Մատչելիության հղումներ

Վաղը մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի հեռախոսամարաթոնը


Համաեվրոպական հեռախոսամարաթոնը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի երկրորդ խոշոր դրամահավաք միջոցառումը, այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-18-ը:

Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` հայ եւ այլազգի ավելի քան 700 կամավորներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից եւ Բելգիայից այս օրերի ընթացքում 12 ժամ շարունակ Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիս եւ Թուլուզ, կզանգահարեն հայազգի ընտանիքների եւ կազմակերպությունների` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերաշինությանն ուղղված դրամահավաքին: Ֆրանսիայից դուրս նախաձեռնությանը կմիանան նաեւ Հոլանդիան, Հունաստանը, Շվեդիան, իսկ Եվրոպայից դուրս` Բրազիլիան եւ Արգենտինան:

Հեռախոսամարաթոնի նվիրատվությունները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցմանը, Հայաստանի Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացման ծրագրերին եւ սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:

Որպես միջոցառման կնքահայրեր, ովքեր հայրենաշինությանը մասնակցելու կոչով կդիմեն հանրությանը, հանդես կգան Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը եւ «Ֆրանս» հեռուստաընկերության սպորտային ծրագրերի տնօրեն Դանիել Բիլալյանը:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի խոսքով` այս տարի եւս կարվի հնարավորը, որպեսզի դրամահավաքին նվիրաբերված գումարներով լուծվեն հայրենիքում դեռ առկա բազմաթիվ հիմնահարցերից եւս մի քանիսը: «Ցավոք այդ հարցերին գումարվեցին մեր սիրիահայ եղբայրների խնդիրները, որոնց լուծումը միասնական ջանքեր է պահանջում», - հավելել է Թերզյանը:

Եվրոպայում` Ֆրանսիայի գլխավորությամբ, հեռախոսամարաթոններ անցկացվում են սկսած 2000 թվականից: Համաեվրոպական հեռախոսամարաթոնի պատմության ընթացքում ընդհանուր առմամբ արվել է շուրջ 411 հազար 285 զանգ, եւ 20 հազար 800 նվիրատուի կողմից նվիրաբերվել է 9 միլիոն 938 հազար եվրո: Հավաքագրված գումարը ներդրվել է Հայաստանի եւ Ղարաբաղի ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG