Մատչելիության հղումներ

ՀԱԿ. «Վերաքննիչը կատարում է հերթական քաղաքական պատվերը»


ՀԱԿ-ի չորս ակտիվիստները դատարանի դահլիճում, արխիվ
ՀԱԿ-ի չորս ակտիվիստները դատարանի դահլիճում, արխիվ
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) «քաղաքական պատվեր» է որակում Վերաքննիչ քրեական դատարանում Կոնգրեսի չորս ակտիվիստների գործով դատաքննության անսպասելի ընթացքն ու ավարտը։

Դատարանը երկուշաբթի օրը առանց խորհրդակցական սենյակ անցնելու տեղում հերթով մերժեց գործում առանցքային նշանակություն ունեցող անձանց, այդ թվում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դատարան հրավիրելու` պաշտպանական կողմի հինգից ավելի միջնորդությունները, հետո առանց քննարկելու իր ինքնաբացարկի միջնորդությունը, առանց լսելու այդ պահին դահլիճից հեռացված ամբաստանյալների վերջին խոսքն ու առանց փաստաբաններին պաշտպանական ճառի ժամանակ տալու, հեռացավ խորհրդակցական սենյակ` գործով վճիռ կայացնելու: Վճիռը կհրապարակվի երեքշաբթի օրը, մի քանի ժամից:

Դատարանի այս քայլը նիստի մասնակիցների համար խիստ անակնկալ էր։

Սակայն Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անսպասելի չհամարեց այն։

«Հայաստանյան արդարադատությունից, ցավոք սրտի, ամեն ինչ սպասելի է. սպասելի էր նաեւ այսպիսի ընթացք։ Երբ դատարանը, Վերաքննիչ դատարանի դատավորների կազմը ուղղակիորեն դուրս եկավ իրավական հարթությունից, քրեական դատավարությունը, քրեադատավարական իրավունքը, քրեադատավարության օրենսգիրքը ուղղակիորեն դրեց մի կողմ եւ, ըստ իս, կատարեց հերթական քաղաքական պատվերը: Կար պատվեր վերաքննիչ բողոքի քննությունը ավարտել երեկ, դատարանը ձեռնամուխ եղավ այդ պատվերը կատարելուն, այդ հանձնարարությունը կատարելուն», - ասաց Խաչատրյանը:

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը երեկ արդեն Վերաքննիչ դատարանին միջնորդել է մերժել Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի վերաքննիչ բողոքը, որով երիտասարդները պահանջել էին բեկանել իրենց 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման դատապարտելու` առաջին ատյանի դատարանի ամիսներ առաջ կայացրած վճիռը:

Ակտիվիստներից Տիգրան Առաքելյանն է միայն անազատության մեջ, մյուսների համար մինչ բողոքարկման գործընթացի ավարտը գործում է չհեռանալու մասին ստորագրություն ընտրված խափանման միջոցը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` եթե Վերաքննիչը մերժի բողոքը, երեք երիտասարդները կշարունակե՞ն մնալ ազատության մեջ մինչեւ Վճռաբեկ դատարանի որոշումը, թե՞ կկալանավորվեն, Արման Խաչատրյանը արձանքեց. - «Վերաքննիչ դատարանի իրավասության շրջանակների մեջ մտնում է նաեւ խափանման միջոցի հարցը լուծելը դատական ակտով, այդ խափանման միջոցը վերանայելը: Այսինքն` բացառված չէ, որ կարող է ընտրվել ավելի խիստ խափանման միջոց »:

ՀԱԿ-ը երկուշաբթի երեկոյան հայտարարություն է տարածել, համաձայն որի` Վերաքննիչ դատարանը նույն օրը կայացած նիստի ընթացքում թույլ է տվել Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք կոպտագույն խախտումներ, որոնք հանգեցրել են արդար դատաքննության սահմանադրական իրավունքի խախտման։ Կոնգրեսը դատապարտում է այս գործելակերպը եւ արձանագրում, որ այս ամենը «ակնհայտորեն ունեն քաղաքական դրդապատճառներ եւ պայմանավորված են ամբաստանյալների` ընդդիմությանը հարելու, ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղված լինելու հանգամանքով»։

Դատավճռի հրապարակումը այսօր կուղեկցվի դատարանի շենքի մոտ բողոքի ակցիայով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG