Մատչելիության հղումներ

Փելոսին պատրաստ է շարունակել պաշտոնավարել Կոնգրեսում


ԱՄՆ - Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսի, Վաշինգտոն, հունիս, 2012թ.

ԱՄՆ - Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսի, Վաշինգտոն, հունիս, 2012թ.

20 տարվա ընթացքում ամերիկահայ համայնքը ակտիվորեն համագործակցել է Նենսի Փելոսիի հետ, հիշեցնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը։

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին հայտարարում է, որ պատրաստ է շարունակել պաշտոնավարել Պալատում՝ որպես դեմոկրատների ղեկավար։

Ելույթ ունենալով Վաշինգտոնի Կապիտոլիումում` Փելոսին բացել է փակագծերը, խախտել տեւական լռությունը՝ վերջ տալով շրջանառվող խոսակցություններին, թե նախագահական ընտրություններից հետո մտադիր է հեռանալ քաղաքականությունից։

«Իրականություն դարձնել ամերիկյան երազանքը` ահա թե ինչ ենք մենք պատրաստվում անել։ Հնարավորություններ ստեղծել նրանց համար, ովքեր ուզում են աշխատել, շարժվել խաղի կանոններով, պատասխանատվություն ստանձնել։ Ստեղծել այդ հնարավորությունը փոքր բիզնեսի, ձեռներեցների համար, կայուն ու բարգավաճող միջին խավ ունենալ` մենք անելիք ունենք», - այսպես է մեկնաբանել իր որոշումը 72-ամյա Փելոսին, ով 2007 թվականին դարձավ Ներկայացուցիչների պալատի առաջին կին նախագահը։

Նա հայտնի է որպես հայամետ գործիչ, եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը գոհունակությամբ է ընդունում լուրը, որ հենց Նենսին Փելոսին է Ներկայացուցիչների պալատում շարունակելու պաշտոնավարել որպես փոքրամասնության ղեկավար։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը հիշեցնում է՝ 20 տարվա ընթացքում համայնքը ակտիվորեն համագործակցել է Փելոսիի հետ։

«Լինի դա` երբ նա արտաքին օժանդակության հանձնախմբում էր, լինի դա` Կոնգրեսի ղեկավարության մեջ, բազմաթիվ առիթներով նա զորավիգ է կանգնել հայկական հարցերի գծով` լինի Ցեղասպանության ճանաչման հարցը, լինի Ղարաբաղ օժանդակություն հասցնելու հարցը, եւ ընդհանրապես` հզորացնելու Ամերիկա - Հայաստան հարաբերությունները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նշեց Չուլջյանը` շարունակելով. - «Անշուշտ, առիթներ եւս եղել են, երբ Հայ դատի հանձնախումբը զգում է, որ մեզ համար հատուկ միջոցառումներ կարող էին լինել` ի նպաստ Ցեղասպանության ճանաչման, որ չօգտագործվեցին այդ ժամանակներում»։

Ըստ Էլիզաբեթ Չուլջյանի` նոր` 113-րդ Կոնգրեսում շատ այլ առիթներ են լինելու աշխատելու ինչպես Նենսի Փելոսիի, այնպես էլ այն դեմոկրատների հետ, ովքեր այս ընտրություններից հետո են համալրում Կոնգրեսը։ Այդուհանդերձ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբի խոսնակը հիշեցնում է, որ որոշիչ մեծամասնությունը շարունակում են պահպանել հանրապետականները։

«Եվ թեեւ առաջխաղացում արեցին դեմոկրատները` 7 նոր աթոռներ կարողացան ստանձնել 113-րդ Կոնգրեսում, թե՛ ղեկավարությունը, թե՛ օրակարգի ճշտումը մեծամասնությամբ լինելու է հանրապետական ղեկավարների կողմից։ Եվ պիտի շարունակենք աշխատանքները թե՛ հանրապետական ղեկավարության հետ, թե՛, անշուշտ, տիկին Փելոսիի եւ դեմոկրատ ղեկավարության հետ», - նշեց Հայ դատի գրասենյակի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG