Մատչելիության հղումներ

Խորհրդատվություններ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ-ների միջեւ


Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը» խորագրով քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունների միջեւ։

Պատվիրակությունները գլխավորում էին Հայաստանի արտգործնախարարի խորհրդական, ԱԳՆ-ի մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը եւ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Խորհրդատվություններին հանգամանալից քննարկում է ծավալվել տեղեկատվական բնագավառում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության շուրջ, կողմերը քննարկել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման եւ սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման փորձի վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` միջգերատեսչական խորհրդատվությունների մասնակիցները մտքեր են փոխանակել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների շուրջ:

Մոսկվայում հայ դիվանագետները այցելել են նաեւ «Վեստի 24» հեռուստաընկերություն եւ «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, որտեղ հանդիպումներ են ունեցել լրատվամիջոցների ղեկավարության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG