Մատչելիության հղումներ

logo-print

Գիտության ֆինանսավորումը 2013 թվականին «իրականում չի ավելացել»


Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովի նիստ, արխիվ

2013 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորման համար նախատեսված է 11,2 մլրդ դրամ: Ինչպես ԱԺ-ում հայտնել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, այս գումարը նախորդ տարվա հատկացման համեմատ աճել է 240 միլիոն դրամով:

ԳԱԱ թղթակից անդամ, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության աջակից Արթուր Իշխանյանը կարծիք է հայտնում, որ իրականում ֆինասավորումը չի ավելացել:

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ ավելացումները արվել են բոլոր տարիներին, եւ դրանք որակապես ոչինչ չեն փոխելու, ինչպես չեն փոխել նաեւ նախորդ տարիներին: Այդ գումարով փակվում են նվազագույն աշխատավարձի ավելացման ծախսերը, գնաճային ծախսերը շինությունների պահպանման, սարքերի ձեռքբերման եւ այլն», - հայտնում է Արթուր Իշխանյանը:

Հայաստանում ամենացածր աշխատավարձը ստանում են Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողները: Ըստ ակադեմիայի՝ տարբեր ինստիտուտներում աշխատող գիտնականների միջին աշխատավարձը 70 հազար դրամ է, իսկ Արթուր Իշխանյանի կարծիքով իրականում միջին աշխատավարձը մոտ 50 հազար դրամ է: Իսկ գիտնականների միջին տարիքը 60 է՝ ըստ Յունեսկոյի զեկույցի:

«Ցածր վարձատրությունը կարելի է լրացնել դրամաշնորհների միջոցով», - Արթուր Իշխանյանը կիսում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորուման ավելացում» նախաձեռնության դիրքորոշումը եւ համարում, որ պետք է ավելացնել գիտության ոչ թե բազային, այլ թեմատիկ ֆինասավորումը, այսինքն անհրաժետ է ավելացնել Գիտության պետական կոմիտեի կողմից տրվող պետական դրամաշնորհների քանակը:

ԱԺ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները կիսում են այս կարծիքը, եւ երկուսն էլ առաջակել են 2013-ի պետական բյուժեից գիտությանը հատկացնել լրացուցիչ 1.3 մլրդ դրամ, իսկ գումարն ուղղել պայմանագրային, թեմատիկ հետազոտությունների ծրագրին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկել գիտության ֆինանսավորումը հասցնել բյուջեի 1%-ին:

«Մեր անկախության տարիների ընթացքում գիտությունը միշտ դիտվել է որպես ռազմավարական ոլորտ, այսինքն առաջնահերթություն է ունեցել բոլոր բյուջեներում, բայց ցավոք, ըստ էության, որպես առաջնահերթություն չի դիտվել: Այն փաստը, որ այսօր գիտնականը ամենաքիչը վարձատրվող քաղաքացիների թվում է, արդեն նշանակում է, որ գիտության զարգացման համար խթանիչ պայմաններ չեն ստեղծվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նոյեմբերի 14-ին ԱԺ-ում հայտնեց, որ գիտության ֆինանսավորումը բարձրացնելը ցանկալի է, սակայն դա երկարաժամկետ ուղղություն է, իսկ համապատասխան ռեսուրսներ դեռեւս չկան:

Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հակադարձում է. - «Նույնիսկ Կառավարությունն է խոստովանում, որ այսօր ունենք 35 տոկոս ստվերային տնտեսություն, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները այդ տոկոսը բարձրացնում են եւ հասցնում մինչեւ 55, իսկ տեղական մասնագետները ասում են, որ ստվերային տնտեսությունը կազմում է 65-70 տոկոս, մոտ 2 միլիարդ դոլար: Այսպիսի լուրջ ռեսուրս ունենալու դեպքում, ասել, թե որտեղից գումար ձեռք բերենք, կարծում եմ՝ այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա»:

Գիտության ֆինասավորման անհրաժեշտության մասին ԱԺ-ում հանդես է եկել նաեւ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով ԱԺ-ում առաջարկել է ավելացնել գիտության ֆինասավորումը Կենտրոնական բանկի ծախսերի, մասնավորապես ԿԲ-ի աշխատակիցների վերապատրաստման համար նախատեսված 432 մլն դրամի հաշվին՝ այն կրճատելու միջոցով:

«Ես համեմատել եմ ԿԲ-ի վարչական ծախսերը այլ կառույցների ծախսերի հետ: Մի մարմնում, որտեղ միջին աշխատվարձը 500 հազար դրամ է, այնտեղ նաեւ նախատեսվում է 390 միլիոն դրամի սոցիալական, առողջապահական եւ հանգստի ծախսեր: 432 միլիոն դրամով Կենտոնական բանկը նախատեսում է 2013-ին արտասահմանում վերապատրաստել 175 մասնագետի այն դեպքում, երբ այնտեղ աշխատում են շատ բարձր որակավորում ունեցող մասնագետներ», - «Ազատություն» ռադիոկայանի եհտ զրույցում հայտնում է Մարուքյանը:

Նրա հարցմանը ի պատասխան Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը պատասխանեց, որ ծախեսրը կրճատելու դեպքում կարող է ընկնել ԿԲ-ի հեղինակությունը:

Չնայած ընդդիմադիր խմբակցությունների առաջարկներին՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ դրական արձագանքի Կառավարության կողմից չեն հանդիպել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG