Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի. «Սաակաշվիլին ուղղակի ստում է»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եւ խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում բանակցությունների ավարտին, 9-ը հոկտեմբերի, 2012թ.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եւ խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում բանակցությունների ավարտին, 9-ը հոկտեմբերի, 2012թ.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկուշաբթի օրը արձագանքել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պնդումներին, թե վերջին ձերբակալությունները քաղաքական ճնշումներ են իր թիմակիցների նկատմամբ։ Վրացական «9-րդ ալիք» հեռուստաընկերության ուղիղ եթերում Իվանիշվիլին Բրյուսելից հայտարարել է, թե նախագահն ուղղակի ստում է` փորձելով պատրանքներ ստեղծել արեւմուտքում։

«Նախկին կառավարությունը փորձում է ներկայացնել, իբր հաշիվներ ենք մաքրում իրենց հետ, իրականությունը, սակայն, միանգամայն այլ է։ Բնականաբար վրդովեցնող է, որ դատախազությունը ստիպված եղավ ձերբակալել Զինված ուժերի միացյալ շտաբի պետին, ամոթալի էր ներքին գործերի եւ պաշտպանության [նախկին] նախարարի կալանավորումը, մենք ինքներս գոհ չենք այս իրավիճակից, եւ եվրոպացիները նույնպես մտահոգված են, նրանց արձագանքը հասկանալի է», - հայտարարել է Իվանիշվիլին՝ տարակուսանք հայտնելով, թե որտեղ եւ ինչ նպատակով է շրջագայում Սաակաշվիլին։

Վարչապետը խոստացել է, որ այս ամենը շուտով կավարտվի։

Վրաստանի նախագահը երեկ Պրահայում մասնակցում էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, այսօր էլ մեկնել է Բրյուսել, որտեղ նաեւ Իվանիշվիլին է։

Վրաստանի վարչապետը անպատասխան չի թողել նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենի բավական կոշտ հայտարարությունները վրաստանյան վերջին զարգացումների վերաբերյալ։

«ՆԱՏՕ-ն կարող է աշխատանքային խումբ ստեղծել եւ մեզ հետ մասնակցել քննությանը, թե ինչ է իրականում կատարվել ու հիմա կատարվում վրացական բանակում։ Ես հաճույքով կառաջարկեմ դա պարոն Ռասմուսենին», - Բրյուսելից ուղիղ եթերում ասել է Բիձինա Իվանիշվիլին, ով, ի դեպ, վաղն անձամբ հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։

Վերջին զարգացումների վերաբերյալ այսօր հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի արտգործնախարարը: Մայա Փանջիկիձեի խոսքով՝ կառավարության նախկին պաշտոնյաները վիզա ստանալու համար հերթ են կանգնում տարբեր դեսպանատների մոտ՝ շտապելով օր առաջ ընտանիքներով լքել երկիրը։ Արդեն Վրաստանում չեն պաշտպանության եւ արդարադատության նախկին նախարարները:

«Այդ մարդիկ խոսում են իրենց եւ իրենց ընտանիքների ֆիզիկական անվտանգության մասին ու վիզաներ ստանում», - ասել է արտաքին գերատեսչության ղեկավար Փանջիկիձեն։

Ուժային համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությանն է անդրադարձել նաեւ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն՝ «Ասավալ Դասավալի» թերթին տված հարցազրույցում պնդելով, թե ամեն ինչ ընթանում է օրենքի տառին համապատասխան։

«Ոչ ոք չի՞ պահպանել տեսանյութերը, թե ինչպես էին նրանք ձերբակալում մարդկանց, գիշերով հանում տանից կիսամերկ, ահաբեկում ընտանիքներին, մանկահասակ երեխաներին։ Ցույց տվեք այդ կադրերը Սաակաշվիլիին ու նրա թիմին, հիշեցրենք նրանց դա, հույս ունեմ` կհասկանան, թե ինչ է նշանակում քաղաքական հաշիվների մաքրում», - ասել է Էդուարդ Շեւարդնաձեն՝ համոզմունք հայտնելով, որ նախկին իշխանություններն այժմ գտնվում են ծիծաղելի իրավիճակում։

Հավելենք, որ որեւէ տեղեկատվություն չկա՝ արդյոք Վրաստանի վարչապետն ու նախագահը համատեղ հանդիպում կունենան եվրոպացի պաշտոնյաների հետ. միմյանցից անկախ Սաակաշվիլին ու Իվանիշվիլին Բրյուսելում բանակցություններ են անցկացնում Եվրոպական խորհրդի, հանձնաժողովի եւ խորհրդարանի նախագահների հետ: Քարնեգի հիմնադրամում ակնկալվում է Վրաստանի նախագահի ելույթը, որում, ինչպես Միխեիլ Սաակաշվիլիի մամուլի ծառայությունն է նշում, անդրադարձ կլինի Վրաստանում ժողովրդավարության գործընթացներին, ինչպես նաեւ եվրատլանտյան կառույցներին երկրի ինտեգրման կարեւորությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG