Մատչելիության հղումներ

Ծրագրվում է ընդլայնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում


Հայաստան – Հայկական արտադրության զինատեսակները ցուցադրվում են ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ, 19-ը սեպտեմբերի, 2012թ․

Հայաստան – Հայկական արտադրության զինատեսակները ցուցադրվում են ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ, 19-ը սեպտեմբերի, 2012թ․

Հայաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում եւ առաջիկայում այդ ուղղությամբ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն մի շարք պետությունների` այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին, մասնավորապես, տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, թե այդ ուղղությամբ բանակցությունները ընթացքի մեջ են․ - «Մենք այդ ոլորտում փորձում ենք համագործակցել ոչ միայն ավանդական գործընկերների, այլ նաեւ ոլորտի աշխարհում առաջատար ընկերությունների հետ եւ իրենց փորձը շատ կարեւոր է։ Մենք այդ ամենը ուսումնասիրում ենք, առաջիկայում հստակ քայլերի դեպքում մենք կհայտնենք այդ մասին»։

Անվտանգության ոլորտի հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները մոտ երկու տարի առաջ սկսեցին խոսել մեր երկրի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասին: 2011-ի դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց «Ռազմարդյունաբերության համակարգի բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգը»: Վերջին շրջանում երեւան եկան մի շարք պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտին:

Հոկտեմբերի 17-ին Երեւանում ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց Իտալիայի պաշտպանության նախարարի հետ:

Իսկ հոկտեմբերի 29-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսին, եւ վերջինիս հետ ավելի քան մեկ ժամ տեւած բանակցություններից հետո հայտարարվեց, թե երկու երկրները առաջիկայում համագործակցություն կսկսեն ռազմարդյունաբերության ոլորտում:

Մոտ մեկ շաբաթ առաջ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ռուսաստանը խորացնում են փոխգործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում, եւ առաջիկայում երկու երկրները ձեռնամուխ են լինելու համատեղ արտադրանքի թողարկմանը: Անցած հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրական եւ գիտատեխնիկական կոոպերացիայի մասին» համաձայնագրի նախագիծը:

«Մենք հետեւողականորեն զարգացնում ենք ռազմական արդյունաբերության ոլորտը։ Քննարկվում է համագործակցությունը նախկին Խորհրդային Միության երկրների, Վարշավյան պայմանագրի նախկին երկրների հետ, եւ նաեւ արեւմտյան որոշ երկրների հետ», - նշեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։

Անդրադառնալով պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ռուսաստանի հետ կնքվելիք նոր համաձայնագրին, որը ենթադրում է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կոոպերացիա, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ համագործակցության խորացումը «առարկայական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ հայկական զինված ուժերում առկա սպառազինության մի մեծ մասը հենց ռուսական արտադրության են»:

«Որոշակի նմուշներ կարող են համատեղ արտադրել, չի բացառվում այդ նմուշների վաճառքը միջազգային շուկաներում, երրորդ երկրներում», - մանրամասնեց նա, - «Նախեւառաջ, խնդիրը մեզ համար մեր զինված ուժերի արդիականացման, կատարելագործման, վերազինման խնդիրն է, սակայն արդյունաբերությունը նախատեսված է նաեւ այն բանի համար, որ կարող ես որոշակի նմուշներ հանել շուկա»։
XS
SM
MD
LG