Մատչելիության հղումներ

Ադրբեջանում «Ազադլիգ» թերթը փակվելու վտանգի տակ է


Ադրբեջանի իշխանություններին խստորեն քննադատող ընդդիմադիր «Ազադլիգ» օրաթերթը իրավական եւ ֆինանսական ճնշումների արդյունքում փակվելու վտանգի տակ է:

Նոյեմբերի 13-ին Բաքվում, Մամուլի կենտրոնում կայացած հանդիպանը թերթի խմբագիր Ռահիմ Հաջիբեյլին ասել է, որ նոյեմբերի 5-ին դատարանի որոշմամբ կալանք է դրվել թերթի բանկային հաշվի վրա, ինչը համարժեք է թերթի հրատարակությունը դադարեցնելուն:

«Ազադլիգ»-ը քննադատել էր պետական երեք պաշտոնյաների, վերջիններս դիմել էին դատարան: Դատարանը բավարարել էր պաշտոնյաների երեք հայցերը ընդդեմ թերթի՝ կայացնելով ընդհանուր առմամբ 66 հազար մանաթով (մոտ 80 հազար դոլար) տուգանելու որոշում:

Ընդդիմադիր «Ազադլիգ»-ը Ադրբեջանի երկրորդ մեծ տպաքանակը ունեցող թերթն է, հրատարակվում է 6 հազար օրինակով: Թերթը ճնշումների տակ է հայտնվել բարձրաստիճան պաշտոնյաներին, ներառյալ՝ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին քննադատելու հետեւանքով:

«Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին ասել է, թե «Ազադլիգ»-ի դեմ ուղղված արշավը նախապատրաստական աշխատանք է 2013 թվականի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները անարդար անցկացնելու համար:

«Իշխանությունները տարբեր քայլերի են դիմել մամուլի դեմ: Թերթերի գրասենյակներ են բռնագրվել, սահմանափակել են թերթերի տարածումը, ծեծել եւ ձերբակալել են լրագրողների, հիմա էլ որոշել են հրապարակումները խեղդել ֆինանսական պատժամիջոցներով», - ասել է Քերիմլին:

Մամուլի կենտրոնում երեկ կայացած հանդիպմանը իրավապաշտպան Լեյլա Յունուսը եւ քննարկումների այլ մասնակիցներ մի շարք առաջարկներ են արել` պաշտպանելու համար «Ազադլիգ»-ը, ներառյալ՝ պիկետներ անցկացնել, ստորագրություններ հավաքել, հիմնադրամներ ձեւավորել, դիմել միջազգային կառույցներին ու Ադրբեջանի հասարակությանը:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը, խստորեն քննադատելով ընդդիմադիր թերթի հաշվեհամարը սառեցնելու` Ադրբեջանի դատարանի որոշումը, նշել է. - «Այս անօրինական որոշումը վերջին մի քանի ամիսների վճռորոշ փուլն է՝ լռեցնելու «Ազադլիգ» թերթը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG