Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 13-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը անդրադարձել է ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաներին. - «Քաղաքական կոնսուլտացիաներին դեմ չենք, թող իրենք իրենց կոնսուլտացիաներն անեն, հետո եթե կգան մեզ մոտ՝ մե՛նք իրենց կոնսուլտացիա կանենք, կասենք՝ ինչը ինչից հետո է, եթե դրա կարիքը կա։ Իսկ այդ կոնսուլտացիաների հետ կապված՝ որեւէ խնդիր չենք տեսնում. դա իրենց մարտավարությունն է, իրենց ռազմավարությունը, եւ իրենք են որոշում իրենց քայլերը։ Բայց նմանատիպ մի գործընթաց էլ խորհրդարանական ընտրություններից առաջ սկսեցին, երբ միասնական շտաբ ստեղծվեց. դրա ճակատագիրն ինչ եղավ՝ բոլորս տեսանք»:

Թեման շարունակում է «Հրապարակ»-ի խմբագիրը. - «Երեկ աչքովս ընկավ` ինչ-որ մեկը մեղադրում էր լրագրողներին չուզողության մեջ: Ասում էր՝ անընդհատ դժգոհում էիք, թե ընդդիմադիր ուժերը չեն համախմբվում, հիմա ինչո՞ւ եք չարախոսում՝ վա՞տ է, որ քաղաքական ուժերը բանակցում են, հանդիպում են: Ոչ, իհարկե վատ չէ: Անգամ լավ է, շատ լավ: Մեր անմիաբան ու անհաշտ հասարակության պարագայում միաբանության ցանկացած փորձ ողջունելի է, իսկ ընդդիմության միանալու փորձերը՝ կրկնակի ողջունելի: Բայց, որքան հիշում եմ, այս բանակցություններ կոչվածի շուրջ քննադատությունները բոլորովին այլ բանին են վերաբերում: Նախ նրան, որ բանակցությունների օրակարգը ոչ մի կերպ չի առնչվում փետրվարյան ընտրություններին: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ սրանք հենց Հանրապետական իշխանության սցենարով կազմակերպված բանակցություններ են՝ ուղղված ժամանակ շահելուն եւ ընդդիմության միանալու հեռանկարն իսպառ խորտակելուն, ինչի մասին գրում են որոշ վերլուծաբաններ: Մեր կասկածներն անհի՞մն են՝ գուցե: Բայց եւ առաջին, եւ երկրորդ տեսակետի հիմնավոր լինելը ցույց կտա ժամանակը: Փետրվարին, ի վերջո, շատ ժամանակ չի մնացել»:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է 2008 թվականին նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների ժամանակ զոհված Սամվել Հարությունյանի հոր` Ռոբերտ Հարությունյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ձեր որդին սպանվեց մարտի 1-ին, երբ մարդիկ պայքարում էին իրենց ազատության, իրենց քվեի համար: Հիմա հինգ տարի անց, հերթական նախագահական ընտրությունների շեմին ի՞նչ եք զգում»: Պատասխան. - « Եթե այս մարդիկ անմեղ զոհվեցին ու վիրավորվեցին, եւ այսօր եթե պիտի գնան ինչ-որ մեկի հետ բանակցությունների, չգիտեմ` գնան ում հետ միանան, ով` որ ուժերի հետ, ուրեմն, անիմաստ մահացան: 60 տարեկան մարդիկ ենք արդեն ու ի՞նչ պիտի անենք, ո՞նց պիտի անենք, մեզանով ո՞վ է հետաքրքրվում, ո՞վ է հետաքրքրվում, թե նրա երեխային պահում են, չեն պահում, այդ երեխան ուր է, ինչպես է: Դա մի քիչ մարդկային չէ, հասկանո՞ւմ եք: Եթե ընտրությունից ընտրություն մեզ պիտի հիշեն, ավելի լավ է` չհիշեն: Իսկ այդ բանակցությունները, որ վարում են` Կոնգրեսը, ԲՀԿ-ն, իրենք մի հատ հարց տվե՞լ են ԲՀԿ առաջնորդին կամ ԲՀԿ-ականներին` եթե մենք, ասենք, միավորվենք, հաղթենք, Մարտի 1-ին զոհվածների հարցը ի՞նչ պիտի լինի, ո՞նց պիտի լինի, էդ մարդիկ պիտի պատասխանատվություն կրե՞ն, ովքեր հանցագործներ են եղել, թե՞ ոչ: Եթե այդ հարցը իրենք դնում են, ես միաձայն կողմ կլինեմ, որ միավորվեն»:

«Ժամանակ»-ի թղթակիցը Ազգային ժողովի սոցիալական հարցի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հակոբ Հակոբյանին հարցնում է. «2008 թվականին ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը խոստացել էր մինչեւ 2013 թվականը նվազագույն աշխատավարձը կրկնակի բարձրացնել: Ի՞նչն է պատճառը, որ խոստումը չի կատարվել»: Պատասխան. - «2008 թվականից կառավարությունը չկարողացավ կատարել ծրագրերը, որոնք նախատեսված էին, որովհետեւ դա պայմանավորված էր տնտեսական ճգնաժամով: Դա ինքնանպատակ գործունեություն չէ, չի կարելի չաշխատած փողը ծախսել: Երբ որ դու ինքնանպատակ ձեւով բարձրացնում ես նվազագույն աշխատավարձը, դա ստացվում է` չաշխատած փող ծախսել, իսկ տնտեսական ճգնաժամը մեզ խիստ խանգարեց, որ մենք կարողանայինք այն տնտեսական ծրագրերը, որ ունեինք, կարողանային իրականացնեիք եւ տնտեսական համապատասխան հիմնավորումներով բարձրացնեինք նվազագույն աշխատավարձը»:

«Չորորդ ինքնիշխանության» մեկնաբանը անդրադարձել է բյուջետային քննարկումներին. - «Ընդդիմության կեցվածքը տարօրինակ է: Սրանք փոխանակ կառավարության անվստահության հարցը բարձրացնեն (որ փող չկա), փորձում են ցույց տալ, որ կա այդ փողը: Այս հարցում ճիշտը իշխանություններն են, որովհետեւ երկրի ունեցվածքը նրանք լափում են, իսկ տակը մնացածով իսկապես հնարավոր չէ նվազագույն աշխատավարձն ավելի բարձրացնել: Եվ երբ ընդդիմությունը փորձում է ապացուցել, որ իրականում այդ փողը կա, փաստորեն իշխանություններին հորդորում է ավելի քիչ լափել: Հենց սա է տարօրինակը, որովհետեւ նման կարգի հորդորդները որպես կանոն բացարձակապես որեւէ ազդեցություն չեն ունենում, անկախ նրանից, թե ինչ վիճակում է երկիրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG