Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահի այցը Ֆրանսիա ավարտվեց


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, 13-ը նոյեմբերի, 2012թ., լուսանկարը` նախագահի պատոնական կայքէջի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, 13-ը նոյեմբերի, 2012թ., լուսանկարը` նախագահի պատոնական կայքէջի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եռօրյա պաշտոնական այցը Ֆրանսիա ավարտվեց։

Վերջին օրը Լիոնում նա անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի քաղաքականությանը։

«Վաղ թե ուշ Թուրքիան ստիպված է լինելու հաշվի նստել իրականության հետ, Եվրոպայի հետ աղերս ունենալու համար դա, թերեւս, նվազագույն պայմանն է», - հայտարարեց Հայաստանի նախագահը։

Հայ - ադրբեջանական խնդրից խոսելով` Սարգսյանը ասաց, որ վերջին ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունը այլատյացության նոր ալիք բարձրացրեց` հերոսացնելով քնած հայ սպային կացնահարած վախկոտ մարդասպանին։ Այս դեպքը Հայաստանի նախագահը համարեց վերջնական ապացույցը այն բանի, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Արցախի ազատամիտ ու հերոսական ժողովուրդը չի կարող ապրել այլատյացության ու ծանր հանցագործության հովանավոր պետության կազմում», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Նա ասաց, որ ամեն անգամ Ֆրանսիա այցելելիս իրեն զգում է ինչպես տանը, եւ այս այցի ընթացքում էլ մի քանի անգամ հրավիրեց ֆրանսիացիներին, նաեւ` ֆրանսահայերին, Հայաստան` բիզնես հիմնելու։

71 հազար ընկերություն համախմբող Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատում ֆրանսիացի եւ ֆրանսահայ գործարարների հետ հատուկ այդ նպատակով հանդիպում էր նախաձեռնվել, որի ընթացքում էլ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները Սարգսյանը անընդունելի ցածր որակեց։

«Այս ցուցանիշի բարելավման հարցում, անկեղծ ասած, ակնկալում եմ ձեր գործուն մասնակցությունը», - ասաց Հայաստանի նախագահը։

Նա թվարկեց մի շարք պատճառներ, թե ինչով է, իր կարծիքով, շահավետ Հայաստանում բիզնես հիմնելը. Հայաստանը այս պահին Եվրամիության հետ բանակցություններ է վարում ազատականացված առեւտուր ունենալու համար, տնտեսական բարեփոխումներ է կատարել, որոնք, նախագահի խոսքով, բարելավել են ներդրումային ոլորտը, նաեւ ազատ առեւտրի համաձայնագիր ունի ԱՊՀ-ի հետ, նույնանման փաստաթուղթ ստորագրելու համար բանակցում է Իրանի հետ։

Հայաստանի ղեկավարներից հայրենիքում բիզնես հիմնելու առաջարկ ստացած ֆրանսահայ գործարարները, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում չէին շտապում ծրագրեր գծել։

Լիոնցի Ռիշար Ղազարյանը, մասնավորապես, ասաց. - «Պրոբլեմը` Հայաստանը փոքր շուկա է, մեծ շուկա չէ, առեւտուր անելու համար շատ դժվարություն կա»։

Հայաստանում հնարավոր չէ բիզնես հիմնել, պնդում են հայաստանցի որոշ գործարարներ` վկայակոչելով հարկային ծանր բեռը, պետական մարմիններում տիրող կոռուպցիան, գործող ծանոթ-բարեկամ սկզբունքը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին` սփյուռքահայերին հրավիրելուց առաջ հարցերը կարգավորե՞լ են, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը արձագանքեց. - «Կա նաեւ կարծիք, որ Հայաստանում հնարավոր է աշխատել, եւ կան գործարարներ, որոնք այդ կարծիքը միանշանակ պնդում են»։

Պաշտոնական այցի վերջին օրը, դիմելով Լիոնի քաղաքապետարանում հավաքված մի քանի հարյուր հայերին, որոնք ծնվել, մեծացել են Ֆրանսիայում, մի մասն էլ վերջին տարիներին են Հայաստանից գնացել, Սերժ Սարգսյանը ասաց. - «Հայրենիքը հպարտ է իր զավակներով, ովքեր ապրելով Եվրոպայի սրտում` պահպանում են իրենց ազգային արմատներն ու լեզուն, ոգին ու հայրենիքը զարգացնելու մեծ ցանկությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG