Մատչելիության հղումներ

logo-print

Նոյեմբերի 15-ի մամուլ


«Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Քաղաքական լարումը երկրում մեծանում է։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ նախընտրական անորոշ վիճակը չի հստակվում։ Իշխանությունը սպասում է ընդդիմության դիրքորոշմանը` հնարավոր միջոցներով արագացնելով պրոցեսները եւ փորձելով պառակտում մտցնել նրանց շարքերում։ Ընդդիմությունը թեեւ չի համախմբվում, սակայն համախմբման փորձեր է բեմադրում եւ իշխանությանը պահում լարվածության մեջ։ Այս դիրքային պատերազմը կարող է շարունակվել ընդհուպ ընտրություններ։ Եթե ընդդիմության դիրքորոշումը մեզ` շարքային մահկանացուներիս, ինչ-որ տեղ հասկանալի է եւ տրամաբանության շրջանակներում է, ապա իշխանությունների խուճապը չի հասկացվում։ Եթե իսկապես այնքան ուժեղ եք ու ինքնավստահ, որ ամեն քայլափոխի հայտարարում եք, թե ձեր թեկնածուն արդեն «հաղթած» ունի, եւ ոչ մի միասնական թեկնածու նրան մրցակից չէ, ապա ինչո՞վ բացատրել այդ տագնապը, ԲՀԿ-ին ուղղված մեսիջները, նրան ձեր դաշտ տանելու ձգտումն ու համընդհանուր լարումը, որ աչք է ծակում»։

Անդրադառնալով նույն խնդրին՝ «Ժամանակ»-ի վերլուծաբանը գրում է. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում խոսել է աշխատատեղերի բացակայության, աշխատավարձի եւ թոշակի ցածր լինելու, քաղաքականության մեջ հարստացած անձանց մասին, հայտարարել է, որ ինքը պատրաստ է ամեն ինչ անել հասարակության հավատի եւ վստահության համար, սակայն կրկին լռել է նախագահական ընտրությանն իր եւ իր կուսակցության մասնակցության ձեւաչափի մասին: Գործիչը, որի կուսակցությունը նրան հռչակել է Հայաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչ, որի կուսակցությունը հայտարարում է 500 հազար քվե ունենալու մասին, եւ որը դժգոհ է երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, պետք է լիներ առաջին առաջադրվողը նախագահական ընտրությանը: Բայց Գագիկ Ծառուկյանը համառորեն խուսափում է, լռում, եւ արդեն այնպիսի տպավորություն է, որ Ծառուկյանը ամենեւին ինքը չէ, որ որոշում է կայացնելու, այլ որոշում կայացնելու են նրա փոխարեն: Ռոբերտ Քոչարյանն, ի դեպ, արդեն իսկ կարծես թե ակնարկել է այդ մասին` հայտարարելով, որ ԲՀԿ-ում ձեւավորվել է «քաղաքական թիմ», որն ունակ է որոշել կուսակցության օրակարգը»:

«Ժողովրդի» թղթակիցը Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցնում է. - «ԲՀԿ-ն քննարկումների մեկնարկը առաջինը տվեց, հիմա չեք պատրաստվո՞ւմ մեկ միասնական ճակատով հանդես գալ»: Պատասխան. - «Եթե մեկնարկը իրենցից եք համարում, համարեք: Չեմ էլ ուզում սեպ խրել հնարավոր զարգացումների եւ բոլորի հետ համագործակցության տիրույթում: Մենք հայտարարել ենք, որ անձնական հարցը պետք է ածանցվի բացառապես քննարկումների եւ տեսակետներ ձեւակերպելու ուղղությամբ: Հակառակ դեպքում մենք կունենանք մի վիճակ, երբ համախմբում տեղի կունենա անձի, եւ ոչ թե գաղափարի շուրջ: Մենք չենք ընտրում Հայաստանի նախագահ, որը պետք է գա եւ իր պատկերացումով նախագահություն անի: Պետք է լինի առաջնորդ, որը պետք է ընդունի եւ երաշխավորի այդ փոփոխությունները, նոր քննարկենք, թե ով պետք է լինի այդ թեկնածուն, որը կարող է դա անել: Հիմա այդ կոնտեքստում են քննարկումները ծավալվում»:

«Առավոտ»-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը ասում է. - «Նախագահական ընտրությունները հենց անձերի ընտրություններ են: Եվ եթե հավատանք, որ այս թեման շրջանառության մեջ է դրվել անկեղծորեն` սահմանադրական խորը բարեփոխումների, ժողովրդավարացման եւ այլ փոփոխությունների հասնելու համար, ապա, անշուշտ, խնդիրը հենց անձի մեջ է: Ով է լինելու այն անձը, որն իր նախորդ կենսագրությամբ, ներկայիս ունակություններով, իմիջով կերաշխավորի մի ծրագրի կատարում, որը 2-4 տարվա ընթացքում կբերի համակարգային փոփոխության: Հիմա որքանո՞վ է էֆեկտիվ ինչ-որ այլ բաների մասին խոսել, հետո գալ անձերի կռվին եւ ոչ մի հարցում չհամաձայնել: Ես կարծում եմ, որ դա արդյունավետ չէ, եւ ճիշտ կլիներ՝ հենց հիմիկվանից խոսեին, թե այդ որ անձն է, որը ՀՀ հասարակության համար երաշխավորում է այդ փոփոխությունները»:

«Հայոց աշխարհ»-ը հրապարակել է հարցազրույց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի հետ։ Հարց. - «ԲՀԿ-ի նախաձեռնած կոնսուլտացիաները կարո՞ղ են արդյունավետ լինել»: Պատասխան. - «Նախագահի թեկնածուներ առաջադրելուն մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել, բայց մեր հավանական մրցակից քաղաքական ուժերը նոր միայն կոնսուլտացիաներ են ձեռնարկում: Գրեթե մեկ շաբաթ առաջ այս գործընթացը մեկնարկել է, որոշ հանդիպումներ կայացել են, բայց արդյունքների մասին ոչ ոք դեռ ոչինչ չի հայտնել: Տպավորություն է առաջանում, որ կոնսուլտացիաների ժամանակ կարեւորը ոչ թե օրակարգն է, այլ միասնական ճակատ ստեղծելու եւ քաղաքական մեծամասնության թեկնածու Սերժ Սարգսյանին հակադրվելու նպատակը»:

«Օրակարգ»-ը գրում է. - «Նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ հակասությունների գեներացիա է սկսվել։ Երեւույթը նկատվում էր նախագահական նաեւ նախորդ ընտրություններից առաջ։ Մեծ հաշվով, նման գործընթացները բնականոն են, եթե տեղի են ունենում լուրջ գաղափարական հենքի վրա։ Սակայն, ինչքան էլ տարօրինակ հնչի, միշտ չէ, որ քաղաքական ուժերի կամ նրանց առանձին ներկայացուցիչների վարքագիծը քաղաքական կամ գաղափարական է։ Գործընթացն այս անգամ, կարելի է ասել, սկսվեց ՀԱԿ-ում։ Սկզբում կառույցը մեկը մյուսի ետեւից լքեցին այն կուսակցություններն ու գործիչները, որոնք համարեցին, թե Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը համակարգային փոփոխությունների չի տանում։ ՀԱԿ-ում էլ այժմ լուրջ հակասություններ կան` պայմանավորված ԲՀԿ-ի հետ համագործակցության փաստով, որոնք կարող են ցանկացած պահի պայթել։ Նման գործընթաց նկատվում է նաեւ առանց այն էլ պառակտումների հակում ունեցող «Ժառանգություն» կուսակցությունում` կրկին խնդիրը ԲՀԿ-ի հետ համագործակցության հեռանկարն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG