Մատչելիության հղումներ

Կոնգրեսը «քաղաքական պատվեր» է որակում Վերաքննիչ դատարանում դատաքննության անսպասելի ընթացքն ու ավարտը։

Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, երեքշաբթի օրը որոշեց անփոփոխ թողնել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստների ազատազրկման դատավճիռը։

Դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի վերաքննիչ բողոքը, որով ակտիվիստները պահանջել էին բեկանել իրենց 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման դատապարտելու` առաջին ատյանի դատարանի հուլիսի 20-ի վճիռը։

Վերաքննիչի որոշումը հրապարակվեց դահլիճում ներկաների «ամոթ» վանկարկումների ներքո, ինչին հաջորդեցին սուլոցներն ու «ստրուկներ», «հանցագործներ» բացականչությունները:

Ամբաստանյալներից որեւէ մեկը դահլիճում չէր վճռի հրապարակման պահին. նրանք բոյկոտել էին նիստը։ Դատարան չէր եկել նաեւ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը։ Դատավարության կողմերից միայն ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանն էր ներկա։

Փոխարենը, ընդդիմադիր տասնյակ ակտիվիստներ պաստառները պարզած գրավել էին դատարանի դահլիճը։ Վճռի հրապարակումից հետո նրանք ի նշան բողոքի պատռեցին արդարադատության կոչերով պաստառները, պատռված կտորները նետեցին դատավորների ուղղությամբ ու սկսեցին ոտքերով գետնին հարվածելով բացականչել` «Այս դատարանը պաշտպանում է միայն Հայաստանը թալանողներին»: Այնուհետեւ ակտիվիստները դատական կարգադրիչների ուղեկցությամբ լքեցին դահլիճը` բողոքի ակցիան շարունակելով դատարանի շենքի մոտ:

Հիշեցնենք, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Տիգրան Առաքելյանին դատապարտել է 6, Արտակ Կարապետյանին` 3, Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին` 2-ական տարվա ազատազրկման: Ի տարբերություն Առաքելյանի, մյուս երեքն առայժմ ազատության մեջ են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը կկիրառվի մինչեւ հաջորդ ատյանի` Վճռաբեկ դատարանի որոշումը:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը փոխանցեց, որ մեկամսյա ժամկետում Վճռաբեկ անպայման դիմելու են, թեեւ փաստաբանն այդ ատյանից էլ սպասելիքներ չունի:

«Խնդիրը միայն Եվրոպական դատարանում արդարացի լուծում կստանա», - ասաց Ոսկանյանը, ում համար Վերաքննիչի վճիռը անակնկալ չէր։

Ակտիվիստների պաշտպանական կողմը համոզված է, որ դատաքննության ավարտին Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ամբաստանյալների արդար դատաքննության սահմանադրական իրավունքի խախտումներ. մասնավորապես, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ նրանց դահլիճից հեռացնելով` հնարավորություն չի տվել օգտվել դատական վիճաբանություններին մասնակցելու, իրենց դիրքորոշումները ներկայացնելու, պաշտպանական ճառի եւ վերջին խոսքի օրենքով սահմանված իրավունքներից եւ առանց նրանց լսելու անցել է խորհրդակցական սենյակ եւ վճիռ կայացրել: Սա պաշտպանական կողմը լուրջ հիմք է համարում Եվրադատարանում հաջողության հասնելու համար:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը «քաղաքական պատվեր» է որակում դատաքննության անսպասելի ընթացքն ու ավարտը։

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «արդարադատության ծաղր» որակեց կատարվածը` հայտարարելով. - «Սերժ Սարգսյանը այս վերջին շրջանում արդարադատության հետ կապված խորհրդակցություններ էր անում, եւ այլն, եւ այլն... Հենց խորհրդակցության արդյունքը տեսնում ենք, այդ խորհրդակցության արդյունքում ամբաստանյալներին նույնիսկ վերջին խոսքի իրավունքից զրկում են: Գուցե հաջորդ խորհրդակցությունից հետո կզրկեն պաշտպան ունենալու իրավունքից, հետո ընդհանրապես գուցե դատավճիռների կարիք չի լինի, կտանեն` Սերժ Սարգսյանը դատավճիռները կստորագրի, դրանով կավարտեն... »:

Հարցին, թե կարո՞ղ է դատարանի այս դիրքորոշումը կապված լինել վերջին քաղաքական զարգացումների, ոչ կոալիցիոն ուժերի միջեւ բանակցությունների հետ, Փաշինյանը հակադարձեց. - «Ինձ համար քաղաքական վերջին զարգացումներ չկան, իսկ ընթացիկ քաղաքական զարգացումներն ինձ համար մեկնարկել են 2008 թվականի նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ից հետո: Ինձ համար որեւէ նոր բան տեղի չի ունեցել»:

Մինչդեռ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ հենց երեկ դատավարությունը հապճեպ ավարտելն ու դատավճռի արագ հրապարակումը կարող է կապված լինել Կոնգրեսի եւ այլ ուժերի բանակցությունների հետ։

«Այս իշխանությունները վերջին հինգ տարում այնքան շատ են ցույց տվել իրենց մանրախնդիր վրեժխնդրությունը, որ չի բացառվում, որ շատ հեռահար հաշվարկների մեջ չընկնեն, չմտածեն երկրի իմիջի մասին, այլ նման որոշում ընդունեն զուտ որպես պատժիչ ակցիա նրա համար, որ երկրում քաղաքական ուժերը փորձում են համախմբման գործընթաց սկսել ռեժիմի դեմ», - ասաց Զուրաբյանը:

Բողոքի այսօրվա ակցիային այլ քաղաքական ուժերից գործիչներ ներկա չէին:

«Ազատություն» ռադիոկայանը հեռախոսով կապվեց նաեւ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հետ, ով, սակայն, հրաժարվեց որեւէ կերպ արձագանքել Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG