Մատչելիության հղումներ

Խորհրդարանի 3 ընդդիմադիր ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը», ինչպես նաեւ իրեն այլընտրանք համարող «Բարգավաճ Հայաստանը» դեմ կքվեարկեն 2013 թվականի բյուջեի նախագծին։

Այս մասին խորհրդարանական 4 ուժերը հայտարարեցին այսօր տեղի ունեցած բյուջեի քննարկումների ժամանակ՝ սուր քննադատության ենթարկելով Կառավարության ներկայացրած ֆինանսական փաստաթուղթը։

Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 2013-ի բյուջեն անվանեց «սողացող»։ ԲՀԿ-ական պատգամավորը մի օրինակ բերեց, թե՝ Կառավարությունը պնդում է, որ գումարներ չկան քաղաքացու նվազագույն աշխատավարձը արժանապատիվ դարձնելու համար, մինչդեռ միլիոնավոր դոլարներ են ծախսվում կարտոֆիլի մասին դասախոսություններ կարդալու համար․ - «Սա սողալու բյուջե է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատվությունը, եւ մենք չենք կարող կողմ քվեարկել մի բյուջեի, որը ստիպելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն սողալ, որի արդյունքում մեծանալու է արտագաղթը, մեծանալու է երկիրը լքողների թիվը»։

Կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը սուր քննադատության ենթարկեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Նա նույնպես պնդեց, որ հնարավոր է քաղաքացու նվազագույն աշխատավարձը 35 հազարի փոխարեն առնվազն 72 հազար դրամ սահմանել։ Փող կա՝ պնդեց նախկին վարչապետը անընդունելի համարելով պետության կողմից մատակարարներին սուբսիդավորելը․ - «Մենք ի՞նչ է՝ նստել ենք, որ դուք մի ընկերության դիզվառելիքի համար սուբսիդիա տա՞ք․․․ ձեր ընկերներին․․․ խա՞ղ եք անում սրա հետ։ Ինչպե՞ս կարող է Կառավարությունը խոսել կոռուպցիայի կրճատումից՝ սուբսիդավորի մատակարարին։ Փողը տվեք գյուղացուն՝ լավ էլ կգտնի ումից ինչ առնի։ Եվ հետո ասում են՝ կոռուպցիան իջել է։ Բա որ դեսպաններ, կամ չգիտեմ՝ ֆինանսական հաստատություններ էլ վկայակոչում են․․․ մարդ քիչ է մնում ցխկվի․․․ «Հայ ազգային կոնգրես» ֆրակցիան գտնում է, որ այստեղ բյուջե չկա, այսպիսի բյուջե չի կարելի ընդունել, այս բյուջեն եւս մեկ տարի հետ է գցում հանրապետությանը։ Եվ բացի դա էլ ասեմ՝ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալը այստեղ հայտարարում էր՝ «ձայնս բարձրացնեմ, եսիմ ինչ»․․․ չի կարելի մեզ վախեցնել իրենց փորի մկանների մուսկուլների ճռճռոցով, հասկանո՞ւմ եք․․․»։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, նույնպես անդրադառնալով նվազագույն աշխատավարձի խնդրին, զարմանք հայտնեց, որ Կառավարությունը գումարներ չի կարողանում գտնել այն բարձրացնելու համար։ Ռուբեն Հակոբյանը մատնացույց արեց իշխանության հովանավորության տակ գտնվող ստվերային տնտեսության մեջ շրջանառվող խոշոր գումարները, ինչպես նաեւ «ատկատները», որոնց մասին խոսել էր նաեւ երկրի ղեկավարը։

«Պետության հերն անիծվում է, որովհետեւ կոռուպցիան, «ատկատները» ամբողջությամբ խեղդում են, պետության զարգացմանը խոչընդոտում են։ Ցավոք սրտի, այս ամբիոնից հատկապես մի հարվածային թեւ կա, եւ ցավում եմ, որ երիտասարդներից է բաղկացած, միակ պատասխանը, որ դա՝ պոպուլիզմ է։ Բայց մյուս կողմից պարզվում է, որ այդ նույն պոպուլիզմով երբ զբաղվում է Հանրապետության նախագահը, եթե դա պոպուլիզմ է, երբ ասում է՝ խայտառակություն է կատարվում այս ոլորտներում, այդ նույն հարվածային խումբը ասում է՝ բա տեսեք ինչ խայտառակություն է կատարվում։ Երկու ճշմարտություն չի կարող լինել։ Կամ նախագահը նույնպես զբաղվում է պոպուլիզմով, կամ նա ասում է ճշմարտությունը, որը ավելի ճիշտ է», - հավելեց Հակոբյանը։

Ընդդիմադիր պատգամավորի այս խոսքին ԱԺ հանրապետական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց․ - «Հանրապետության նախագահը պոպուլիզմից նույնքան հեռու է, որքան Ադրբեջանը՝ դեմոկրատիայից»։

Դաշնակցությունը ներկայացնող պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին քննադատեց 2013-ի բյուջեն, ընդգծելով, որ ֆինանսական այդ փաստաթուղթը լուծում չի տալիս երկրում գոյություն ունեցող մարտահրավերներին․ գործազրկությանը, արտագաղթին, արդարադատության համակարգի վիճակի բարելավմանը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, Կառավարության հասցեին հնչած սուր քննադատություններին արձագանքելով, ասաց․ - «Մենք ժողովրդին 2013 թվականին պետք է զերծ պահենք ցնցումներից։ Շատ մեծ է գայթակղությունը ընտրություններից առաջ Ազգային ժողովին ներկայացնել մի բյուջե, որը կնախատեսեր աշխատավարձների, սոցիալական նպաստների, թոշակների կտրուկ ավելացում։ Բայց մենք զերծ ենք մնացել այդ գայթակղությունից, քանի որ մենք զգում ենք պատասխանատվություն եւ մեր գերխնդիրը լինելու է մեր երկիրը զերծ պահել ավելորդ վտանգներից»։
XS
SM
MD
LG