Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանցի հեռուստաաստղ Վլադիմիր Պոզները պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիչարդ Սոլաշի հարցերին։

«Եդինայա Ռոսիա»-ն զայրացել է

Ռուսաստանցի անվանի մեկնաբան, հեռուստաաստղ Վլադիմիր Պոզները Դաշնության Առաջին հեռուստաալիքով հոկտեմբերի 28-ին եթեր հեռարձակված ծրագրում խստորեն դատապարտել է ընդդիմադիր ակտիվիստ Լեոնիդ Ռազվոզժաեւին առեւանգելու եւ նրա նկատմամբ բռնություն կիրառելու փաստը, ասելով, որ տեղի ունեցածը անցած դարում ՊԱԿ-ի գործելաոճն է հիշեցնում։

Պոզները քննադատել է նաեւ Pussy Riot ֆեմինիստական փանք խմբի կատարողներին ազատազրկելու դատավճիռը։

Ծրագրի հեռարձակումից հետո «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը, այդ թվում Պետական դումայի պատգամավոր Իլյա Կոստյունովը, պահանջել են աշխատանքից ազատել Պոզներին։

Լուրեր են տարածվել, թե 78-ամյա ընկճված հեռուստալրագրողը որոշել է ընդհանրապես հեռանալ Ռուսաստանից։ Վլադիմիր Պոզները երեկ զրուցել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիչարդ Սոլաշի հետ։

«Բացարձակ անհիմն խոսակցություն»

Լրագրողական համայնքին հետաքրքրում է` արդյոք Պոզները կմնա՞ Ռուսաստանում եւ կշարունակի՞ բարձր վարկանիշ ունեցող իր հաղորդաշարը։ Ի դեպ, նշենք, որ այն նաեւ Հայաստանում են դիտում։

«Պատասխանն է` այո։ Ասեկոսեներ են տարածվել, թե իբր վերջին թողարկումը նոյեմբերի 11-ին կլինի, իբր ընդմիշտ լքում եմ Ռուսաստանը։ Դա բացարձակ անհիմն խոսակցություն է», - ասել է Պոզները։

Հեռուստամեկնաբանը նաեւ ասել է, թե ինչու որոշեց պետության կողմից վերահսկվող կայանի թողարկման ընթացքում այդչափ խիստ քննադատել իշխանություններին։

Դա, ըստ Պոզների, ասելիքը բոլորին հասցնելու միակ միջոցն էր, իհարկե, նույնը կարելի է անել կայքէջում կամ որեւէ հանդեսում, բայց եթե ցանկանում ես մի բան ասել որքան հնարավոր է մեծ թվով մարդկքանց, ապա դրա հնարավորությունը տալիս են միայն երեք խոշոր կայանները, երեքն էլ ուղղակի կամ անուղղակի գտնվում են իշխանությունների հսկողության ներքո։

«Այնպիսի զգացողություն ունեմ, որ մարդիկ վերնախավում վախեցած են եւ փորձում են հսկել ներքեւում գտնվողներին, նրանց, ովքեր հետզհետե ավելի քիչ են աջակցում իշխանություններին, ավելի քիչ են հավատում վերնախավին», - ասել է Վլադիմիր Պոզները։

«Ոչ մի ճնշում չեմ զգում»

Հեռուստամեկնաբանի փոխանցմամբ` Առաջին ալիքի ղեկավարությունը որեւէ ճնշում չի բանեցրել, ոչ ոք իրեն չի ստիպել հրաժարվել պաշտոնից կամ ներողություն խնդրել ծրագրում հնչեցրած քննադատության համար։

Առաջին ալիքի գործադիր տնօրեն Կոնստանտին Էրնստը կեսկատակ ասել է. - «Հիմա ի՞նչ, քեզ աշխատանքից հանե՞մ»։ Հետո ծիծաղել եւ առաջարկել է մոռանալ այդ միջադեպի մասին։

«Գուցեեւ նրան զանգել-գանգատվել են, բայց նա որեւէ կերպ այդ մասին չի ակնարկել, ոչ մի ճնշում չեմ զգում», - ասել է Վլադիմիր Պոզները «Ազատություն» ռադիոկայանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG