Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է պարզեցնել հանրային ծառայությունների կարգավորման մեխանիզմները


Կառավարության նիստ, արխիվ

Կառավարության նիստ, արխիվ

Կառավարության նախաձեռնած «Կարգավորման մեխանիզմների պարզեցման միջոցով Հայաստանի տնտեսական արդյունավետ կառավարման խթանման ծրագրի», կամ ինչպես ընդունված է ասել կարգավորիչ գիլյոտինի շրջանակում այսօր գործադիրի նիստում ներկայացվեցին կառավարության որոշումներից մեկում եւ մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծեր:

Փոփոխությունները, ըստ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանի, առնչվում են առայժմ հանրային ծառայությունների մատուցման ոլորտին․ - «Մասնավորապես՝ ձայնային եւ թվային ծառայությունները, էներգետիկան, ջուրը եւ գազամատակարարումը։ Ձայնային եւ թվային ոլորտում առաջարկվել է վերացնել ինտերնետի եւ ձայնային հաղորդագրության լիցենզավորումը, դարձնել ծանուցում, այսինքն՝ այդ ոլորտը, ըստ էության, ապակարգավորվում է, ապամենաշնորհվում է»։

Եղիազարյանի խոսքով, երկու տարի հետո այլեւս լիցենզիա չի պահանջվի համապատասխան ցանցերի կառուցման եւ շահագործման համար, ինչը ենթադրում է, որ ոլորտում գործունեության համար բավարար կլինի միայն ծանուցումը պատկան մարմնին․ - «Էներգետիկայում մենք միացրել ենք կառուցման եւ շահագործման լիցենզիաները, առաջարկել ենք կրճատել ցանցին միացման ժամկետները»»

Կարգավորիչ գիլյոտինը շատ մարդկանց շահերի հետ է բախվում, նկատում է Արմեն Եղիազարյանը․ - «Մենք այսօր քննարկում ենք, օրինակ, հասարակական տրանսպորտի խնդիրները։ Մենք առաջարկում ենք Երեւան քաղաքում այլեւս չանցկացնել երթուղային տաքսիների մրցույթ։ Հիմա դա կընդունվի, թե չի ընդունվի՝ չգիտեմ։ Բնական է՝ շահեր կան այդտեղ։ Մենք նաեւ առաջարկում ենք քայլ առ քայլ հետ գալ հասարակական տրանսպորտի գաղափարին եւ դա տալ մունիցիպալ իշխանություններին, քաղաքին»։

Երթուղայինների մրցույթ չանցկացնելու եւ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը քաղաքային իշխանություններին վերադարձնելու վերաբերյալ փորձեցինք ճշտել քաղաքապետարանի կարծիքը։

«Խոսքը օպերատոր հասկացողություն մտցնելն է նոր, որի մասնակցությունը, որպես համայնքային կամ տեղական կառավարման մարմնի, առնվազն 51 տոկոս բաժնետոմս պետք է ունենա, որը, կարծում եմ, որ ոչ բոլոր երթուղիների համար այդ հնարավորությունը կունենան։ Եվ երկրորդը՝ մեծ տարաձայնությունների խնդիր կառաջանա, որովհետեւ մրցակցության հավասար պայմաններ չեն լինի», - այս առնչությամբ ասաց Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։

Երեւանի տրանսպորտի վարչության պետը հավելեց․ - «Երեւան քաղաքում առանց միկրոավտոբուսի աշխատեցնելը, կարծում եմ, որ բացառվում է, որովհետեւ որոշ հատվածներ կան, որ անպայման պետք է միկրոավտոբուս լինի»։
XS
SM
MD
LG