Մատչելիության հղումներ

Դիարբեքիրի քաղաքապետը միանում է քուրդ բանտարկյալների հացադուլին


Թուրքիա - Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիր, արխիվ
Թուրքիա - Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիր, արխիվ
Քրդական խնդիրը շարունակում է ծայրահեղ լարվածության մեջ պահել ողջ Թուրքիան: Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի` 1999-ի փետրվարին տեղի ունեցած ձերբակալությունից ի վեր նման կատաղի բախումներ քուրդ զինյալների եւ թուրքական բանակի միջեւ չէին արձանագարվել: Վերջին մեկուկես տարում այդ ընդհարումների զոհերի ընդհանուր թիվը հասել է 800-ի:

Չդադարող բախումների, փոխհրաձգությունների ու պայթեցումների ֆոնին պաշտոնական Անկարայի քաղաքականությունը երեկ խիստ քննադատության ենթարկեց Թուրքիայի ամենաազդեցիկ քուրդ քաղաքական գործիչներից մեկը` Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը:

Թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող, մեկուկես միլիոն բնակչություն ունեցող Դիարբեքիրի քաղաքապետը հայտարարեց, որ միանում է ավելի քան 1800 քուրդ բանտարկյալների` 64 օր շարունակվող հացադուլին:

Հացադուլավորների գլխավոր պահանջը քրդերենին Թուրքիայում պաշտոնական կարգավիճակ տրամադրելն է:

Երեքշաբթի օրը կառավարությունը մասամբ ընդառաջեց այդ պահանջին` մի օրինագիծ ուղարկելով խորհրդարան, որի համաձայն` քրդերը կարող են դատարան դիմել նաեւ մայրենի լեզվով:

Օսման Բայդեմիրը, սակայն, համոզված է` մասնակի զիջումներով քրդական խնդիրը լուծել հնարավոր չէ:

Reuters լրատվական գործակալությանը տված հարցազույցում Դիարբեքիրի քաղաքապետը նշում է. - «Ես իմ ողջ գիտակից կյանքում հեռու եմ մնացել բռնությունից, բռնի ցանկացած մեթոդից` համոզված լինելով, որ միայն օրինական, ժողովրդավարական պայքարը կարող է հանգեցնել փոփոխությունների: Այսօր, սակայն, կառավարությունը փակել է բոլոր տեսակի ժողովրդավարական խողովակները, կարծես քրդերին յուրատեսակ ուղերձ հղելով` բարձրացեք լեռները»:

2009 թվականից ի վեր թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 37 քուրդ քաղաքապետերի` մեղադրելով նրանց «պայքարի ահաբեկչական մեթոդներ քարոզելու մեջ»: Մի քանի տարի է արդեն, ինչ անազատության մեջ են քրդամետ Խաղաղության եւ Ժողովրդավարության կուսակցության վեց պատգամավորները: Ճաղերի ետեւում գտնվող քուրդ քաղաքական գործիչների ընդհանուր թվաքանակը մոտենում է 200-ին, նշում է Reuters-ը` մեջբերելով Օսման Բայդեմիրի խոսքը. - «Այժմ քրդական խնդրի համար իրոք ճակատագրական մի պահ է: Չի բացառվում, որ մեր սերունդը վերջինն է, որ հակված է բանակցություններ վարելուն»։

Բայդեմիրը կոչ է անում Էրդողանի կառավարությանը` իրական ջանքեր գործադրել Թուրքիայի ազգությամբ քուրդ քաղաքացիների խնդիրները լուծելու համար: «Թուրքիայի վարչապետը բավականաչափ ազդեցիկ է` եթե նա ցանկանում է լուծել քրդական խնդիրը, ապա կլուծի», - համոզված է Դիարբեքիրի քաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG