Մատչելիության հղումներ

Տասնյոթամյա դաշնակահար Յան Լիշեցկին Երեւան է ժամանել մոր հետ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Երեւանում նոյեմբերի 17-ին կայանալիք իր համերգի համաձայնությունը տվել է առնվազն մեկ տարի առաջ:

Առհասարակ երիտասարդ դաշնակահարի ժամատախտակում առաջիկա տարին ծրագրված է, իսկ մինչեւ 2013-ի նոյեմբեր ամիսը նախատեսված բազմաթիվ համերգների տոմսերը՝ սպառված:

Լեհական ծագում ունեցող եւ Կանադայում բնակվող երաժիշտը, այսպես կոչված, ոչ երաժշտական ընտանիքից է: Յանի մայրը փոխանցեց, որ նույնիսկ դեմ են եղել, որ որդին ընտրի երաժշտի մասնագիտությունը: Սակայն իր խոսքով, տեսնելով, որ դա նրան մեծ երջանկություն է պատճառում, այժմ իրենք են զոհաբերում իրենց ժամանակը՝ ճանապարհորդելով նրա հետ:

«Ինձ նվագել սովորեցրել է մեր դպրոցի երաժշտության ուսուցչուհին: Լավ չեմ հիշում արդյոք դուր եկա՞վ դա հինգ տարեկանում, թե՞ ոչ, քանի որ իմ ծնողները երաժիշտներ չէին եւ երբեք չեն ստիպել, որ երաժշտության հետ կապված որեւէ բան անեմ, բայց պետք է որ հավանած լինեի, եթե շարունակեցի եւ շարունակում եմ նվագել», - պատմեց Լիշեցկին:

Նվագախմբի հետ համերգի առաջին փորձը 9 տարեկանում էր: Դրանից հետո նվագել է աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում եւ նվագախմբերի հետ, ինչպես նաեւ պայմանագիր է կնքել հանրահայտ «Դոյչե գրամոֆոն» դասական երաժշտության ձայնագրման ստուդիայի հետ: Մինչ օրս քննադատները նրան անվանել են «իր տարիքի ամենակայացած երաժիշտ», «ամենատաղանդավոր երիտասարդ դաշնակահար», նույնիսկ՝ հանճար: Ինքը չի սիրում, երբ իրեն այդպես են անվանում.

«Ես պարզապես աշխատասեր երիտասարդ եմ եւ շատ հաջողակ իմ գործում: Երջանիկ եմ, երբ հանդիսատեսը գոհ է, դա իմ աշխատանքի ամենամեծ գովասանքն է: Ինձ համար ավելի կարեւոր է, թե նրանք ինչ զգացմունքներով դուրս կգան դահլիճից, այլ ոչ թե՝ ինչ կգրեն ասենք մի քանի քննադատներ»:

Լիշեցկին երաժշտական կրթությունը ստանալուց հետո ցանկանում է նաեւ բիզնես եւ կոմերցիա սովորել, մոր խոսքով՝ իրենք են պնդում դա:

«Համոզված չեմ որտեղ կլինեմ 10 տարի հետո, գուցե մի երկրում, որտեղ կհասնեմ ինքնաթիռով: Ի՞նչ եմ անում այնտեղ, գուցե համերգ եմ տալիս: Համոզված չեմ, չեմ սիրում ապագան ծրագրավորել, ներակայով եմ ապրում», - ասաց նա:

Երիտասարդ դաշնակահարն ասում է՝ իր նվագելու վրա ազդում է եղանակը, տրամադրությունը, հանդիսատեսի ընդունելությունը եւ այլն:

«Կարեւոր է ամեն անգամ բեմ դուրս գալիս մի փոքր հուզված լինել, քանի որ այդ դեպքում լավագույն ձեւով ես նվագում», - ասաց նա:

Լիշեցկին Երեւանում բեմ դուրս կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ Ռ.Շումանի դաշնամուրային կոնցերտը կատարելու:
XS
SM
MD
LG