներն էլ մինչ օրս չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, հնչեղություն ստացած այս դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 12-ի գիշերը ժամը 4։30-ի շրջակայքում: Լուսինե Ղազարյանի ներքեւի հարեւանուհին արթնացել էր վերեւից լսվող տարօրինակ խռխռոցի ձայներից եւ իր պնդմամբ, անմիջապես զանգել Ոստիկանություն, սակայն ոստիկանները մահացածի տուն մտել էին երրորդ ահազանգից հետո միայն՝ դեպքից շուրջ 2,5 ժամ անց: Անհանգստանալով, որ Լուսինե Ղազարյանի բջջային եւ քաղաքային հեռախոսահամարներին իրենց բազմաթիվ զանգերն անպատասխան են մնում, հարեւաններն են բացել նրա դուռը եւ ներս մտելով՝ կնոջը գտել սպանված:

Լուսինե Ղազարյանի քույրը՝ Մարի Ղազարյանը, շարունակում է պնդել, որ առնվազն հանցագործներին տեղում չհայտնաբերելու համար Ոստիկանությունն է պատասխանատու եւ ոստիկանները պետք է պատասխան տան։

«Գուցե հենց առաջին ահազանգի հետքերով տուն մտնելու դեպքում հնարավոր լիներ նաեւ քրոջս փրկել», - ասում է նա, - «Երկար պայքար է տեղի ունեցել գողի ու քրոջս միջեւ. ձայները շատ երկար են տեւել։ Պատկերացնո՞ւմ եք ինչ ձայներ են եղել, որ հարեւանները ժամը 4.30 զանգահարել են ու օգնություն են խնդրել։ Փաստորեն, ոստիկանությունը ոչ մի օգնություն չի ցուցաբերել: Գան պտտվեն շենքի շուրջն ու գնա՞ն։ Բա չմտնե՞ս զանգահարողի տուն, ասես ժամը չորսին ինչո՞ւ եք զանգահարել, ո՞ւր է, որտե՞ղ է»:

Հատուկ քննչական ծառայությունը գործի ուսումնասիրության արդյունքում հաստատել է, որ սպանվածի հարեւանուհին այդ գիշեր ժամը 4.40 ից սկսած երեք անգամ ահազանգել է ոստիկանություն։ Առաջին ահազանգից հետո տարածքում հերթապահություն իրականացնող երկու օպերները մտել են շենք, բայց ձայն չեն լսել՝ միայն աղբահանություն իրականացնող մեքենա են տեսել: Ահազանգը ստացած հերթապահներն էլ չեն փորձել ահազանգող քաղաքացուց լրացուցիչ տվյալներ ճշտել: Երկրորդ զանգից հետո էլ հերթապահը «չի կողմնորոշվել» եւ «համարժեք չի գործել»: «Եվ միայն ժամը 06։32-ին, Մարիա Մելիքյանի երրորդ հեռախոսազանգից հետո, ոստիկանության օպերատիվ խմբին հրահանգ է տրվել մեկնել դեպքի վայր, որտեղ էլ հայտնաբերել են Լուսինե Ղազարյանի դին», - նշված է ՀՔԾ-ի միջնորդագրում: Ի դեպ՝ գործի քննությամբ նաեւ պարզվել է, որ «արհեստավարժ չեն գործել Լուսինե Ղազարյանի սպանության դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի անդամները նույնպես»: Մասնավորապես՝ «խիստ թերի» են կատարել դեպքի վայրի զննումը, հաշվի չեն առել «բռնություն գործադրելու փաստը հիմնավորող ապացույցներ» հանդիսացած վնասվածքները եւ մինչեւ դատաբժշկական փորձագետի կողմից տրված հաղորդումը չեն կարծել, որ կատարվածը սպանություն է: Նախապես իրավապահներն առաջ էին քաշում հանկարծամահ լինելու վարկածը, բայց երբ դեպքի հաջորդ օրը ստացվել է խեղդամահ լինելը փաստող դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով:

Հատուկ քննչական ծառայությունը թերացած պաշտոնյաների անուններ չի նշում, բայց արձանագրում է, որ «Լուսինե Ղազարյանի սպանության դեպքի վայր են մեկնել նաեւ ոստիկանության օպերատիվ աշխատանքի բազմամյա փորձ ունեցող, ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ քրեական հետախուզության բաժանմունքի պետերը, ովքեր իրենց ցուցմունքներում նույնպես պնդել են, որ դեպքի վայրում Լուսինե Ղազարյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն նկատել եւ մինչեւ դատաբժշկական փորձագետի կողմից տրված հաղորդումը չեն կարծել, որ կատարվածը սպանություն է»:

Լուսինե Ղազարյանի քույրը մեզ հետ զրույցում այս համատեքստում հիշատակեց նաեւ այդ ժամանակ Արաբկիրի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Արթուր Մեհրաբյանի անունը, ով վերջերս նշանակվեց Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ։

«Իր գործը «լավ» կատարելուց հետո պաշտոնի բարձրացում է ստացել պարոն Մեհրաբյանը..․», - ասում է քույրը։

Լուսինե Ղազարյանի հարազատների համար այս պահին ամենակարեւորը նրա սպանությունը կատարողին հայտնաբերելն է։

«Մեր մեջ հիմա խոսում է չարությունը։ Ո՞վ է եղել այդ մարդը. սխալմամբ է եկել, թե՞ եկել է գողության, մեր աղջիկը ճանաչել է, դրա համար այդ քայլին է դիմել ու չի հասցրել ոչինչ տանել։ Թող բերեն մեզ ցույց տան, որ տեսեք՝ այս մարդն է հանցանքը կատարել, թող շուտափույթ գտնեն, որ ուրիշ դեպքեր էլ չլինեն: Այս դեպքից հետո մեր շրջապատում մարդիկ վախով են ապրում իրենց տներում։ Վախենում են, որովհետեւ հանցագործն ազատ շրջում է ու երեւի մեզ վրա էլ ծիծաղում», - վրդովված ասում էին Ղազարյանի հարազատները:

Ոստիկանությունից տեղեկացանք, որ Լուսինե Ղազարյանի սպանության գործի նախաքննությունը շարունակվում է: Համապատասխան գործողություններ են կատարվում հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG