Մատչելիության հղումներ

logo-print

Մսամթերքի շուկայում գնանկում է նկատվում


Վերջին օրերին շուկայում մսամթերքի գների անկում է նկատվում: Տավարի միսը 2500-ի փոխարեն վաճառվում է 2200 դրամով: Մսավաճառները սա պայմանավորում են անասունների մասսայական մորթով: Գյուղացիներն էլ ասում են, թե անասնակերը աննախադեպ թանկացել է եւ կենդանիներներին ձմռանը կերակրել չեն կարող:

Արագածոտնի մարզի շատ գյուղերում անասնապահությունը ապրուստի հիմնական միջոցն է, չնայած մարդիկ շատ անասուններ պահելու հնարավորություններ չունեն: Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչների խոսքերով՝ այս տարի իրենք ստիպված կլինեն անգամ 1-2 գլուխ անասուններին մորթել:

«Մենք երկու կով ունենք, անասնակերը շատ թանկ է, էս տարի մի տուկ խոտը 1500-1600 դրամ է դարձել… կովի տված եկամուտով իրենց անասնակեր չես առնի», - ասում էր գյուղի բնակիչներից մեկը:

«Էնքան որ յոլա ենք գնում», - ասում են գյուղացիները:

Իսկ գյուղատնտեսության փոխնախարար Գրիգորի Բաղյանը տարվա այս ժամանակահատվածում անասունների մասսայական մորթը սովորական երեւույթ է համարում:

«Գյուղացին վերջ ի վերջո այդ անասունը պահել է մորթի համար, չի պահել, որ ձմեռը կերակրի եւ մթերք չստանա: Պետք է ասում, որ սա ինչ-որ տեղ նպաստել է մսի գների անկմանը», - ասաց Բաղյանը, ով չի կարծում, թե մորթը կապված է անասնակերի թանկացման հետ:

Բաղյանի պնդմամբ՝ գյուղացին անասնակերի պակաս չունի, քանի որ դեռ ամռանը գյուղնախարարությունը, կանխատեսելով խոտի հնարավոր պակասը, թույլ էր տվել խոտ հնձել անտառների բացատներից եւ պաշարել ձմռան համար:

«Գյուղացիները հնձել ու կուտակել են խոտը: Այսօրվա դրությամբ կոպիտ կերերի, այսինքն խոտի, ծղոտի պակասորդ հանրապետությունում չկա», - ասաց Բաղյանը. - «Իսկ գինը բոլոր դեպքերում առաջարկի եւ պահանջարկի հետ կապված խնդիր է»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, սակայն, համոզված է, որ խնդիրը մասսայական է եւ մեկ կամ երկու գյուղացու չի վերաբերվում:

«Թանկության պայմաններում արդեն սովորական գյուղացին չէր կարող անասուն պահել, եւ այստեղ պետք էր, որ գյուղատնտեսության նախարարությունը քայլեր ձեռնարկեր: Բայց ինչպես միշտ դրա կարիքը չուներ, որովհետեւ խոշոր բիզնեսը չէր բողոքում», - ասաց տնտեսագետը:

Խաչատրյանն ասում է՝ գյուղատնտեսության բնագավառում արդեն կար խոշորացում, եւ վերջին իրադարձությունները կնպաստեն, որ գյուղացին, հնարավորություն չունենալով անասնապահությամբ զբաղվել, կլքի գյուղը, իսկ այդ տարածքներում կլինեն օլիգարխներին պատկանող խոշոր ֆերմերային տնտեսություններ:

«Այս մասսայական մորթը շուտով կհանգեցնի կաթնամթերքի էլ ավելի թանկացմանն ու մսի դեֆիցիտին, եւ որպես հետեւանք՝ դրա գինը նույնպես կբարձրանա, նորից կտուժեն սպառողները», - ասում է Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG